
Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի զարգաման Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի՝ Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում Թալին քաղաքում տեղի է ունեցել պոլիէթիլենային տոպրակների նվազեցման համաձայնեցված մոտեցումների մշակման վերաբերյալ հանդիպում։

Թալինի համայնքապետարանի կայքէջը գրում է, որ հանդիպումը միտված է շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցմանն ու աղբի կառավարման արդյունավետ իրականացմանը։
Քննարկմանը մասնակցել են Թալին համայնքի ղեկավար Սարգիս Արամյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, շահագրգիռ այլ կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մասնակիցների հետ քննարկվել են պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված նոր մոտեցումները և դրանց իրականացման նպատակով առաջարկվող լուծումները։
Հանդիպման ընթացքում Թալին համայնքի բնակիչներին բաժանվել են ԼԷԴ էլեկտրախնայող լամպեր և կտորից տոպրակներ։




