
2020–ին ԵԱՏՄ նոր կարգավորումների պատճառով Հայաստանում կանխատեսվում է որոշ ապրանքատեսակների 5–ից 7 տոկոս թանկացում։ Արտոնյալ ժամանակահատվածի ավարտը, սակայն, նաև դրական փոփոխություններ է խոստանում․ ենթադրվում է, որ կավելանա ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից Հայաստանին մասհանվող բաժինը։
Այս հարցերի մասին այսօր խոսել են խորհրդարանում։ Հրավիրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը:
ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը Երեւանում այսօր պարզաբանեց, թե ինչու ռուսական կողմը չի կարողանում հրաժարվել Ադրբեջանին զենք մատակարարելու մտքից։
«Ցանկացած հակամարտության մեջ իրականում իրավիճակը ապակայունացնում է դիսբալանսը։ Երբ կողմերից մեկի մոտ առաջանում է կամ իրական հնարավորություն, կամ պատրանք, որ կարող է հաղթել ռազմական գործողություններում։ Մենք տարբեր պայմաններում ենք համագործակցում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Հայաստանը Ռուսաստանի գործընկեր եւ դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակներում։ Ադրբեջանի հետ այդպիսի հարաբերություններ չկան։ Զենքի մատակարարումների տարբեր պայմաններ են գործում։ Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման չեղարկումը կարող է բերել երկու վտանգավոր եւ ոչ ցանկալի հետեւանքների։ Հեռանկարներից մեկով Ադրբեջանը կարող է նոր մատակարար գտնել։ Այդ դեպքում տարբեր մատակարարները կսկսեն մրցակցել։ Մենք գիտենք, թե ինչպես են իրենց պահում այլ ռազմական դաշինք ներկայացնող զինվորականները, նրանք միշտ ցանկանում են ցույց տալ, թե ով է ավելի ուժեղ։ Սա իրավիճակը պայթյունավտանգ կդարձնի։ Երկրորդ տարբերակով կխախտվի ռազմական բալանսը, ինչը ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքն է»,- ասաց Կոսաչովը։

Ռուս խորհրդարանականները Երեւանում էին ԱԺ–ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստ անցկացնելու համար։ Թեեւ օրակարգը նվիրված չէր միայն ղարաբաղյան համակարտության կարգավորմանը, բայց ռուսական կողմը կարեւորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ հակամարտության կարգավորումը պիտի հաշվի առնի թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե Լեռնային Ղարաբաղի հետաքրքրություններն ու դիրքորոշումները։ Կոսաչովը ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռեւս նմանաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել:
Կոսաչովը այսօր հիշեց երկու կոմիտեների առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել 3 տարի առաջ։
Այն ժամանակ քննարկումների հիմնական թեման ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունն էր։ Այսօր արդեն քննարկում են, թե ինչ լրացուցիչ քայլեր կարելի է ձեռնարկել համագործակցությունն ընդլայնելու համար։ 3 տարի առաջ այս հանդիպումները սկսվել էին պատգամավորների, քաղաքական ուժերի այլ կազմով։ Թավշյա հեղափոխությունից հետո ռուսական կողմը փոփոխությունների ցանկություն չհայտնեց եւ պահպանեց գործող ձեւաչափն ու հանդիպումների պարբերականությունը։ Այս կերպ դրսևորովում է ռուսական կողմի՝ բանակցելու ցանկությունը՝ ասաց Կոսաչովը։
2020-ին ավարտվելու է ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի մասով Հայաստանին տրամադրված արտոնությունների շրջանը։ Սա նշանակում է շուրջ 700 ապրանքատեսակի գնի փոփոխություն։ ԱԺ–ի Տարածաշրջանային եւ եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հնարավոր է համարում 5–ից 7 տոկոս թանկացման հեռանկարը։ Խուճապի մատնվել, սակայն, պետք չէ՝ պնդում է պատգամավորը՝ փորձելով բացատրել, թե ինչու է Հայաստանը արտոնություններ ստացել եւ այս ընթացքում ինչ կորուստներ է ունեցել այդ արտոնությունների պատճառով։
«Տվեք մեզ արտոնյալ ժամկետ, որ կոնկրետ ապրանքատեսակների մասով տեղական արտադրություն կազմակերպենք։ Գաղափարը սա է եղել։ Բայց մենք 2015թ․ հունվարի 2–ից նաև տուժել ենք ։ Մաքսատուրքերը գնում էին ընդհանուր կաթսա, եւ յուրաքանչյուր անդամ պետություն ուներ որոշակի տոկոս այդ մաքսատուքրից։ Օրինակ՝ մերը եղել է 1.11%, Բելառուսինը՝ շուրջ 8%, Ռուսաստանինը՝ 82%։ 2014թ․ դրությամբ, եթե չեմ սխալվում, եղել է 105 միլիոն դոլար կամ 43 միլիարդ դրամ, բայց այդ արտոնությունների պատճառով մեզ ավելի քիչ են տվել։ Հիմա, երբ արտոնությունների ժամկետը ավարտվում է, մեր տոկոսը 1.11–ից բարձրացել է 1.22–ի ։ Այդ 0.1%–ը շատ մեծ թիվ է։ Այն գալու է պետական բյուջե, այդ գումարով կարողանալու ենք սոցիալական հասցեական քաղաքականություն վարել»։

Այս պահին ԵԱՏՄ– ում ունենք 71 արգելք, որից 51–ը կապված է ՌԴ հետ։ Մի շարք հարցեր լուծված են, մյուսները՝ լուծման փուլում։ Դեռեւս վերջնական լուծում չի ստացել վարորդական իրավունքների խնդիրը, ժամկետներից հետ է ընկել էներգետիկ միասնական շուկայի հարցը, որը պետք է կայացած լիներ մինչեւ 2023 թվականը։ Նախնական գնահատականներով՝ 2025–ին էլ դեռ վաղ է խոսել այդ միասնական շուկայի ձեւավորման մասին։ Լուծված հարցերից խոսում է Միքայել Մելքումյանը։
«Կենսաթոշակային խնդիրները կարծես թե լուծում ստացել են, այսինքն՝ քաղաքացին գտնվում է Հայաստանում թե Ղազախստանում, իր կենսաթոշակը ստանալու է՝ անկախ գտնվելու վայրից։ Իսկ վերջին նորություններից մեկն այն կլինի, որ մարտ–ապրիլի դրությամբ, իմ ունեցած տեղակատվությամբ, ռոումինգը չեղյալ կհայտարարվի, այսինքն՝ ԵԱՏՄ սահմաններում բջջային հեռախոսակապը կլինի ազատ»։
2020–ին ավարտվում է Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ–ում։ Հայկական կողմը 2019–ը հաջողված է համարում, քանի որ տարբեր համաձայնագրերով ԵԱՏՄ–ին միացան Իրանը, Սինգապուրը, Սերբիան, Չինաստանը։ Եվրասիականի հետ ազատ առեւտրի ռեժիմում հայտնվելու հայտ են արդեն ներկայացրել Եգիպտոսը, Իսրայելը, Հդնկաստանը եւ Չիլին։




