
Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաները շարունակվում են․ մի քանի տասնյակ ցուցարարներ արդեն 3-րդ գիշերն են Ռուսթավելի պողոտայում լուսացնում։ Նրանք վրաններ են տեղադրել, կողպեքներով և շղթաներով փակել Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերը՝ ի նշան այդ կառույցի անգործության։ Առավոտյան իշխող ուժի մի խումբ պատգամավորների նրանք թույլ չեն տվել մուտք գործել շենք։
Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ իշխող ուժը տապալեց իր իսկ կողմից խոստացված ու խորհրդարան բերած համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը։
Փողոց դուրս եկածները վարդերի հոտ են առնում այս իրադարձություններից՝ նշելով, որ առաջին հեղափոխությունն այստեղ 2003-ին հենց նոյեմբերյան այս օրերին սկիզբ առավ։

Վրաստանի կենտրոնական Ռուսթավելի պողոտայից, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, կրկին վարդերի հոտ է գալիս, ասում է փորձագետ Գիա Նոդիան, ով համարվում է նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլիի համակիրը։ Նա նշում է, որ այս հանրահավաքը խիստ տարբերվում է վերջին յոթ տարիներին տեղի ունեցածներից։ Իշխող «Վրացական երազանքը» կորցրել է իր երբեմնի ռեյտնիգը․
«Որոշ մարդիկ համենայնդեպս մտածում են, որ արդեն վարդերի հոտ է գալիս, բայց պարտադիր չէ, որ այն հասնի մինչև հեղափոխություն, սակայն ամեն դեպքում փաստ է, որ բողոքողների լուրջ ներուժ կա, շատերը բացի ակտիվ ցույցերը, քաղաքական այս ճգնաժամից այլ ելք չեն տեսնում։ Ես չեմ ասում, թե դա այսօր տեղի կունենա, բայց մարդիկ, որ մինչ օրս այդ մասին չէին ասում, այսօր արդեն վստահ ասում են»։

Ռուսթավելի պողոտայում այս անգամ համախմբվել են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, այնպես, ինչպես 2012-ին էին դա անում՝ բոլորն Իվանիշվիլիի հետ` Սաակաշվիլիի դեմ։ Դավիթ Ուսուփաշիլին հիշում է` այս փողոցում կանգնում է դեռ այն ժամանակվանից, երբ եկավ սովետական բանակից։ Ասում է․ «մենք կոմունիստներից էինք համամասնականի անցում պահանջում, չկատարեցին, հեռացան, նույնն էլ հիմա է լինելու»։
Դավիթ Ուսուփաշվիլին, որ ներկայացնում էր «Հանրապետական» կուսակցությունը, մինչև խորհրդարանական վերջին ընտրությունները օրենսդիրի ղեկավարն էր, փաստացիորեն բոլոր ընդդիմադիրների հետ այս փողոցում պայքարել է, բոլորի հետ իշխանությունը կիսել․
«Ես այնտեղ եմ կանգնած, որտեղ կանգնել եմ առաջին անգամ 1988-ին, երբ վերադարձա սովետական բանակից։ Երբ այստեղ կանգնած էի, եկավ Սաակաշվիլին, միասին կանգնեցինք, հետո նա շեղվեց, գնաց բռնապետություն, իսկ ես նորից կանգնեցի այստեղ, հետո Իվանիշվիլին եկավ՝ ասելով՝ արի միասին կանգնենք, բայց հետո նա ևս այլ ուղղությամբ գնաց, իսկ ես շարունակելու եմ այստեղ կանգնել, Վրաստանի միլիոնավոր քաղաքացիների հետ հասնելու ժողովրդավարության, արդարության, խոսքի ազատության․․․»։

Ի դեպ` Ուսուփաշվիլին այսօրվա իրավիճակը նմանեցնում է հայաստանյան իրադարձություններին, որ հանգեցրին թավշյա հեղափոխության։ Նրա կարծիքով, ժողովուրդն Իվանիշվիլիի կողմից խաբվեց այնպես, ինչպես Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի։
Բողոքի այս ակցիաները, որ գլխավորում են ընդդիմադիր մի խումբ ուժեր, նրանց է միացել նաև նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, հնարավոր է նոյեմբերյան այս օրերին, երբ լրանում է Վարդերի հեղափոխության 16 տարին, Վրաստան բերեն Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին ասում է Սաակաշվիլիի կողմնակիցներից Լևան Վարշալոմիձեն, որ Աջարիան ղեկավարել է հեղափոխությունից հետո՝ 2004-ից՝ Ասլան Աբաշիձեի ռեժիմի տապալումից հետո մինչև Բիձինա Իվանիշվիլիի իշխանություն հաստատումը՝ 2012 թվականը։
«Նա Վրաստանի քաղաքացի է, իհարկե, մի հրաշալի օր վերադառնալու է»։
Վրաստանում բողոքի ակցիայի դուրս եկածներից, սակայն, ոչ բոլորն են համամիտ հեղափոխության հետ։ Ոմանք ասում են, որ ուզում են այնպես ինչպես Հայաստանում տեղի ունեցավ՝ իշխանափոխություն առանց արյան ու ցնցման։
Ընդդիմությունը պնդում է՝ բողոքի ակցիաները շարունակելու է մինչև իշխանությունը չկատարի պահանջները՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական ընտրակարգով։




