
Ստեփանակերտի մամուլի ակումբի և «Հայկական ընտրություն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ և ԱՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 25-ին «Եվրոպա» հյուրանոցում կազմակերպվել է կլոր սեղան՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Ազգային և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդների (ՀԽՍՀ ԳԽ) 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման 30-ամյակին:
Ինչպես Արցախպրեսն է գրում, միջոցառմանը անդրադարձել են այդ որոշման պատմական դերին, արդի նշանակությանը և հետագա ճակատագրին: Քննարկամանը մասնակցել են ՀՀ և ԱՀ քաղաքագետներ, ՀԿ ներկայացուցիչներ և հյուրեր:

Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Նա իր խոսքում ասել է, որ ինքն անչափ կարևորում է համազգային օրակարգի ձևավորմանը միտված գաղափարներն ու նախաձեռնությունները և դրանց անկաշկանդ ու կառուցողական քննարկումները:
«Այս քննարկումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական բավականին բարդ պայմաններում և ադրբեջանաղարաբաղյան կարգավորման հակամարտության շուրջ նոր մարտահրավերների պարագայում: 1988 թվականին վերսկսված և համայն հայության զարթոնքը խթանած ազգային-ազատագրական պայքարից ի վեր մենք հեշտ ժամանակներ չենք ունեցել, բայց այդուհանդերձ, քայլ առ քայլ մոտեցել ենք 1988-ին հռչակված մեր գլխավոր նպատակներին և դարավոր իղձին: Այս ամբողջ ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը՝ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, առավել ևս երբեք չի պատկանել Ադրբեջանին: Խորհրդային Ադրբեջանի կազմում հայկական ինքնավարության պատմական առումով կարճատև ներառումը ամենևին էլ հիմք չէ ԱՀ-ն նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների համար: Արցախի նկատմամբ հայ ժողովրդի ինքնիշխանությունն անսասան է եղել շատ ավելի վաղ, քան աշխարհի քարտեզում Ադրբեջանի հայտնվելը: Արցախը պատկանել և պատկանում է հազարամյակներ ի վեր իր հայրենքիում ապրող հայ ժողովրդին, և կազմում է հայկական աշխարհի անբաժան մասը: Հայաստան ասելով այսօր հասկանում ենք մեկ երկիր և ընդհանուր ապագա ունեցող երկու պետություն: Կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանություններն ի վերջո ստիպված են լինելու ճանաչել տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրողությունները, ինչն էլ հնարավորություն կտա Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովումը: Արցախի դատը պաշտպանելու և հաջողություններն ամրագրելու համար հարկ է ներգրավել հայ ժողովրդի ողջ մտավոր ներուժը: Հուսով եմ՝ այսօրվա միջոցառումն էլ դրան է միտված»,-ավելացրել է Մ. Մայիլյանը:

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ խոսելով միացման հայեցակարգի հիմնարար դրույթների մասին, ասել է, որ այսօր չափազանց կարևոր է գիտակցել, որ միացման գաղափարը, որը նոր ծնունդ է պարգևել ներկայիս հայոց ինքնիշխան պետականությանը, շատ կարևոր և պետականակերտ նշանակություն ունի նաև այս օրերին:
«Հայ ժողովուրդն իր բնօրրանում ունի անժամանցելի, բացարձակ հայրենատիրության իրավունք. սա մեր ներքին համազգային ինքնորոշումն է, որը վեր է ամեն կարգի միջազգային կարգավորումներից և այլն: Այս իմաստով հայ ժողովուրդը ևս մեկ անգամ իր պատմության հազարամյակների ընթացքում 1988-89 թվականներին կարողացել է ի ցույց դնել այդ կամքը, և Հայասատանը՝ ի հեճուկս Խորհրդային Միության բացասական վերաբերմունքի վերամրագրել է միացումը: Մենք չպետք է անտեսենք նաև Առաջին Հանարապետության մեր իրավական հաջորդականությունը, որը մեծագույն չափով ստվերված էր ներկայիս հայոց պետականության գոյության առաջին տասնամյակներին: Մենք պետք է միանգամայն անկաշկանդ ու համարձակ լինենք Առաջին Հանրապետության իրավահաջորդության հիմքերը վերամրագրելու և համապատասախան դիրքորոշումներով հանդես գալու: Կարևոր է հիշել, որ ներկայիս հայոց պետությունը ձևավորվել է երկու կարևոր պետականակերտ ակտերով. 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախյան շարժման գերագույն երազանքն ամրագրող միացման որոշմամբ, և Հայաստանի անկախության հռչակագրով՝ 1989 թվականի օգոստոսին»,-մասնավորապես ասել է Ա. Քանանյանը:
Խոսելով անելիքների մասին՝ բանախոսն ընդգծել է, որ ներկայումս արմատապես փոփոխվել է իրավիճակը Հայաստանում, որոշակիորեն նոր բովանդակություն են ստացել ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգները, և այս ամենին ի պատասխան, շատ հարմար ժամանակ է, որպեսզի վերջնականապես ամփոփվի վաղուց ի վեր գոյություն ունեցած միացման իրավաքաղաքական իրողությունը:
«Մենք պետք է փուլային, լռելյայն, առանց հռչակագրերի, գերատեսչական ակտերի մակարդակով վերացնենք այն խոչընդոտները, որոնք ստվերում են Արցախի հայաստանապատկանությունը և մեր միասնական և միացյալ փաստացի և իրավական գոյությունը»,-նշել է Ա. Քանանյանը:
Ելույթներով հանդես են եկել նաև քաղաքագետ Արա Պապյանը, «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը և «Հայկական ընտրություն» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Աղայանը, որից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում:




