
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն արձագանքել է Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի վերաբերյալ ահազանգին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները ս.թ. նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ:
Ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ սահմանված ցանկում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2016թ. ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել այդ տարածքում գտնվող ուշ միջնադարյան պատմաճարտարապետական կառույց հանդիսացող մեկ այլ հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով կառույցի կարևորությունը Երևան քաղաքի պատմության ամբողջացման համատեքստում, սակայն այն կրկին չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակության արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար: Կառուցապատողը պատրաստակամություն է հայտնել համագործակցել սույն հարցով պատկան մարմինների հետ, տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթերը:
Արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի հավելյալ տեղեկատվություն:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբույքյան իր էջում հայտնել է, որ առավոտյան գնացել են Դալմայի այգիներ՝ պարզելու ահազանգի հանգամանքները։
«Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, որ տարածքում արժեքավոր կառույցներ կան։
Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաններ կան։ Կարծում եմ, դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երեւանի պատմության վկայությունն են», գրել է նա։




