
ՀՀ ֆինանսների նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է տնտեսագետ Գոռ Ծառուկյանի գրառումը, որում հրապարակված են պետական բյուջեի աճն արձանագրող մի շարք ցուցանիշներ:
«Պետական բյուջեի եկամուտները մեկուկես տարվա ընթացքում ավելացել են 32%-ով: Ցուցանիշը ֆանտաստիկայի ժանրից չի, ու ոչ էլ նկարված կամ հորինված թիվ է, սա մոտ 290 մլրդ դրամ է, որը հենց հիմա գտնվում է գանձապետարանի հաշիվներին կամ արդեն վերածվել է ասֆալտապատ ճանապարհի, բարձրացված աշխատավարձի կամ այլ հանրային բարիքի, որը բոլորիս համար տեսանելի ու շոշափելի է։
Միայն այն փաստը, որ այս տարի հիմնանորոգվել է այնքան կիլոմետր պետական նշանակության ճանապարհ, որքան 2012, 13, 14, 15, 16, 17 թվականներին միասին վերցված, վկայում է պետական միջոցների ծախսի բարձր արդյունավետության մասին։
2019-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2018-ի համեմատ ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 32%-ով՝ կազմելով մոտ 1.2 տրլն դրամ: Ու սա այն դեպքում, երբ տնտեսական աճն այս տարիներին չի անցել 7.5%-ից:
Հետևությունները երկուսն են՝ ստվերը կրճատվում է, իսկ բյուջեից անօրինական արտահոսքերը փակվել են:
Համեմատության համար՝ հարևան Վրաստանում այս տարվա ինն ամիսներին բյուջեի եկամուտները 2018-ի համեմատ ավելացել են ընդամենը 9%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 18%-ով:
Եթե չյուրացնելու ու չվատնելու դեպքում մեկ-մեկուկես տարում հնարավոր էր բյուջեն ավելացնել մեկ երրորդով, շատ ցավոտ է պատկերացնելը, թե ինչ ենք կորցրել նախորդող տասնամյակներում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետը:




