Ինչպիսին պետք է լինի Երեւանի բյուջեն. բանավիճում են ավագանու թեկնածուները


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Մեդիա կենտրոնում» կայացավ մայրաքաղաքի բյուջեի շուրջ քննարկում, որին հրավիրված էին ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ՝ Երևանի տարեկան բյուջեն այսօր կազմում է շուրջ 80 մլրդ դրամ, հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ով Երևանի ավագանու գալիք ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակում հանդես է գալիս 19 համարի ներքո։
Ըստ փոխքաղաքապետի՝ բյուջեի եկամտային մասի ավելացում հնարավոր է միայն օրենսդրական նոր փոփոխությունների միջոցով: Նա հավաստիացրեց, որ վերահսկողության մասով ֆինանսական հոսքերը թափանցիկ են:
«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի 7-րդ հորզոնականը զբաղեցնող Ջուլիետա Թադևսյանը իր հերթին նշեց, որ մայրաքաղաքի բազում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար այնուամենայնիվ կարիք գա ավելացնել սեփական եկամուտների ծավալը: Նա նշեց, որ եկամուտի աղբյուր կարող է դառնալ և տրանսպորտը:
Այս առումով որոշակի զուգահեռներ կան «Առաքելություն» կուսակցության նախընտրական ծրագրի հետ։ Տրանսպորտային սպասարկումը պետք է իրականացվի բացառապես քաղաքապետարանի կողմից, նշեց այս քաղաքական ուժի նախընտրական ցուցակի առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը:
Ըստ նրա՝ այս մասով ստացված եկամուտները կարող են ուղղվել տրանսպորտային պարկի թարմացմանը և մետրոպոլիտենային ցանցի ընդլայնմանը։ Այնուամենայնիվ՝ առանց պետական բյուջեի հատկացումների մայրաքաղաքի բյուջեն չի գոյատևի, փաստում է անհատ ձեռնարկատեր Պողոս Փլավչյանը, ով 10-րդն է ԲՀԿ-ի ցուղակում:
Ըստ ԲՀԿ ներկայացուցչի՝ կարևոր է և մասնավոր սեկտորի մասնակցությունը մայրաքաղաքի զարգացման հարցում:
Երևանի ավագանու նախորդ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց ծրագիրը նախատեսում է ներկայիս բյուջեի ծավալների հնգապատում` մոտակա 4 տարիների ընթացքում:
Ըստ նրա՝ սեփական եկամուտների մասնաբաժինը բյուջեում հնարավոր է ավելացնել ներկայիս 40 տոկոսից մինչև 75 տոկոս։
Իսկ ահա «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Շրջադարձ» կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանը գտնում է, որ բյուջեի վերահսկողության առումով կարևոր է ծրագրային բյուջետավորման կիրառումը:
Ինչքանով այս առաջակները կյանքի կկոչվեն, պարզ կլինի մայիսի 5-ից հետո, երբ կկայանան Երևանի ավագանու ընտրությունները։