
Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է: Աշխարհում չկա մի երկիր, որը չունենա հեռուստատեսություն: Բայց այսօր եւս մի իրադարձություն է տեղի ունեցել, որի շնորհիվ կան ռադիոն, հեռուստատեսությունը, ժամանակակից շատ տեխնոլոգիաներ։ 1877 թվականի այս օրը Թոմաս Էդիսոնը հայտարարեց ձայնագրող և ձայնը վերարտադրող սարքի` ֆոնոգրաֆի գյուտի մասին։ «Ռադիոլուրն» այցելել է Պոլիտեխնիկական համալսարանի ռադիոսարքավորումների ամբիոնում և տեղում ծանոթացել ֆոնոգրաֆից ձայնագրման նորագույն տեխնոլոգիաների անցման հետ:
Ձայնի գրանցման և վերարտադրման սարքի` ֆոնոգրաֆի ստեղծումով դրվեց ձայնը գրելու` ձայնագրման հիմքը: Էդիսոնի այս գյուտը հետագայում նպաստեց սկավառակային ձայնատեսագրության, կինոյի ու հեռուստատեսության հայտնվելուն, օժանդակեց հեռախոսային կապի ստեղծմանը, ասում է պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը:

«Ֆոնոգրաֆի առկայությունն անցյալ դարասկզբին հնարավորություն էր տալիս ոչ թե զվարճանալ՝ ձայնը լսելով, դրա միջոցով սովորել լեզուներ , ստեղծել զինվորական ու հրդեհային ահազանգերի ձայնագրություններ, այլ նաև հիմք դարձավ Ալեքսանդր Բելի գյուտին, որը համարվում է աշխարհի տեխնիկական գիտության մեջ բեկումնայիններից մեկը: Առաջին հեռախոսը ևս օգտագործել է ֆոնոգրաֆ»:
Ռադիոտեխնիկայի զարգացման համար հիմք են հանդիսացել նաև ձայնագրման ժապավենային մագնիտոֆոնները, որոնք ֆոնոգրաֆից հետո մեկ քայլ առաջ էին ձայնագրման ոլորտում: Նման մի մագնիտոֆոն պահվում էր Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հեռուստատեսության լաբորատորիայում, որտեղ այս հնության կողքին պահվում են նաև հին ու նոր սերնդի այլ սարքեր ու տեխնիկա: Երբ մտա այս սենյակ, մանկությունս մի պահ եկավ աչքիս առաջ՝ անգույն հեռուստացույցներ, մագնիտոֆոններ ու ձայնագրման ժապավենային սարքեր: Պոլիտեխնիկական համալսարանի ռադիոսարքավորումների ամբիոնի վարիչ Հովհաննես Գոմցյանը լաբորատորիայում պահ տված իրերը ուրախ հիշողություններով է ներկայացնում.
«Հին հեռուստացույցներ, հին մագնիտոֆոններ, սա էլ լաբորատորիայի ամենահին ձայնագրիչ սարքը` «Յուպիտեր», որը Խորհրդային Միության արտադրության սարք է։ Այս մագնիտոֆոնի միջոցով կատարվում են և՛ ձայնային, և՛ երաժշտական ձայնագրություններ»:
Ժապավենային ձայնագրիչներից անցում է կատարվել կասետային ձայնագրիչ սարքերի: Ռադիոյի և կապի բնագավառի զարգացումը հետզհետե առաջընթաց է ապրել և հասել է մի ժամանակ, երբ մարդկությունն ու մասնագետները բավարար չեն համարել միայն ձայնային ձայնագրությունը և կարևորել են նաև այդ ձայնագրությունների վրա պատկեր ստանալը:
«Այսօրվա սարքերը, սակայն, ոչ միայն ձայնագրում են, այլ նաև մոդուլացնում, կոդավորում են, ուղարկում, հետո դեմոդուլացնում, դեկոդավորում և ընդունում: Սա ռադիոկապի պարզագույն շղթայի սխեմատիկ նկարագրությունն էր»:

Հենց այդ պատկերի ու ձայնի ձայնագրությունն էլ հետագայում կոչվեց հեռուստատեսություն: Հարկ է նշել, որ գունավոր հեռուստատեսության նախահայերից մեկը մեր հայրենակից Հովհաննես Ադամյանն է: Պրոֆեսոր Արևիկ Սարգսյանն է ներկայացնում գունավոր և անգույն հեռուստատեսության տարբերությունները․
«Գունավոր հեռուստատեսությունը տարբերվում է անգույն հեռուստատեսությունից նրանով, որ ոչ միայն գունեղ ու հետաքրքիր է, այլև այնտեղ օգտագործվում է երեք հիմնական գույների վերադրում: Բայց հեռուստացույցի սարքի մեջ հիմա չիփերն են, հնարավորություն կա միանգամից երեք ճառագայթ ստանալ և դրանք հիմնական գույներն են` դեղին, կարմիր և կապույտ, որոնց խառնուրդից կարելի ստանալ ցանկացած գույն»:

Հեռուստատեսությունը կենցաղային սարքի տեսքով տներ մտավ 1950-ականներին: Այսօր զանգվածային լրատվամիջոցներից ամենապահանջվածն է: «Ռադիոլուրը» շնորհավորում է իր կրտսեր եղբոր` հեռուստատեսության գործընկերներին:




