ԿարևորՀասարակություն

Վրաստանի Խոժոռնի գյուղը ջուր է ստանում Հայաստանից

Հայ-վրացական սահմանին գտնվող Խոժոռնի գյուղի ջրի հարցը դեռ խորհրդային տարիներից լուծվում է Հայաստանում։ Վրաստանի հայաբնակ այս գյուղը երեք կողմից սահմանակից է Հայաստանին, ջուրն էլ Հայաստանի լեռներից է իրենց հասնում, սակայն վերջին տարիներին սահմանային ռեժիմի հսկողության խտացման հետևանքով գյուղացիները ամիսներով առանց ջրի են մնում, որովհետև չեն կարող իրենց գյուղից մի քանի մետր սահմանային տարածքը հատել՝ խցանված ջրի խողովակները բացելու համար:

Վրաստանի Մառնեուլիի շրջանի հայկական Խոժոռնի գյուղը գտնվում է ուղիղ հայ վրացական սահմանին։ Այստեղ մարդկանց դաշտերի մի մասը սահմանային ոչ վերջնական սահմանազատման արդյունքում մնացել են սահմանից այն կողմ, իսկ երկու երկրների միջև սահմանն անցնում է գյուղացիներից մեկի՝ Մակար պապի տան միջով։ 

Գյուղացիների վառելափայտն էլ մշտապես երկու մետր հեռավորության վրա բացվող հայկական անտառներից էր, որտեղ այսօր, սակայն, ոտք դնելն արգելված է։ 

Իսկ ջուրը խոժոռնեցիները ստանում են Հայաստանից, այն էլ, սակայն, ամիսներով կարող է կտրվել․ «Ջուրը չի հասնում, որովհետև սահմանը փակ է։ Ջրի խողովակները, եթե սառցակալում են, կամ խցանվում, մենք չենք կարողանում մեր գյուղից անցնել ու բացել։ Պետք է գնանք Հայաստան (Բագրատաշենի անցակետից), կամ հայկական կողմից մեկին խնդրենք, որ բացեն։ Գումար ենք հավաքում, Հայաստան ուղարկում, որը ջուրը բացեն»,- «Ռադիոլուր»-ին ասում են գյուղամիջում հավաքվածները, ովքեր կարողացել են հերթական անգամ լուծել ջրի հարցը և այսօր ուրախ տրամադրությամբ նարդի են խաղում։ 

Խոժոռնին Հայաստանի Ճոճկան գյուղից ուղիղ գծով 10 կմ հեռավորության վրա է, սակայն այդ հատվածը անտառածածկ է, սահմանակետ չկա։

Երեք կողմից հայկական անտառներով շրջապատված այս գյուղի բնակիչները խորհրդային տարիներից իրենց փայտն էլ էին այստեղից բերում, այսօր նույնիսկ անտառում թափված ճյուղերին չեն կարող մոտենալ։ 

«Երկու երկրների միջև սահմանը, որ անցում է մեր կողքով, դարձել է արգելավայր, այստեղ մարդն արդեն քանի տարի իրավունք չունի ոտք դնել։ Ամեն օր մենք հիանում ենք այդ տարածքում եղնիկների ձայնով»,-ասում է խոժոռնեցի Ալեքսանդր Սուքիասյանը։ 

Մառնեուլիի սակրեբուլոյում Խոժոռնի և հարևան Բերդաձոր, Գյուլուբաղ և Ծոփ գյուղերի վարչական միավորի պատգամավոր Արսեն Հախվերդյանն ասում է, որ պետք է համակերպվենք․ սահմաններն ամենուր միշտ խնդիրներ են առաջացնում, բայց արդեն, ըստ նրա, իշխանությունները գտել են շատ հարցերի լուծումները։ Ասում է՝ գազն արդեն գյուղի մոտակայքում է, հաջորդ տարի գյուղ կմտնի․ 

«Ջրի հարցը ևս ամբողջովին կլուծվի, 6 կմ խողովակ է անցկացվելու, ջուր ունենք, կրկին հայ-վրացական սահմանին է, բայց վրացական տարածքում»։ 

Գյուղացիները նշում են, որ ընդհանրապես բարեկամ ու հարևան երկու երկրների միջև սահմաններ չպիտի լինեն․ «Մենք երազում ենք, որ մեր երկու երկրների հարաբերություններն այնքան լավ լինեն, որ այս սահմանը բացեն, լինի այնպես, ինչպես առաջ էր»։ 

Ի դեպ առ այսօր վերջնականորեն լուծված չէ հայ-վրացական 225 կմ երկարությամբ հյուսիսային սահմանի 65 կմ սահմանագծի սահմանազատման հարցը: Չհամաձայնեցված հատվածներից է նաև Խոժոռնի գյուղի հատվածը։

Կարդացեք նաև

Back to top button