Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության մասին կխոսի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան` Ջոն Մարշալ Էվանսը: Տեղեկանում ենք Ֆրեզնոյում հրապարակվող պարբերականից։ Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը մինչ օրս խուսափում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված իրադարձությունները ցեղասպանություն անվանել, մինչդեռ 2004-ից 2006 թվականը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Էվանսն արտասանել է ցեղասպանություն բառը և շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը:
«Ցեղասպանություն բառը «անհարկի» եզր էր համարվում և 1915 թվականի պատմության քննարկումն արգելված էր: Երբ ես խախտեցի այդ տաբուն և խոսեցի Հայոց Ցեղասպանության մասին 2005 թվականի փետրվարին Կալիֆորնիայում… ես վերադարձա Հայաստան որպես դեսպան, սակայն ինձանից պահանջեցին հայտարարություն տարածել՝ նշելով, որ այն, ինչ ես ասել եմ անհարկի էր: Բայց հարկավոր էր ջարդել այդ տաբուն, անգամ աշխատանքից հեռանալու գնով»,- նշել է Ջոն Էվանսը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը վերջինիս հետ է կանչել մինչև նրա եռամյա պաշտոնավարման ավարտը, իսկ արդեն 2006 թվականի վերջին նա հեռացել է համակարգից: Դրանից հետո Էվանսն իր հրապարակային ելույթներում շարունակել է խոսել Ցեղասպանության մասին: «Ես համոզված եմ՝ այն փաստը, որ աշխարհը չի կարողանում առերեսել պատմության ծանր էջերը, կործանարար հետևանքների է բերում»,- ասել է ամերիկացի դիվանագետը: