
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը:
Կառավարությունն այս նախաձեռնությունը միտված է կոռուպցիայի դեմ պայքարին ու ապօրինի հարստացումն ավելի հեշտ բացահայտելուն: Հայաստանի «ներսում» նախագիծը որոշակի քննադատության է արժանացել, «դրսի» միջազգային կառույցները նույնպես կարծիք են հայտնել նախագծի վերաբերյալ:
23 պատգամավոր հստակ դեմ է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց միայն խորհրդարանական մեծամասնության շնորհիվ: «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին: Խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Գեւորգ Պապոյանը եւ Ծովինար Վարդանյանը փոփոխությունների կողմնակիցներն են: Ենթադրում են, թե նախագծի շուրջ բարձրացվող աղմուկը որտեղից է գալիս:
«Հիմնական դժգոհությունը, կարծում եմ, նախկին ռեժիմի ներկայացուցիչներից է գալիս, քանի որ վերջին 20 տարում նրանց մի մասը նվազագույնը կոռուպցիոն ճանապարհներով հսկայական եկամուտներ է կուտակել, դրա մի մասն արդեն տեղափոխել են արտասահման կամ օֆշորային գոտիներ, մյուս մասը միգուցե պատրաստվում են: Բնականաբար այս եւ նմանատիպ մյուս օրենքները, որոնք ծնվել են հեղափոխության արդյունքում, խանգարելու են կամ բացահայտելու են նրանց ֆինանսական մեքենայությունները», –ասում է Գեւորգ Պապոյանը:
«Բավական է, որ որոշ մարդիկ իրենց սիրուհու, վարորդի եւ ի վերջո մեր սիրելի Պողոսի հաշիվների միջոցով իրենց «ոչ այդքան մաքուր» գումարների գործարքներն ապահովեն», – նշում է Ծովինար Վարդանյանը:
Իրականում սա նախագիծ է բանկային տեղեկություններն ավելի մատչելի դարձնելու մասին, բայց՝ միայն քննչական մարմինների համար: Նորությունն այն է, որ փոփոխությունը վերաբերում է բանկային գործարք անող ցանկացած քաղաքացու: Եթե նախկինում քննչական մարմինների ուշադրության կենտրոնում միայն որեւէ գործով անցնող մեղադրյալները կամ վկաներն էին, ապա հիմա նաեւ երրորդ՝ կողմերից մեկի հետ փոխկապակցված անձինք են: Հենց սա է անհանգստացնում պատգամավորներին, որոնք դեմ են նախագծին: Հիմնավորում է «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Արկադի Խաչատրյանը.

«Մենք, իհարկե, դեմ չենք, որ քննչական մարմիններն ունենան անհրաժեշտ բոլոր լծակները բավարար եւ ամբողջական քննություն իրականացնելու համար: Բայց նախագիծը, ներկայացված խմբագրությամբ, ոչ հստակ ձևակերպումներ ունի։ Ստացվում է, որ հասանելիություն է տրվում ոչ թե բանկային գաղտնիքին, այլ այդ նպատակով խուզարկություն կամ առգրավում իրականացնելուն: Հասկանալի է, որ այդ խուզարկության եւ առգրավման արդյունքում քննչական մարմիններին կարող են հայտնի դառնալ նաև մարդու մասնավոր, անձնական կյանքին վերաբերող այլ տեղեկատվություններ»:
ԿԲ-ն այս նախագծին դեմ չէ: Ներկայացված փաստաթուղթը քննարկվել է նաեւ այդ կառույցի հետ, մինչեւ երկրորդ ընթերցում ստացվող առաջարկները նույնպես քննարվելու են երկրի գլխավոր դրամատանը: Կառավարությունը եւ ԿԲ-ն այս հարցում կոնսենսուսային որոշում են ընդունել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան.
«Պատահական չէ, որ մեր միջազգային գործընկերները անընդհատ կոչ են արել, որովհետեւ եկել են, փաստաթղթեր, նյութեր են ուսումնասիրել, գնահատել են եւ դրա հիման վրա են առաջարկներ ներկայացրել: Այսինքն՝ իրենք տեսել են, որ այս խնդիրը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության համար խոչընդոտ է: Բանկային գաղտնիքն ավելի մատչելի չենք դարձնում, ընդհակառակը՝ որոշակիորեն բարդացնում ենք տվյալների հասանելիությունը, որովհետեւ շատ հստակ ընթացակարգեր ենք սահմանում»:
Քրեական հետապնդում իրականացնելու ժամանակ բանկային գաղտնիքի բացահայտում կարող է պահանջվել 65 հանցագործության դեպքում: Նախագծի ընդդիմախոսները նշում են նաեւ ոստիկանության հանդեպ հանրության վստահության ցածր մակարդակը: Արդարադատության նախարարությունից արձագանքում են՝ միջազգային կառույցները տարիներ շարունակ պահանջել են նմանատիպ նախագիծ՝ լավ գիտակցելով այդ վստահության չափը եւ չարաշահումների հավանականությունը: Փոփոխությունների անհրաժեշտության մասին, օրինակ, խոսում են Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների հանձնախմբում՝ ՄԱՆԻՎԱԼ–ում եւ միջազգային ԳՌԵԿՈ հակակոռուպցիոն կազմակերպությունում:




