
Հայաստանն ունի հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մեծ ներուժ։ Հարկավոր է միայն պետական մոտեցում եւ ներդրումներ ռազմաարդյունաբերության մեջ ու նաեւ կադրեր։ Կադրերի նախնական պատրաստման հարցում արդեն զգալի ավանդ ունեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիները։
Մասնագետները համոզված են, որ այն ճիշտ ընթացքի մեջ է՝ նկատի ունենալով դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ներդրումը։ Ծրագրի ղեկավարները, սակայն, կասկածով են սկսել մոտենալ հարցին, որ խնդրի ռազմավարական նշանակությունն ընկալվում է ամբողջապես։
Նման կասկածների առիթ է տվել այն հանգամանքը, որ թեպետ հայտարարվել էր, որ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես պետականորեն կֆինանսավորվի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրումը դպրոցներում՝ ամբողջացնելով դրանց հասանելիությունը բոլոր տարածքներում։
2020 թվականի պետական բյուջեում, ինչպես նախկինում հանրակրթական դպրոցներում գործող «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերը նախատեսված են։ Մեզ հետ հեռախոսազրույցում այսօր ասաց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ փոխանցելով նաեւ, որ նոր լաբորատորիաների ներդրման համար, սակայն, առաջադրանքներն առայժմ քննարկման փուլում են։
2020 թվականի պետական բյուջեում, ինչպես նախկինում հանրակրթական դպրոցներում գործող «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերը նախատեսված են։ Մեզ հետ հեռախոսազրույցում այսօր ասաց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ փոխանցելով նաեւ, որ նոր լաբորատորիաների ներդրման համար, սակայն, առաջադրանքներն առայժմ քննարկման փուլում են։
Հանրակրթական դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ներդրման խնդրին վերջերս կառավարության նիստում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով.

«Մենք ասում ենք հետեւյալը՝ մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը եւ, ինչպես որ կառավարության նիստում հանձնարարել եմ, որ մենք սրանից հետո պետք է խուսափենք մեկ անձից գնումներից եւ պետք է անենք մրցութային կարգով։ Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ձեւակերպենք տեխնիկական առաջադրանք եւ սրանից հետո էդ լաբորատորիաները իրականացնենք մրցութային կարգով»։
Տարիներ շարունակ շատ դպրոցներում գործում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ՝ դառնալով ինժեներական կադրերի պատրաստման դարբնոցներ։ Արդյունքներն էլ ակնհայտ են։ Համենայնդեպս դպրոցներից մեկի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաների աշխատանքները խոսում էին հենց այդ մասին։ Համար 87 դպրոցի սաներից մեկն օրինակ, ռոբոտաշինության ուղղությունն է ընտրել եւ շուտով պատրաստ կլինի իր աշխատանքի առաջին արգասիք ռոբոտը։
«Արմաթ»–ներում երեխաները փոքր տարիքից սովորում են ռոբոտաշինություն, ծրագրավորում, իսկ դրանց նախատեսված է միացնել նաեւ անօդաչու թռչող սարքերի պատրաստումը։ Մասնագիտություն, որն անչափ կարեւոր է Ռազմարդյունաբերության ոլորտն առաջնային ճյուղ հռչակած եւ դրա կարիքն ակնհայտորեն շատ ունեցող մեր երկրի համար։
Վերջերս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ուսումնասիրություններ էր անցկացրել՝ պարզելով, թե կրթական այս մոդելի մեջ կատարված ներդրումները որքանով են արդյունավետ ու ինչքանով են ապահովում կատարված ներդրումների վերադարձելիությունը։
ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի փոխանցմամբ՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել տարբեր դրական արդյունքներ, օրինակ՝ 18-19 տարեկան հասակում «Արմաթ»-ի սաների 40 տոկոսն արդեն իսկ աշխատում է, նրանց մոտ 70 տոկոս տոկոսը հետագայում ուսումը շարունակում է բուհերում՝ հենց ինժեներական մասնագիտություններով։

Ինչ վերաբերում է կատարված ներդրումների վերադարձելիության վերլուծությանը.
«Այդ ծրագրով պետությունը 6 տարվա մեջ ծախսում է 20 մլն դրամ. 6 տարի հետո ստանում է 80 մլրդ դրամ։ Այսինքն՝ դրական բալանսը լինում է 60 մլրդ դրամ»,- նշեց Վարդանյանը։
Այս մասնագիտությամբ ուսումը հետագայում շարունակելու համար «Արմաթը» լավ հիմք է՝ ապագայում բարձրորակ մասնագետներ ունենալու համար։ Հենց այստեղից էլ կարելի է նկատել ապագա ամենահավանական ինժեներներին։ Նրանք այսօր աշխատում են տարբեր գործիքներով, այդ թվում համակարգչով մոդելավորում իրականացնում, այնուհետեւ գաղափարն ստանում եռաչափ տպիչի միջոցով։
Ի դեպ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում տեղադրված եռաչափ տպիչներն էլ Հայաստանում են արտադրվում՝ հայ ինժեներական մտքի արգասիքով։ «Արմաթ»-ի ղեկավարների խոսքով, ծրագրի հիմքում նպատակը շատ հստակ է դրված՝ նույնիսկ հեռավոր սահմանամերձ գյուղում ապրող երեխան էլ պիտի վաղ տարիքից հենց հասկանա, որ հնարավոր է լավ ինժեներական կրթություն ստանալ՝ այս ոլորտում արժեքներ ստեղծելով եւ, ինչո՛ւ ոչ, գումարներ աշխատել չկտրվելով հայրենի հողից՝ նույն սահմանամերձ ծննդավայրից։
Այս պահին 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է գործում Հայաստանի հանրակրթական դպրոցներում։ Դրանցից 291-ը հիմնվել է ԱՏՁՄ-ի միջոցներով, իսկ 284-ը անցած տարի կառավարության ֆինանսավորմամբ։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հիշեցնում է, որ կար խոստում գործընթացը շարունակելու նաեւ 2020 թվականին։
Կառավարության նիստում դեռ հունիսի սկզբներին նախարարը հայտարարել էր 650 նոր լաբորատորիա հիմնելու մասին, բայց այս տարվա համար այդ նպատակով գումար չի հատկացվել։ Կարեն Վարդանյանը տարեսկզբին բարձրաձայնեց խնդիրը՝ ստանալով, իր ձեւակերպմամբ, նախարարության նյարդային արձագանքը, ինչից ենթադրել է, որ «Արմաթ»-ի նկատմամբ կա սաբոտաժ։

«Տեսանք, որ նախարարության ներսում սաբոտաժ կա «Արմաթի» նկատմամբ։ Կասկածները սկսեցին անցած տարի, երբ, հիշում եք, երեք տարի արմատի խմբակավարները աշխատավարձ չէին ստացել։ Խնդիրը լուծվեց միայն, երբ որ ես նամակով դիմեցի վարչապետին»,– նշեց Կարեն Վարդանյանը։
Նախարարությունում, սակայն, կարծում են, որ «Արմաթի» հարցով կա որոշակի թյուրըմբռնում։ Որեւէ թվականի բյուջեում «Արմաթ» լաբորատորիաների բացման համար գումար նախատեսված չի եղել, բյուջեով գումար նախատեսվել է միայն խմբակավարների համար։ 2019 թվականին էլ պարզապես կառավարության որոշմամբ է 834 մլն դրամ տրամադրվել նոր լաբորատորիաների բացման համար։
Նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել էր, որ տարվա ընթացքում լինում են խնայողություններ՝ չբացառելով նախարարության կողմից դրանց ուղղումը նոր լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորմանը։
«Միանշանակ, դա նաեւ նախարարության գերակայություններից է եւ, հենց հնարավորությունները եղան, մենք հետեւողականորեն կիրականացնենք այդ ծրագիրը, քանի որ այն լավ ծրագիր է եւ ուզում ենք, որ բոլոր դպրոցներում լինի»։
Բացի այդ, նախարարությունը շարունակում է ֆինանսավորել գործող խմբակավարների աշխատավարձերը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մինչդեռ, նկատում է, որ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի եւ եթե այն առաջնահերթություն է դիտարկվում, ապա խմբակավարների աշխատավարձերով ծրագիրը չի կարող սահմանափակվել, քանի որ «Արմաթ»-ը մեծ ծրագիր է՝ ներառելով սարքավորումներից մինչեւ խմբակավարների ընտրություն ու վերապատրաստում։
Այդ միջոցառումների ծախսերը հոգում է միությունը, իսկ գոնե լաբորատորիաների տեղադրմանն աջակցելով պետությունը շատ զգալիորեն նվազեցնում է նրա ֆինանսական բեռը։




