
Գոհար Մարտիկյան
Հայաստանի հանրային ռադիո
Լեզվաբան, պրոֆեսոր Մանուշ Հարությունյանը, երբ այսօր դժվարանում է անգամ քայլել ու լսել, իր «հանապազօրյա հացն» է համարում գիրք կարդալը։ Հայաստանում օտար լեզվով գիտական թեզ պաշտպանած գիտությունների առաջին թեկնածուն 97 տարեկան է։
«Ես շատ եմ կարդում, նույնիսկ այս տարիքում: Եթե չկարդայի՝ ցնդել էի արդեն։ Նորից վերընթերցեցի շատ գրքեր, որոնք կարդացել էի, և ուրիշ ձևով ընկալեցի դրանք։ Չի կարող պատահել, որ գիրքն ընկնի ձեռքս, և ես կիսատ կարդամ ու ասեմ, որ այսինչը վատ գրող է։ Ամեն մեկն իր տեղն ունի։ Իմ հիմնական խորհուրդը հետևյալն է՝ հարկավոր է շատ կարդալ և չընտրել, որովհետև ամեն տեղից էլ մեծ ինֆորմացիա ես ստանում, և հանկարծ հասկանում, որ սա էլ չգիտեի, սա էլ… և մտահորիզոնդ լայնանում է։ Այնքան սիրելի գրողներ ունեմ, և ոչ միայն գերմանացի, այլև անգլիացի, ֆրանսիացի»։

Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել Հյուբշմանի «Հայագիտական ուսումնասիրություններ» գերմաներեն աշխատության թարգմանիչ Մանուշ Հարությունյանը։
Ծնվել է Գյումրիում, դպրոց գնացել շատ վաղ տարիքում։ Դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ապրել մի ընտանիքում, որտեղ ոչ ոք չէր կարող լրջորեն հետևել նրա ուսմանը։
«Մայրս գորգ էր գործում, հայրս գաջագործ էր և աշխատում էր երկաթուղային կայարանում, իսկ ես նրանց մանկապարտեզն էի հաճախում։ Մի օր մանկապարտեզի ղեկավարն ասաց՝ ով որ գրել գիտի, կընդունենք 1-ին դասարան։ Ես շատ ուրախացա, որովհետև մայրս ինձ սովորեցրել էր տառերը։ Բայց բոլորին ընդունեցին, ինձ՝ ոչ։ Ասացին՝ փոքր ես։
Եկա տուն, լաց եղա, ոտքերս խփեցի գետնին, ասացի՝ ինչո՞ւ նրանք, որ գրել չգիտեն, պիտի գնան, ես՝ ոչ։ Հայրս տեսավ, որ շատ եմ հուզվում, խնդրեց, որ ընդունեն 1-ին դասարան»։
Ընդունեցին, սովորեց, դպրոցը գերազանց ավարտեց, ընդունվեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ՝ օտար լեզուների բաժին։ Ավարտեց գերազանցությամբ, ուղարկեցին Մոսկվա՝ ասպիրանտուրայում սովորելու։
«Գերմաներենի ընտրությունը, իրականում, պատահական եղավ: Ինձ ուղարկեցին Մոսկվայի պետական համալսարան՝ ասպիրանտուրայում սովորելու՝ օտար լեզուների գծով: Ես ոչ ռուսերեն գիտեի, ոչ գերմաներեն: Այդ լեզուները յուրացնելու հարցում կարևոր դեր խաղաց ինքնասիրությունը և ցանկությունը, որ հայերի մասին վատ կարծիք չունենան: Միաժամանակ, անկախ ինձանից գերազանց սովորեցի երկու լեզուն էլ և բոլոր քննություններս գերազանց էի հանձնում: Ղեկավարս միշտ ասում էր՝ ինչ արտակարգ ջանասեր աղջիկ է: Նա ինձ առաջարկեց գերմաներենի պատմության թեման վերցնել, որը պաշտպանելու համար ոչ միայն լեզվի տարբեր շրջանները պետք է ուսումնասիրեի և քննություններ հանձնեի, այլև հին գերմանական լեզուներն իմանայի՝ հին սաքսոներեն, հին վերին գերմաներեն և այլն: Կարդում էի, հասկանում էի, սովորում և հանձնում քննություններս, արտառոց բան չկար: Առաջին քննությունները, որ հանձնեցի՝ երկու առարկայից էր՝ գերմանական բանասիրություն և գոթական լեզու։ Երկու հինգ ստացա: Դարձա Հայաստանում առաջին գիտությունների թեկնածուն, որը պաշտպանել էր օտար լեզուների գծով:
Ավարտելուց հետո 3 հոգով կազմեցինք հայ-գերմաներեն առաջին բառարանը, որը հրատարակվեց Բեռլինում»։
Զարմանալին այն է, որ 97-ամյա Մանուշ Հարությունյանն իր կազմած բառարանների հրատարակությունից, գերմաներեն բոլոր դասագրքերի վերջում տեղադրվող գերմաներեն-հայերեն բառարանները կազմելուց, գերմաներենի քերականությունն ուսուցանող դասագրքից (որն ի դեպ առայսօր օգտագործվում է Գերմանիայում), Հյուբշմանի «Հայագիտական ուսումնասիրություններ» աշխատությունը՝ գերմաներենից հայերեն թարգմանելուց հետո էլ, համեստորեն հիշում է, թե ինչպես էին ոմանք զազրախոսում, թե՝ գերմաներեն չգիտի։ Նա լսեց այդ ամենը, լռեց ու շարունակեց իր գործը՝ գյումրեցուն հատուկ համառությամբ ու՝ բարությամբ ապրելը ուղենիշ դարձրած։
Հյուբշմանի «Հայագիտական ուսումնասիրություններ»-ը հայերեն թարգմանելուց հետո սկսեց հրատարակիչներ փնտրել՝ առանց հոնորարի հավակնության, միայն թե գիրքը տպվեր։ Եվ ահա այս եզակի աշխատությունը 2004թ. տպագրվեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հովանավորությամբ։
Նրա բազմազբաղ կյանքն սկսվեց մանկավարժական ինստիտուտում առաջին գերմաներենի ամբիոնը բացելով ու շարունակվեց՝ և՛ մանկավարժականում, և՛ ԵՊՀ-ում գերմաներենի մասնագետներ կրթելով, և՛ գերմաներեն դասավանդելով, և՛ թարգմանիչներ պատրաստելով։ Հետո սկսեց օգնել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում էին գիտնական դառնալ։ Բայց իր կյանքի մեծագույն նվաճումը նա համարեց Հյուբշմանի աշխատության թարգմանությունը։

Ինչո՞ւ էր պետք Հայնրիխ Հյուբշմանի գրքի թարգմանությունը այն պարագայում, երբ նրան թարգմանելը դյուրին գործ չէր, քանզի Հայնրիխ Հյուբշմանի լեզուն հասարակ լեզու չէր։ Պատճառը հայտնի է Մանուշ Հարությունյանին.
«Նա արտակարգ լեզվաբան է: Այդ շրջանում ավարտողները, երբ զբաղվում էին լեզուների ուսումնասիրմամբ, համարում էին, որ հայերենն իրանական լեզու է։ Նա ևս այդպես էր համարում, բայց աշխատանքի ժամանակ նկատել էր, որ այն բառերը, որոնք և՛ իրանական լեզուներում կան, և՛ հայերենում, բոլորովին տարբեր օրենքների են ենթակա։ Հյուբշմանը մեկնեց Իտալիա, Սուրբ Ղազար կղզում մի ամբողջ տարի ուսումնասիրեց հայերենը, շատ լուրջ պայքար տարավ և ապացուցեց, որ հայերենն իրանական լեզու չէ, այլ ինքնուրույն՝ հնդեվրոպական լեզու է։ Քանի որ մեր շրջանավարտներն այդքան չէին կարող գերմաներեն սովորել, որ Հայնրիխ Հյուբշման կարդային, ես հասկացա, որ իմ հիմնական պարտականությունը պետք է լինի նրան թարգմանելը»:
Թարգմանեց ու իրեն երջանիկ համարեց, որ արել է այդ անչափ կարևոր գործը։
Նրա ավանդը՝ գերմաներենի տարածման, լեզվի ուսուցումն ապահովելու, թարգմանական ու գիտական աշխատանքներ կատարելու լավագույն գնահատականը տրվեց 2018 թ. փետրվարի 12-ին, երբ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը մտավ հոսպիսի նրա սենյակ՝ ծննդյան տարեդարձը շնորհավորելու և սկսեց խոսել գերմաներեն։ Եկել էր հարգանքի հավաստիքը մատուցելու լեզվաբանի անխոնջ ու նվիրական աշխատանքի, գերմաներեն լեզվի ուսուցումը լավագույնս իրականացնելու և տարածելու համար։
Դեսպան Մաթիաս Քիսլերը դատարկաձեռն չէր։ Շքեղ ծաղկեփնջից զատ, նա բերել էր նաև …գիրք, համոզված, որ այն ընթերցվելու է սիրով և մեծ ուշադրությամբ։
Երբ սենյակում հնչեց լեզվաբանին քաջածանոթ գերմաներենը, նա համեստորեն թոթովեց.
-Ես հինգ տարի գերմաներեն չեմ խոսել, վստահ չեմ, որ վարժ կկարողանամ խոսել:
-Դուք հրաշալի գերմաներեն եք խոսում, — նկատեց դեսպանը, գրկեց պրոֆեսորին, ապա նստեց նրա մոտ:
Հաջորդ 40 րոպեներին դեսպան Քիսլերն ու պրոֆեսոր Հարությունյանը զրուցեցին միայն գերմաներեն։
-Ինձ համար մեծ պատիվ էր այցելել մի կնոջ, ով այնքան մեծ վաստակ ունի Հայաստանում գերմանագիտության զարգացման գործում, ծանոթանալ պրոֆեսոր Հարությունյանի հետ և տեսնել, թե ինչ տպավորիչ կենսագրություն ունի: Չափազանց զգացված եմ, որովհետև ծանոթացա մի կնոջ հետ, ով ասում էր, թե հինգ տարի չի խոսել գերմաներեն, բայց հրաշալի գերմաներենով էր զրուցում ինձ հետ: Որպես դիվանագետ շատ-շատ հետաքրքիր մարդկանց ես հանդիպում, բայց հազվադեպ է լինում, որ ծանոթանում եմ այնպիսի անձնավորության հետ, որը երկար տարիներ լեզվի միջոցով կարողացել է զարգացնել հարաբերությունները այնպես, ինչպես դա արել է տիկին Հարությունյանը»,- ասել է Մաթիաս Քիսլերը Մանուշ Նազարեթովնայի սենյակից դուրս գալուց հետո:
-Իմ կյանքում ես ոչինչ չեմ արել շնորհակալության համար, արել եմ, քանի որ պարզապես համարել եմ՝ դրա կարիքը կա: Երբեք ոչ մեկի չեմ մերժել, հավանաբար դրա համար եմ այսքան երկար ապրում,- երկարակեցության իր գաղտնիքն է հայտնում Մանուշ Հարությունյանը:
Այսօր նա ապրում է մեր կողքին առողջության զարգացման կենտրոնում՝ ոչ միայն վայելելով հոգատար և արհեստավարժ խնամողների հոգածությունը, այլև իր կենսակերպով, գիտելիքի պաշարով և ամենակարևորը՝ ընթերցասիրությամբ, հիացնելով իրեն շրջապատողներին։
Եվ բնավ զարմանալի չէ, որ երբ նրա սենյակ են մտնում հոգատար խնամատարները, տիկին Մանուշը նայում է նրանց ձեռքերին՝ տեսնելու, արդյո՞ք գիրք բերել են։
Նա այսօր էլ է կարդում և շատ է կարդում։
Տիկին Մանուշի հոգատար պատրաստակամությունը, բոլորին օգտակար լինելու մղումն ու հատկապես գիրք կարդալն են օգնում ապրել երկար ու ինքնաբավ, և անգամ 97-ամյա հասակում հանրությանը ներկայանալ որպես «Հոսպիսի գանձ»։
ՄԱՐԴ, որից հարկավոր է ապրել սովորել։






