
Թե քանի դպրոց է վերանորոգվել այս տարվա ընթացքում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից խոստանում են հստակեցնել առաջիկայում՝ 2019–ի արդյունքներն ամփոփելով։ Փոխարենը հստակ է 2020–ին վերանորոգվելիք հաստատությունների թիվը։ Հաջորդ տարվա պետական բյուջեից ոլորտին հատկացված միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակառուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այդ ցանկում Դրախտիկի վթարային դպրոցը ներառված չէ, թեև նախարարը ծանոթ է խնդրին, անձամբ եղել է այնտեղ։
Ավելի քան 150 աշակերտ ունեցող Դրախտիկի դպրոցում ձմռան նախաշեմին պատուհանների բացակայության և ջեռուցում չունենալու խնդիրն արդեն մի քանի օր քննարկվում է համացանցում։ Անգամ նախարար Արայիկ Հարությունյանն է անդրադարձել խնդիրն՝ նշելով, թե նման դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար հարյուրավոր միլիոն դոլարներ են անհրաժեշտ։
Համացանցում քննարկում սկսվեց դպրոցի անմխիթար վիճակի մասին փաստող լուսանկարների տարածումից հետո, մինչդեռ խնդիրը նոր չէ, տարիների պատմություն ունի։ Դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքյոխյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում հայտնեց, որ վերջին 3 տարիների ընթացքում փորձել են դպրոցը հատվածաբար վերանորոգել, բայց հիմնականում բարերարների աջակցությամբ.
«Ընդամենը 3 տարի է դպրոցի տնօրենն եմ։ Դպրոցն ընդունել եմ ամբողջությամբ քայքայված և այս 3 տարիների ընթացքում փորձել եմ անել ինչ–որ բան, որ կարողանանք նպաստել դպրոցի զարգացմանը։ Պարզապես շենքը շատ հզոր է և միայն բարերարներով հնարավոր չէ վերանորոգել, կառավարության աջակցությունն է անհրաժեշտ»։
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը հայտնեց, որ դպրոցի վիճակը շատ ավելի վատ էր մինչև դուռ և պատուհան փոխելը։

«Մնում է ջեռուցման հարցը կարգավորենք։ Մարզպետը հանձնարարել է, և մենք այժմ այդ հարցը կարգավորելու միջոցներ ենք ձեռնարկում ։ Դպրոցը տնտեսած միջոցներ չունի։ Պետությունն էլ ֆինանսական միջոցներ չի հատկացրել այս դպրոցում նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար։ Ամեն ինչ ֆինանսավորումից է կախված»։
Դրախտիկի վթարային դպրոցը չի ներառվել 2020թ–ին վերանորոգվող դպրոցների ցանկում։ Նախարարությունից մեզ հայտնեցին, որ հաջորդ տարվա պետական բյուջեից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակառուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց:
Նախարարը նաև հրապարակել էր դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու:
Ըստ ցանկի՝ որոշվել է վերանորոգել առնվազն մեկական դպրոց յուրաքանչյուր մարզում։ Կան մարզեր, որտեղ կվերանորոգվեն ավելի շատ դպրոցներ։
Ընդհանուր առմամբ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար նախատեսված է 21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացմանը հատկացվելու է 179 մլրդ 459 մլն դրամ: 2019 թվականի համեմատ գալիք տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով:




