
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էկրանավորում են «Հարսանիք թիկունքում» ներկայացումը։ Ներկայացումն էկրան կբարձրանա ապրիլ ամսին և կցուցադրվի բոլոր կինոթատրոններում։
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մեծ բեմն այս ամիս դատարկ է, աննախադեպ ծրագրի են պատրաստվում, էկրանավորելու են «Հարսանիք թիկունքում» ներկայացումը:
«Մի մեծ թիմ է աշխատում, նաև աջակցում է մշակույթի նախարարությունը, և «Միտոյան» production-ը ստեղծում է մի հետաքրքիր… ֆիլմ չէ, ոչ էլ հեռուստաթատրոն: Որպես ռեժիսոր նկարահանելու է Արշալույսը Հարությունյան»,–ասում է Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

«Հարսանիք թիկունքում»–ն էկրան կբարձրանա ապրիլ ամսին և կցուցադրվի Հայաստանի բոլոր կինոթատրոններում: Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս ներկայացումը խաղացել են 67 անգամ, ամեն անգամ նույն հույզերով ու լեփ-լեցուն դահլիճներով․
«33 000–ից ավելի հանդիսատես է դիտել այս ներկայացումը, և ամեն անգամ դերասանները նորից վերապրում են այդ ամենն ու հանդիսատեսին էլ են ստիպում վերապրել: Էստեղ հնարավոր չէ հենց էնպես խաղալ»:

Ոչ պակաս հույզերով Գյումրու դրամատիկականի մեծ և փոքր բեմերում մարտ ամսից դերասանները կներկայացնեն այս տարվա նորություններն ու հոբելյանական ներկայացումները՝ հրավիրված ռեժիսորների բեմադրությամբ և դերասանական երիտասարդացած կազմով․ «Թատրոնի խաղացանկում կլինի նոր ներկայացում «Սեր և խարդավանք», կլինի իսպանացի հեղինակ Անտոնիո Բուերո Վալեյխո՝ «Բոցավառ Խավար», որտեղ ընդգրկված կլինեն երիտասարդները: Փորձում եմ մի նոր աշխատանք սկսել մեր միջին սերնդի հետ, նորից դասական հեղինակ՝ Ջոն Պատրիքի աշխատանքն է «Տարօրինակ Միսիս Սևիչը»:

Թատրոնի փոքր բեմում նաև մոնո ներկայացումներ կլինեն։ Այդ ներկայացումները նաև փառատոնների են ներկայացնելու: Այս տարի հյուրախաղերի շատ չեն մեկնելու․«2019-ը ավելի շատ դրսում էինք հյուրախաղերով, քան թատրոնում: Կես կատակ կես լուրջ ասում ենք, որ 2020-ը լինելու է մեր տան տարին»:
2020-ին տանը շուքով նշելու են 155-րդ թատերաշրջանն ու Վարդան Աճեմյանի 115 ամյակը, բեմ է բարձրանալու Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»–ը, որը ժամանակին բեմադրել է Վարդան Աճեմյանը:




