
Մի քանի փորձից Ազգային ժողովի խորհուրդը կարողացել է ընդունել վաղը կայանալիք արտահերթ նիստին վերաբերող որոշումը։ Երեկ խորհուրդը հավաքվել էր, բայց հետաձգել հարցի քննարկումը։
Այսօր հավաքվել է ու օրակարգը լրացրել ևս մեկ հարցով։ Վաղվա արտահերթ նիստում խորհրդարանը քննարկելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայացվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կամ խորհրդարանի մեկ քառորդի կողմից:
Նախագիծը ԱԺ կայքում տեղադրվել է աշխատանքային օրվա ավարտին։ Առաջարկվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և սահմանել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:
Ազգային ժողովն, ըստ էության, ձեռնարկում է ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու երրորդ քայլը։
ԱԺ–ին արտահերթ նիստ հրավիրելու հիմքեր տված իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանն այս փուլում հրաժարվում է հարցազրույցներից եւ մեկնաբանություններից։ Խոստանում է բոլոր հարցերի պատասխանները տալ անմիջապես խորհրդարանի գլխավոր ամբիոնից։ Հայտնի է, որ նրա նախաձեռնությունը, որը վաղվա արտահերթ նիստի օրակարգում է, առնչվում է սահմանադրական փոփոխություններին և ՍԴ–ին։ Խորհրդարանական երեք խմբակցություններից «Լուսավոր Հայաստան»–ը նախաձեռնությանն արդեն կտրուկ դեմ է արտահայտվել։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կանխատեսում է՝ «եվրոպական փորձաքննություն» չանցած փաստաթուղթը հետագայում նոր խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար։

«Բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում եւ մտահոգություններ ունենք կապված իրավունքի գերակայության սկզբունքները պահպանելու հետ։ Նաեւ նախագիծն իր մեջ առերեւույթ հակասահմանադրական նորմեր է պարունակում։ Ի սկզբանե եղածն ուսումնասիրելով՝ բնականաբար, դեմ ենք դրան։ Կարծում եմ, Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որ եղավ այս նախագիծը նաեւ շրջանառելուց հետո, չեմ բացառում, որ շարունակություն կունենա սրանք ընդունելուց հետո նաեւ»,- նշում է Մարուքյանը։
Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, այս փուլում դրական չի արտահայտվում Հովակիմյանի առաջարկած նախագծի մասին։ Խմբակցության ներկայացուցիչները նշում են, որ հստակ դիրքորոշում կհայտնեն արտահերթի ժամանակ ։ Խորհրդարանի մեծամասնությունը փորձում է ցրել մտահոգությունները։
«Չեմ կարծում, որ ԱԺ պատգամավորը պետք է Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցի։ Եթե Հայաստանի իշխանությունը նպատակահարմար կգտնի, եթե իրավական առումով ճիշտ կհամարի Վենետիկի հանձնաժողովի կամ որեւէ մեկ այլ մարմնից խորհրդակցական կարծիք հարցնել, մենք դա կանենք։ Մնացած բոլոր պարագաներում մենք հաշվետու ենք ՀՀ ժողովրդին»,– նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Վիճահարույց հարցերից բացի երեկվանից առաջացել է եւս մեկ տարակուսանք՝ ինչու ԱԺ–ի խորհրդի նիստը հետաձգվեց եւ ինչ նախագիծ է ներկայացվելու վաղը կայանալիք արտահերթի ժամանակ։
«Ոչ մի փոփոխություն, բացի տեխնիկականից, թեթեւակի շտկումից չի եղել։ Հասկանում եմ հարցի ենթատեքստը։ Եթե ձեզ հետաքրքիր է՝ հետաձգվել է, որ ուրիշ բան բերվի կամ ուրիշ ինչ–որ մասով փոխվի՝ ոչ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը եղել է զուտ տեխնիկական փոփոխությունների մասին»։
Վահագն Հովակիմյանի հեղինակած փաթեթով փոփոխություններ են առաջարկվում «ԱԺ կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում։ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորն առաջարկում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուց կամ ԱԺ-ում ընդունելուց առաջ Սահմանադրական դատարան ներկայացնելը պարտադիր չհամարել, ինչպես նաև հնարավորություն տալ Ազգային ժողովի նախագահին անձամբ հրապարակել խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները՝ առանց նախագահի ստորագրման։
Նախագծի ընդդիմախոսներն առաջարկներում վտանգներ են տեսնում։ Ենթադրում են, որ դրանցով իշխանությունն իրեն ապահովագրում է սահմանադրական փոփոխություններից առաջ ու ՍԴ–ն «շրջանցող ճանապարհներ» է ստեղծում։

Ուշագրավ է, որ աշխատանքային օրվա վերջում այսօր ԱԺ կայքում տեղադրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մշակած «Սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագծի հենց առաջին հոդվածով տրվում է առկա խնդրի լուծումը։ Ձեւակերպումը հետեւյալն է․ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է»: ՍԴ միայն երկու դատավոր՝ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն են ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո: Սա նշանակում է, որ այս փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում կավարտվի ոչ միայն ՍԴ նախագահի Հրայր Թովմասյանի, այլև ՍԴ մյուս դատավորների պաշտոնավարման ժամկետը: Եվ այս նախագիծն է, որ պետք է հավանության արժանանա Բարձր դատարանի կողմից, եթե իհարկե, Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը խորհրդարանում տապալվի։




