
ԿԳՄՍ նախարարության և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում հանրապետությունում 8 քոլեջ կնորոգվի և կվերակառուցվի, որոնցից 2-ը գտնվում է Սյունիքում։ Սյունիքի տարածաշրջանային քոլեջի նորոգման համար տրամադրվում է մոտ 350 մլն, իսկ Գորիսի գյուղատնտեսական պետական քոլեջին` 800 մլն-ից ավելի դրամ։
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը մեկն է հանրապետության այն ութ քոլեջներից, որը ԿԳՄՍ նախարարության և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում կնորոգվի։ Դեռևս 2010 թվականին Եվրամիության ծրագրով սկսված նորոգման ու վերազինման աշխատանքները կիսատ էին մնացել տարածաշրջանային քոլեջում։
«Նախատեսված էր իրականացնել մասնաշենքի չորս հարկերի հիմնանորոգման աշխատանքները և նկուղային հարկի արհեստանոցային համալիրի կառուցումը։ Երկրորդ փուլով նախատեսված էր տարածքի բարեկարգում, ասֆալտապատում, մասնաշենքի արտաքին տեսքի հարդարում։ Առաջին փուլի աշխատանքներն անավարտ են մնացել։ Մեկ տարի անց շինարարական կազմակերպությունը դադարեցրել է շինաշխատանքները առանց որևէ պատճառաբանության»,- պատմում է տնօրեն Անժելա Մաքյանը։

Առաջին փուլի անավարտ աշխատանքները մի շարք խնդիրների առաջ են կանգնեցրել։ Եզակի նյութատեխնիկական բազայի մի մասն այս տարիների ընթացքում փակի տակ է, մի մասն էլ ուսումնական լաբորատորիաներում, վարչական տարածքներում է տեղադրված, քոլեջի 3-րդ և 4-րդ հարկերը գերբեռնված են։
«Վերանորոգումը, կարծում եմ, կիրականացվի չկառուցված ու չվերանորոգված հարկաբաժիններում և արհեստանոցային համալիրում։ Նախ հիմնանորոգումը հնարավորություն կտա, որ քոլեջը գործի իր ողջ հզորությամբ, իր ողջ կարողություններով։ Քոլեջի տարածքը հնարավորություն ունի կրթություն կազմակերպելու մինչև 500 ուսանողի համար, իսկ այսօր մեզ մոտ կրթություն է ստանում 358 ուսանող։ Քոլեջի վերանորոգումից հետո մենք հնարավորություն կունենանք նոր մասնագիտություններ ներդնել։ Արհեստանոցային համալիրը, հիմնանորոգված լսարանները, նոր լաբորատորիաները քոլեջը կդարձնեն տարածաշրջանի համար լավագույն կրթական կենտրոն»։

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը համագործակցում է «Անուշավան Աբրահամյան» կրթական կենտրոնի հետ։ Այս ծրագրով նախատեսված գումարների մի մասը կտրամադրվի մարզադահլիճի վերակառուցմանը։
«2014 թվականից մարզադահլիճում ուսումնական պարապմունքներ չեն կազմակերպվել։ Կարծում եմ` մարզադահլիճում պետք է ոչ թե հիմնանորոգում իրականացվի, այլ վերակառուցման աշխատանքներ, որովհետև մարզադահլիճի հատակը համահավասար է եղել գետի հունին, և այս խոնավությունից մարզադահլիճն ամբողջովին հայտնվել է վթարային վիճակում»։

Ութ քոլեջներից մեկն էլ Գորիսի գյուղատնտեսական քոլեջն է, որտեղ այնքան էլ պայմանները բարենպաստ չեն․ հատակը քանդված է, գույքը՝ մաշված։ Այստեղ սովորում է 230 ուսանող անասնաբույժի, մենեջերի, հաշվապահի, կաթնամթերքի տեխնոլոգի, տեխնիկ-կարգավարի մասնագիտություններով։ Տնօրեն Նունե Ավետիսյանն ասում է` ներկայիս շենքը տիպային չէ, բաղկացած է վարչական և մեկ վթարային շենքերից։
«Միջին մասնագիտական կրթություն, ուսուցում՝ ենթադրում է առաջին հերթին հմտություններ, կարողություններ, իհարկե նաև գիտելիքներ։ Իսկ հմտությունների ու կարողությունների ձևավորումը առանց նորմալ նյութատեխնիկական բազայի քոլեջների անհնարին է։ Ակնկալում ենք ունենալ վերանորոգված առաջին մասնաշենքը և ամբողջովին նոր կառուցվող երկրորդ մասնաշենքը՝ օժանդակ կառույցներով։ Նախատեսվում է ունենալ նաև ջերմոցներ, չրանոցներ, հնարավորության սահմաններում նաեւ փոքր չափերի անասնաֆերմա»,– ասում է Նունե Ավետիսյանը։

Կառավարությունը որքա՞ն գումար է հատկացնում երկու քոլեջների վերանորոգման համար։
«Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը, որի նախագծման համար այս տարի տվել ենք 29 միլիոն դրամ և նախագիծը մինչև տարեվերջ պետք է ներկայացնեն։ 2020-2022 թվականների համար նախատեսել ենք այդ քոլեջի համար նախնական 830 միլիոն դրամ։ Սյունիքի տարածաշրջանային քոլեջը, որի համար 2020 թվականի նախագծի համար նախատեսել էինք 6 միլիոն դրամ և 2021 թվականի շինարարության համար այս պահին 358 միլիոն դրամ ենք նախատեսել»,– ասում է ԿԳՄՍ նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը։

Դավիթ Դանիելյանը նշում է, որ իրենց և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրության արդյունքում է Գորիսի քոլեջն ընդգրկվել այդ ցանկում, իսկ Սյունիքի տարածաշրջանային քոլեջի վերանորոգման հարցը նախարարության և քաղշինի մասնագետների քննարկումների արդյունքում է որոշվել։




