
Հայաստանում մեկնարկելու է 10 մլն ծառ տնկելու նախագիծ։ Այս շաբաթ կսկսվեն նախաձեռնության բրենդավորման աշխատանքները, կգործարկվի համապատասխան կայքը, հոկտեմբերին կմեկնարկի ծառատունկը։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում այն կտևի երկու ամիս։ Այժմ ընթանում է տարածքների քարտեզագրում։
Հայաստանում այս տարի նախատեսվում է անտառվերականգնման աշխատանքներ այնքան ծավալով, որքան կատարվել է նախորդ տարի։ 2020- ին բյուջեով անտառվերականգնման աշխատանքների համար հատկացվելու է 424 մլն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է 150 հեկտարի վրա անտառ հիմնել, 200 հեկտարում կոճղաշիվերի եւ 2019 թվականին հիմնած 150 հեկտար տնկարքների խնամքը կազմակերպել, կատարել անտառվերականգնման այլ աշխատանքներ. «Բոլոր անտառտնտեսություններում աշխատանքներ լինելու են» ։
Հոկտեմբերի 10- ին կմեկնարկի Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախագիծը։ Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանի խոսքով`քարտեզագրվել են այն տարածքները, որտեղ պետք է տնկումներ իրականացվեն։ Արդեն մոտ 2000 հեկտար տարածք ուսումնասիրվել է։ Առաջիկայում կսկսվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը։ Նախարարությունը Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Բելառուսի գործընկերների հետ քննարկում է տնկանյութի ձեռքբերման հարցը։
«Բելառուսից մենք պատասխան ենք ստացել, որ կարող են տրամադրել մինչև 10 մլն սոճի և 1 մլն կեչի, Վրաստանից դեռ տեսակային կազմը հայտնի չէ, Ղազախստանից ստացել ենք մեծ ցանկ։ Առաջարկները ներառում են թե՛ վճարովի, թե՛ անվճար տնկիներ, Բելառուսի հետ գին չենք քննարկել, Ղազախստանի դեպքում 1 տնկիի արժեքը սկսում է մոտ 30 ցենթից»։
Մասնագետները կհստակեցնեն, թե յուրաքանչյուր տարածքում ինչ տիպի ծառ, ինչ համամասնությամբ է տնկվելու՝ կապված տեղի կլիմայից, հողային պայմաններից: Ծառատնկումները, Վարդան Մելիքյանի խոսքով, լինելու են հիմնականում նոր տարածքներում, որոնք անտառային հողեր են։
«Այս տարածքներում կլինեն տնկման աշխատանքներ։ Մենք փորձում ենք խուսափել տնկումներից հատված տարածքներում, որովհետև այդտեղ պատշաճ պահպանություն իրականացնելու դեպքում անտառն ինքն իրեն կվերականգնվի։ Եվ այդտեղ պետք չէ բերել նոր տեսակներ, որովհետև եթե նախկինում այդտեղ եւս եղել է հաճար կամ կաղնի, մնացած փոքրաթիվ ծառերն ի վիճակի կլինեն բավարար թվով սերմեր արտադրել, որպեսզի վերականգնվի անտառը»։

Վանաձորի անտառտնտեսությունում նախատեսվում են 20 հեկտար անտառտնկման աշխատանքներ։ Այժմ քարտեզագրում են անտառային նշանակության հողերը։ Թե ինչ ծառեր կտնկեն, դեռևս չգիտեն, սակայն գիտենք որ տարածքում են անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելու, ասում է Վանաձորի անտառտնտեսության պետ Ռաշիդ Կոստանդյանը։
«Մեր տնտեսության մեջ հիմնականում նախատեսված է Սպիտակի անտառպետությունում ու քանի որ մենք ունենք նաև տնկարան, հիմնականում կատարվի տնկման եղանակով»։
Շրջական միջավայրի փոխնախարարը հերքում է սոցցանցերում տարածված այն տեղեկությունը, որ անտառները տնկվելու են սևահողերի վրա։ Պետական անտառային հողերում տնկվելու են հիմնականում սոճիներ։ Այս նախագծի իրականացման համար բյուջեից գումարներ չեն ծախսվելու։ Լինելու է մասնավորի ներգրավմամբ ծրագիր։ Ծրագրի իրականացման համար ընտրել է 3300 հեկտար պետական անտառային տարածք։
«Ի սկզբանե ծրագիրը միայն պետական չէր։ Ծրագրի մասին հայտարարվել է «Ֆասթ» հիմնադրամի հետ համատեղ։ Մենք միասին ենք սա իրակնացնելու, այնպես որ մտավախություններ, որ վերջում կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու, չունենք։ Ֆորս մաժորը կարող է լինել, օրինակ եղանակով պայմանավորված»։
Ծառատունկին մասնակցելու են Հայանտառի և համապատասխան ՊՈԱԿ–ների աշխատակիցներ։ Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ կքննարկեն այս ծրագրին պետական հաստատությունների աշխատակիցների մասնակցությունը։ Դրանք հիմնականում կլինեն բուժհաստատությունների, զինված ուժերի, դպրոցների աշխատակիցներ ու կամավորներ։
Փոխնախարարը խոստովանում է, 100 տոկոսանոց կպչողականություն չի լինելու։ 10 մլն–ից որոշ մասը ծառ չի դառնա։ Հայաստանում հաջող փորձ է լինում, երբ 60-70 տոկոս կպչողականություն է ապահովում։ Նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ նաև Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ քննարկում են Հայաստանում տնկման համար օգտագործվող դրոններ արտադրել։




