
Մետաղական ջարդոններ ընդունող ընկերությունը վերջին երկու օրերին բավականին զանգեր է ստանում՝ հանրապետության տարբեր հատվածներում մեքենաների թափոնների առկայության մասին։
Սակայն քաղաքացիները չեն ցանկանում իրենք տանել թափքը։ Ի՞նչն է խնդիրը և որքանո՞վ է ժամանակին «լավ բիզնես» համարվող մետաղի հավաքումն ու հանձնումն այժմ արդարացնում իրեն։
Մետաղական ջարդոններ ընդունող ընկերության տարածքում հատկապես վերջին երկու օրերին աշխատանքներն էլ ավելի ակտիվ են ընթանում։ Մամլիչ տեխնիկան մեքենաների թափքերն է սեղմում՝ վերածելով բրիկետների, աշխատակիցներն էլ արագ դասավորում են, որպեսզի հետո ուղարկեն Չարենցավանի ձուլարան։
«Մետքսիմ» ՍՊԸ Էրեբունու տեղամասի պետ Կամո Հարությունյանի խոսքով՝ դա նաև կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մաքրենք Հայաստանը աղբից» գրառման հետ․

«Ակտիվություն կա, զանգերը շատացել են, կան նաև էվակուատորների վրա են բերում, մեզ են զանգում, մենք ենք գնում բերում։ Առյուծի բաժինը ընկնում է դրսի մամլիչի վրա, որն օրական մոտ 70 մեքենա է սեղմում։ Կարող եմ ասել, որ երեկ մոտ 20 տոննա մեքենա եմ ընդունել։ Եթե վերածեմ քանակի` մոտ 70-80 հատ թափք կստացվի։ Իսկ դրան նախորդող օրերին մոտ 50-60 հատ»,–ասում է Կամո Հարությունյանը։
Ակտիվություն կա, նույնիսկ Հարությունյանի խոսքով երեկոյան հեռախոսն անջատում է՝ զանգերի շատ լինելու պատճառով։ Միևնույն ժամանակ դժգոհում է, մարդիկ հիմնականում ցանկանում են, որ ընկերությունը գնա հավաքի մետաղական թափքերը, այլ ոչ թե իրենք բերեն։ Պատճառը` ձեռնտու չէ․
«Ծախսերն անհամեմատ մեծ են՝ կախված տարածքից։ Օրինակ ՝ մի հատ թափք էվակուատորը որ դնի բերի, կարծեմ 5000 դրամ է, իսկ մի թափքից ստացած հասույթը մոտ 3000 դրամ է կազմում»։
Մեքենաների չկտրտված կտորները տեղում ընդունում են 1 տոննան 10-12 հազար դրամով։ Մեկ տոննան չոր հաշվարկով շուրջ 4 ավտոմեքենայի թափք է իրենից ներկայացնում, որոնք տեղափոխելու համար ավելի մեծ ծախսեր են պահանջվում, քան ստացած եկամուտը։ Թերևս սա է պատճառը, որ քաղաքացիների մոտ մեքենայի թափք հանձնելու ցանկությունը մեծ չէ։

Վարդան Խաչատրյանը, հակառակ երիտասարդ տարիքին, արդեն 22 տարի է մետաղների հավաքման և հանձման գործով է զբաղվում։ Սեփական մեքենայով ամեն օր հանրապետության տարբեր մարզերից, նաև Երևանից հավաքում է մետաղներ, սակայն մեքենայի թափք չի ընդունում, ասում է էժան են ընդունում․
«Էս գործի մեջ ուղիղ 22 տարի եմ, բայց էն լավ վախտերն անցել են, ստիպված անում ենք, թե չէ ձեռնտու չի։ Մեքենայի թափք չենք վերցնում, էժան է, դրա համար։ Ասենք սա մի տոննա ենք բարձում, նա 300 կիլո, այսինքն` բենզինի փողն էլ չի հանում»։
Ընկերությունն էլ սեփական միջոցներով և տեխնիկայով չի կարող հանրապետության տարբեր հատվածներում առկա մեքենանաների թափքերը գնալ հավաքել և բերել։ Հարությունյանն ասում է, որ եթե մի տեղ մի քանի թափք է լինում, գնում հասնում են մարզ , ծախս են անում և հանկարծ պարզվում է, որ անտեր մետաղական թափքերը տեր ունեն։ Նրա խոսքով՝ այստեղ ՏԻՄ–երն անելիք ունեն։ Եթե ցանկանում ենք մաքրել քաղաքը, ապա պետք է համակարգված աշխատանք։ Բացի դրանից` մարդիկ էլ թափքը եթե հնարավորինս փոքր կտորների վերածեն, ապա արդյունքն ավելի մեծ կլինի․

«Ազգաբնակչությունը կարող է տեղում իրենց բակը մաքրելուց դնի, կտրտի։ Ծավալը փոքրացնեն` արդեն ուզողներ շատ կլինեն»։
Ի դեպ, մետաղական բրիկետների վերջին հանգրվանը Չարենցավանի ձուլարանն է։ Այստեղ վերամշակումից հետո դրանք դառնում են ամրաններ, որոնք օգտագործվում են շինարարության մեջ, եւ մետաղական գնդեր, որոնք էլ լայնորեն օգտագործվում են հանքարդյունաբերության մեջ։




