ԿարևորՀասարակություն

30 տարի անց Ադրբեջանից բռնագաղթածները բնակարան կունենան

1988-1992 թվականներին Ադրբեջանից  բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային խնդիրների լուծման համար  կառավարությունն այսօր հատկացրեց  1,5 մլրդ դրամ։ Նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են փուլերով։ Սա առաջին փուլի համար հատկացված գումարն է։

Շահառու համարվող ընտանիքները առաջնահերթ կարիքավորներն են, քանի որ բնակվում են սենյակներում, որոնք սեփականատերեր ունեն ու   ցանկացած պահի կարող են փողոցում հայտնվել:  Շահառուներին բնակարանների գնման վկայագրեր  կտրամադրվեն: Վկայագրի միջոցով  բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանված է 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սա առաջին քայլն է, ինքը հանդիպել է այդ ընտանիքների  ներկայացուցիչներ հետ, նրանք բավականին  ծանր պայմաններում են ապրում: Փոխվարչապետը խոստացել է՝ փուլ-փուլ  բոլոր  խնդիրները և հին պարտքերը կմարեն: 

Ավելի քան 30 տարի է, ինչ Ադրբեջանից բռնագաղթած   մի քանի  հարյուր ընտանիքներ բնակվում են հանրակացարաններում, տարբեր հյուրանոցների համարներում, շառ հաճախ նեղ ու անհարմար, ինչպես նաև տարրական կենցաղային  պայմաններից զուրկ սենյակներում

«Ոչ մի պայման չկա, ապրում ենք ուսումնարանների դասարաններում: Խոհանոցը, սանհանգույցը միջանցքում է, ընդհանուր: 1988 թվականից եմ ապրում , 12 քառակուսու վրա մարդիկ ընտանիքներով են ապրում: Տեղ չունենք, երեխաները հերթով են նստում՝ հաց ուտելու և դաս սովորելու: 30 տարի է մեզ համար ընդհանրապես ոչինչ չեն արել»:

Կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից  1,5 մլրդ դրամ  կհատկացնի Ադրբեջանից  բռնագաղթած ընտանիքների  բնակարանային խնդիրների լուծման համար: 2009 թվականից այս նպատակով գումարներ չեն հատկացվել` փոխվարչապետ Տիգրան  Ավինյանը․

«Սա առաջին քայլն է, ես  հանդիպել եմ այդ ընտանիքների  ներկայացուցիչներ հետ, նրանք բավականին  ծանր պայմաններում են ապրում: Կարծում եմ` փուլ-փուլ  բոլոր  խնդիրները և հին պարտքերը կմարենք»: 

Միգրացիոն ծառայությունում  2013թ.հաշվառել են բնակարանի կարիք ունեցող մոտ 900 (895) շահառու ընտանիք, որոնցից  600- ից ավելին բնակվում է Երեւանում (641-ը բնակվում  են  Երևան քաղաքում և 254-ը մարզեր): Նրանք առաջնահերթ կարիքավորներն են: Կառավարությունը որոշեց հենց նրանցից  էլ  սկսել :

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյան. «Առաջին փուլում նախատեսվում է առաջնորդվել ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև  ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող , սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները»:

Առաջնային կարգով ԲԳՎ-ներ կտան  «Նաիրի» ու «Սեբաստիա» հյուրանոցներում, ինչպես նաև «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող հանրակացարաններում բնակվողներին: 

«Ընդգրկումը պայմանավորված է վերջիններիս անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են»:

1988-1992 թվականներին Ադրբեջանից  բռնի տեղահանված  ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման համար  նախատեսված բնակարանների գնման վկայագրերի  ձեռքբերման համար նախ պետք է դիմում ներկայացվի Միգրացիոն ծառայություն: Վկայագրով բնակարանը ձեռք բերելուց հետո սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում այն չեն կարող վաճառել, նվիրել, օտարել, վարձակալության տալ կամ գրավադրել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ)։

Բնակարանների շուկայական արժեքը հաշվարկվել է  Կադաստրի կոմիտեի կողմից ՀՀ անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ավան վարչական շրջանում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գների հիման վրա:

Մեկ սենյականոց բնակարանը հաշվարկվել է 45 քառ. մետր, երկու սենյականոց բնակարանը` 55 քառ. մետր, երեք սենյականոց բնակարան՝ 65 քառ. մետր և չորս սենյականոց բնակարան` 75 քառ. մետր:

Կարդացեք նաև

Back to top button