ԿարևորՀասարակություն

Գյուտարար Հայաստան

Կարո՞ղ է արդյոք ժամանակակից մարդն  իր կյանքը պատկերացնել առանց բանկոմատի, գունավոր հեռուստացույցի, պլաստիկ տարաների, մեքենայի ավտոմատ փոխանցման տուփի, մազերը չորացնելու սարքի․․․մեր կյանքը հեշտացրած ու ավելի հաճելի դարձրած նման բազմաթիվ իրերի։

Նշվածներն ու աշխարհը փոխած բազմաթիվ այլ գյուտերի հեղինակներն ունեն հայկական ազգանուններ։ Հայի ստեղծարար մտքի մասին ավելորդ է անգամ  խոսելը, չնայած գյուտարարության ոլորտում մեր հայրենակիցների հաջողություններով սիրում ենք պարծենալ՝ չմոռանալով, որ անգամ պաղպաղակի վաֆլե կոնի գյուտարարն է հայ՝ Ալեքսանդր Մանուկյան։  

Ինչպես է գյուտարար հայի միտքն աշխատում Հայաստանում։ Ինչ արդյունքներ ունենք վերջին տարիներին, ինչ ճակատագրի են արժանանում գրանցված գյուտերը։

Աշխարհը լի է հայտնագործություններով, այդ թվում՝ մեր հայրենակիցների, բայց մարդը երբեք չի  դադարում հուսալ, որ շուտով կհորինվի ինչ-որ մի նոր բան՝ սարք, ռոբոտ, մեխանիզմ, ինչ-որ նյութ, որն  ավելի հեշտ ու հետաքրքիր կդարձնի իր  կյանքը։ Հայաստանում ծնվող գյուտերը գրանցվում են Մտավոր սեփականության գործակալությունում։ Ինչ պատկեր ունենք վերջին տարիներին, «Ռադիլուրը» նախ դիմում է գործակալության պետ Երեմ Չախոյանին․

 «Աշխուժության նշույլներ կան, բայց  ոլորտն ավելի կաշխուժանա, եթե գյուտարարը համոզված լինի, որ իր գյուտը հասնելու է վերջնական նպատակին, իսկ դա գյուտի կոմերցիոնալիզացիան է։ Երկրորդ մոտեցում չկա։ Այդպես է առաջ գնում քաղաքակիրթ աշխարհը»,–նշեց Չախոանը։

Գյուտարարությունը խթանող միակ գործոնը գյուտերի կենսունակությունն է, տնտեսության մեջ դրանց կիրառումը, այլապես գյուտերը  թղթի վրա էլ մնում են։ Այս առումով, ըստ գործակալության պետի, խնդիր ունենք Հայաստանում։ Թերևս դրանով էլ պայմանվորված է հայ գյուտարարների տարիքային բարձր շեմը` 65-75-ի շրջակայքում։  Եթե դիտարկենք ըստ ոլորտների, ապա ավանդաբար գերակշռում են մեխանիկային, ֆիզիկային առնչվող գյուտերը։

Արտոնագիրը ստանալուց հետո հեղինակը դառնում է իր գյուտի բացարձակ իրավատերը։ Շատերը բավարարվում են ընդամենը արտոնագրով, ոմանք կարող են, այսպես ասած,  վաճառել  գյուտի հեղինակային իրավունքը, մի մասն էլ պարզապես չի կարողանում կյանքի կոչել իր գյուտը։

Գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանի տվյալներով,   2019-ի հունվարից առ այսօր գործակալությունում  137 հայտ է ներկայացվել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ավել է շուրջ 13 տոկոսով։  Նշված 137-ից արտոնագիր է ստացել 125-ը։

Ավետիս Պերյանն առանձնացնում է տարվա առավել ուշագրավ գյուտերը․

«Դրանք առնչվում են տարբեր ոլորտների՝ նանոտեխնոլոգիաներից սկսած մինչև կենսաբանություն։ Գրանցվել  են մաշկի խնամքի  քսուկներ, առևտրի տաղավարներ․․․Այս տարի Ռուսաստանի արտոնագրային գերատեսչությունը երիտասարդ գյուտարարների մրցույթ էր հայտարարել։ Հայաստանից եղան դիմողներ, մի քանիսը մրցանակներ շահեցին։ Նշվածների թվում Պոլիտեխնիկի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների կողմից ներկայացված հայտն էր՝ հեծանիվի դիսփլեյի կառուցվածքը։ Հեղինակները երեք ուսանողներ էին»։

Գյուտարարության ոլորտում եվրասիական մրցանակի է  արժանացել նաև մեր հայրենակից Արմեն Վարդանյանը՝ «Արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացում և կատարելագործում» անվանակարգում։  Տարբեր տարիքային խմբերում ունեցել ենք առանձին  հաջողություններ։

Գյուտը գրանցելու հիմնական մի քանի սկզբունք է  գործում։ Այն պետք է լինի նոր՝ աշխարհում չկրկնվող,  կիրառելի և օգտակար։ Յուրաքանչյուր տարի Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունը միջին հաշվով  150 հայտ է ստանում։  «Յուրաքանչյուրի հեղինակն էլ համոզված է, որ իր գյուտը հանճարեղ է»,-ասում է Ավետիս Պերյանը։ Նրա խոսքով՝  արտոնագիր չստացած գյուտերի հեղինակները երբեմն  կրկնակի  անգամ են հայտը ներկայացնում, մի քանի տարվա ընդմիջումից հետո՝ հուսալով, որ  կադրերի հնարավոր փոփոխությամբ պայմանավորված գյուտի հանդեպ վերաբերմունքը գործակալությունում այս անգամ գուցե այլ կլինի։ 

«Ապրանքանիշը, այլ կերպ ասած բրենդը, գյուտ չէ, այն ընդամենը ապրանքը կամ արտադրողին նույնականացնելու հնարավորություն է, բայց գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի պետ Լուսին Մանուկյանը հետաքրքիր դիտարկում է անում․

 «Կան ապրանքներ, որոնք որպես գյուտ չես կարող գրանցել ու պահպանել հեղինակային իրավունքով։ Դրա համար ընտրվում է ամենադյուրին և հարմար տարբերակը՝ ապրանքային նշանով դրանք շուկա հանելը։ Օրինակ՝ բուրգերը գյուտ չէ, բայց  այն ճանաչում է ստացել  իր ապրանքային նշանով»։

Մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժինն  այս տարի մոտ երկուսուկես հազար (2422) հայտ է ստացել։ Խոսելով Հայաստանի  կայացած ապրանքանիշների մասին` Լուսինե Մանուկյանը, գովազդից խուսափելով, անուններ չի նշում, թվարկում  է միայն ոլորտները, որտեղ ավելի շատ են սիրված ու ճանաչված ապրանքանիշները։

Դրանք հիմնականում սննդի, մասնավորապես  հրուշակեղենի, ինչպես նաև ալկոհոլային խմիչքի ոլորտներն են։

Կարդացեք նաև

Back to top button