
«Ավան» հոգեբուժական կենտրոնի անմխիթար վիճակի մասին Ֆեյսբուքյան օգտատեր, իրավապաշտպան Արման Սահակյանի ահազանգին արձագանքել են թե՛ առողջապահության նախարարությունը, թե՛ հոգեբուժարանի տնօրինությունը։
«Ռադիոլուրի» հետ զրույցում Սահակյանը հայտնել է, որ ղեկավարության պաշտոնական պատասխանն ու ներկայացրած լուսանկարները հեռու են իրականությունից։
Ահազանգին ծանոթ են նաև ՄԻՊ գրասենյակում, ասում են՝ խնդրին ծանոթ են, մշտադիտարկման այցերն էլ հոգեբուժական հաստատություններ պարբերաբար իրականացնում են։ Հերթական ահազանգը հաշվի կառնեն հերթական զեկույցում:
Ֆեյսբուքյան օգտատեր, իրավապաշտպան Արման Սահակյանն անձնական նկատառումներով էր այցելել «Ավան» հոգեբուժական կենտրոն։ Սակայն այն, ինչի ականատեսը դարձավ, բառերով հնարավոր չէ նկարագրել, լուսանկարներն ավելի խոսուն են՝ ասում է։
Հոգեբուժական կենտրոնի՝ մեղմ ասած անմխիթար վիճակի մասին ականատեսը ահազանգել է համացանցում, հրապարակել լուսանկարներ, արձագանքի համար նշել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, փոխնախարար Լենա Նանուշյանին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։
Գրառմանն արձագանքել են թե՛ առողջապահության նախարարությունը և թե՛ հոգեբուժարանի տնօրինությունը: Վերջինն իր պատասխանում նշել է ընթացող բարեփոխումների մասին և վերանորոգված հիվանդասենյակների լուսանկարներ է հրապարակել:
«Ռադիոլուրի» հետ զրույցում Արման Սահակյանը հայտնեց, որ ղեկավարության պաշտոնական պատասխանն ու ներկայացրած լուսանկարները շատ հեռու են իրականությունից։
«Հիվանդներն ապրում են անմարդկային պայմաններում։ Քանդված պատեր, գարշելի հոտ, աղբ, անհարգալից վերաբերմունք հիվանդների նկատմամբ։ Ինքս եմ ականատես եղել»։
Արման Սահակյանը նշում է, որ անգամ լուսանկարներից է պարզ երևում, թե ինչպես է Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում հենց առողջապահական համակարգում: Խնդրում և պահանջում է անհապաղ անրադառնալ այս խնդրին և տալ դրան լուծում, քանի որ հոգեկան առողջության պահպանման ինստիտոտը առողջապահական համակարգի կարևորագույն մասնիկներից մեկն է: Նաև նշում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հանդիպել և իր անձնական ներդրումն ունենալ ոլորտի բարեփոխման գործում։
Հանդիպումը, ի դեպ, շատ չի ուշացել։ Հենց այսօր էլ հանդիպել է առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչություն պետի ժ/պ Լուսինե Քոչարյանի հետ։ Նախարարության ներկայացուցիչը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ գերատեսչությունը մինչ այդ էլ ծանոթ էր խնդիրներին։
«Ընթացիկ խնդիրների մասին հայտնել ենք տնօրինությանը, դրանք կլուծվեն, իսկ ինչ վերաբերվում է վերանորոգմանը, այդ խնդիրն էլ աստիճանաբար կլուծվի»,- ասաց Լուսինե Քոչարյանը։
«Ռադիոլուրին» նաև ՄԻՊ գրասենյակի արձագանքն էր հետաքրքիր։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների կանխարգելման բաժնի պետ Գոհար Սիմոնյանը մեզ հայտնեց, որ իրենք հոգեբուժական հաստատություններ մշտադիտակման այցեր են կատարում՝ անկախ գանգատներից։
«Ավան հոգեբուժական կենտրոն մենք այցելել ենք այս տարվա հունիսի 7-ին և ուսումնասիրել ամեն ինչ։ Բազմաթիվ խնդիրներ ենք արձանագրել, լսել ենք ահազանգերը։ Այդ ամենը հաշվի է առնվում զեկույցի նախապատրաստման աշխատանքներում»,- նշեց Գոհար Սիմոնյանը։
ՄԻՊ ներկայացուցիչը համաձայնում է. որոլտում անելիքներն իսկապես շատ են։














