ԿարևորՀասարակություն

«Մարտի 1»-ի զոհի հայրը դիմեց Ռոբերտ Քոչարյանին. լարված դատական նիստ

Այսօր գրեթե միաժամանակ երկու տարբեր դատարաններում  Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործեր են քննվել։  Վերաքննիչ քրեական դատարանում  վիճարկվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նոյեմբերի 7-ին կայացրած վճիռը, որով մերժվել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությունը:

Միաժամանակ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Այն ուղեկցվել է վիճաբանությամբ, աղմուկով, նախազգուշացումներով եւ սանկցիաներով:

Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը,  այսօր դատարանում նախընտրեց ուղիղ դիմել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին: Նրա խոսքից հետո Քլոյանին միացան նաեւ մյուս տուժողները.  

 «Ես ոչ քաղաքական հայտարարություն եմ անելու, ոչ էլ՝ իրավական։ Ուղղակի դիմելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի իր որդուն՝ Լեւոն Քոչարյանին զգուշացնի՝ դատարանից դուրս գալիս եւ ներս գալիս աջակիցները վերջին խոսքերով մեզ անպատվում են: Ես ուղղակի խնդրում եմ, որ ինքը Լեւոնին զգուշացնի, որ այդպիսի բաներ չանի»:  

«3 ամիս է,  ես դատարանում եմ, բայց այնպիսի մթնոլորտ է, որ նվաստացած եմ զգում զգում ինձ՝ որպես տուժող: Հասկացանք՝ փաստաբաններ են, իրավագետներ են, նույն բանը 10 անգամ ռեզինի նման ձգել, ինչքա՞ն կարելի է: Ախր, մարդ ենք մենք էլ»:

Դատարանում բացարկի հերթական միջնորդությունը քննվեց՝ կրկին պաշտպանների ներկայացրած: Նրանք դեմ են, որ գործի շրջանակներում ներգրավված ւ մեղադրող երկու դատախազին միանա եւս մեկը՝ Կարեն Բիշարյանը: Քոչարյանի պաշտպանները հիշեցնում են՝ 2018-ի փետրվարի 23-ին, մինչեւ հեղափոխությունը խորհրդարանում «Մարտի 1»-ի դեպքերին վերաբերող  լսումներ հրավիրվեցին:

Այնտեղ Բիշարյանը,  պատասխանելով հարցերին ,նշել էր, որ Քոչարյանին նույնիսկ որպես վկա հրավիրելու հիմքեր չկան: Պաշտպանների համար անհասկանալի է, թե ինչու է Բիշարյանն այժմ ցանկանում մեղադրող դատախազի դիրքերից հանդես գալ: Այն, ինչ ակնարկում էին փաստաբանները, բարձրաձայնեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դա վիճաբանության պատճառ դարձավ փաստաբանի եւ մեղադրող դատախազների միջեւ: Դատական նիստը ընդմիջվեց:

«Քաղաքական պատվեր»-ի թեման այսօր դատական նիստում  եւս մի քանի անգամ վիճաբանությունների առիթ դարձավ: Ինքը՝ Կարեն Բիշարյանը,  հիմնավորեց, թե ինչու է տարբեր ժամանակահատվածում տարբեր դիրքերից հանդես եկել. «Սկսենք նրանից, որ ԱԺ լսումներն ունեին հստակ օրակարգ՝ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքների քննության արդյունքները քննարկելու: Այսինքն՝ օրակարգի հարցը դա է եղել։ Այդ գործի քննությունը հիմա էլ է ընթացքի մեջ: Ներկայումս դատարանում քննվող քրեական գործը անձանց մահվան հանգամանքների քննության գործը չէ»:

Դատախազը նաեւ հավելեց, որ 2018-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտնի 0038 հրամանը առկա չի եղել քրեական գործում: Կարեն Բիշարյանին որպես  մեղադրող դատախազ գործում ներգրավելուն դեմ չեն տուժող կողմի ներկայացուցիչներն ու նրանց փաստաբանները:

«Եթե քաղաքական կամք չի եղել թույլ տալու, որ իրավական համակարգն աշխատի օրենքով սահմանված կարգով, սա դեռ չի նշանակում, որ վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը փոխել է իր կարծիքը: Բոլորս էլ գիտենք, որ քրեական գործով առկա են բազմաթիվ ցուցմունքներ այն մասին, որ դատախազության առաջին դեմքերը՝ հանձինս Աղվան Հովսեփյանի եւ Գեւորգ Կոստանյանի, իրականացրել են քննություն, որը հեռու է եղել դատախազական հսկողությունից եւ ունեցել է այլ նպատակ»,– ասաց Սեդա Սաֆարյանը։

ՀՔԾ–ն արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել․ նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

 «Որպես մեղադրյալ ներգրավվում է անձը այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների համակցությունը՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար»,– ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

ՀՔԾ պետը խորհուրդ է տալիս սպասել 48 ժամ, եթե Գեւորգ Կոստանյանը չներկայանա, խոստանում է ավելի շատ ինֆորմացիա տրամադրել: Համենայնդեպս այսօր Սասուն Խաչատրյանը հաստատեց, որ Գեւորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը նման է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

Խոսքը հիմնականում իրական հանգամանքները թաքցնելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածը,  խմբային շահերից ելնելով,  իրավաչափ քողի ներքո ներկայացնելու և  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին է:

Կարդացեք նաև

Back to top button