
Գեղամասարում գազ են արդյունահանում։ Չէ` չսխալվեցիք։ Խոսքը հենց գազի` կապույտ վառելիքի մասին է։ 53 տարեկան Սայադ Շահնազարյանը սեփական այգում փորձարկել ու գոմաղբից ստացել է կենսական վառելիքը: Քիչ ծախսով թեթևացնում է մեծ ընտանիքի հոգսերը: Փորձարկումը հաջող է անցել, այժմ մտածում է արդյունահանվող ծավալները մեծացնելու մասին:
«Վերցրել եմ սովորական 200 լիտրանոց տակառ, այդ գոմաղբը խառնել եմ ջրի հետ ու լցրել տակառը: Իսկ տակառի վրա նախօրոք երկարացման լար էի տեղադրել: Տակառը դրեցի բոստանում արևի տակ: 15 օրից գազը սկսեց աշխատել: Դա ես փորձարկեցի, հիմա տանը շինարարությունը վերջացնելուց հետո փոքր մասշտաբներով բոստանումս պատրաստելու եմ այդ կայանը: Երկու հատ 5 լիտրանոց տակառը լիովին կբավականացնի մեր ընտանիքին: Դրա գործարկման համար էլ անհրաժեշտ է լինելու ընդամենը երկու կաշկա աթար»:

Կարևորը ոչ մեկից կախվածության մեջ չես լինում, ծիծաղով շարունակում է խոսքը: Գեղարքունիքի մարզի Փամբակ համայնքում բնակվող Խլոյանները շատ ավելի վաղուց գիտեին գոմաղբից կենսագազ ստանալու գաղտնիքը, սակայն որոշակի ծախսերի հետ կապված քայլեր չեն ձեռնարկել: Արդեն 5 տարի է հիմնել են գազի սեփական գործարանը: Իրենց հողամասում տան կարիքները հոգալու համար շահագործում են կենսագազի կայանը: Հողամաս մտնելիս հայացքդ միանգամից ուղղվում է դեպի այդ կայաններ: 4 գմբեթներ հիշեցնող տանիքների տակ արտադրվում է գազը: Ամուսիններ Նունե և Նվեր Խլոյանները կայանի շահագործման բոլոր նրբություններին տիրապետում են:

«Սկզբնականում մենք գոմաղբը լցնում ենք այստեղ` այս փոսի մեջ: Իրեն ավելացնում ենք համապատասխան ջուր, խառնում ենք իրեն: Հասնում է այն աստիճանի, որ դառնում է շատ ջրիկ լուծույթ: Իր միջից հանում ենք ավելորդ խոտերը, դառնում է միայն լուծույթ: Փայտով խառնում ենք: Ինքը մնում, տաքանում է, եռման գործընթացը երբ կարգավորվում է, իրենից դուրս եկած գազը սկսում է»:
Ամուսիններն այնքան են մասնագիտացել այս աշխատանքներում, որ գազի ստացման գործում նորույթներ են կիրառել: Գազը մի հորից մյուս հոր տեղափոխող քարե մակերեսը ծակել են, փայտյա խողովակներ տեղադրել, դրանցով էլ խառնում են գազը, որպեսզի ավելի արագ հասնի ֆիլտրման հորերին: Եթե ապրում ես գյուղում և զբաղվում անասնապահությամբ, ապա կենսագազի կայան չունենալը հանցագործություն է` ասում է զրուցակիցս: Սակայն այս տարբերակով գազ ստանալը ևս մեկ առավելություն ունի: Այս վառելիքից ստացված մնացորդը` հումուսը, օգտագործվում է որպես պարարտանյութ, որն առավել օգտակար է, քան սիլիտրան, նշում է արդեն կենսագազի մասնագետ Նվեր Խլոյանը:
«Սա արդեն մաքուր հումուս է: Մենք պոմպի օգնությամբ այն դուրս ենք հանում և օգտագործում մեր բակում: Կարտոֆիլ, լոբի, լոլիկ, վարունգ, ինչ աճեցնում ենք, որպես պարարտանյութ սա ենք օգտագործում, նաև ծառերն ենք ջրում, սակայն ոչ շատ, քանի որ կվառի արմատները: Մեր հումուսի նմուշներից ուղարկել ենք Երևանի լաբորատորիա և մեզ պատասխանել են, որ Վրաստանի արտադրած սիլիտրայի հետ հավասար արդյունավետություն ունի»:
Կենսական գազը Խլոյանները ստանում և օգտագործում են ապրիլ-հոկտեմբեր ամիսներին, քանի որ գոմաղբը գազի վերածող տեխնիկական սարքերը տեղադրված են բացօթյա այգում, և ձմռան ամիսներին խողովակներով հոսող հեղուկը սառչում է։ Իսկ այս ամենը փակ տարածքում շահագործելը ֆինանսական հարցերի հետ է կապված, ամուսնու խոսքը շարունակում է Նունե Խլոյանը:
«Մենք կաշխատացնենք նաև ձմռանը: Ուղղակի հովանավորներ չունենք: Պետք է ծածկվի: Եթե ջերմոցի նման սա ծածկվի, ձմռանը, ամառվա նման, մենք նույն ձևով նորից կօգտագործենք, և նորից կստանանք հումուս»:
Նույնիսկ տեղական կազմակերպություններից մեկի հետ նախնական պայմանավորվածություն են ունեցել իրենց արտադրած հումուսի ծավալները մեծացնելու և արտահանելու համար: Սակայն պայմանավորվածությունները մնացել են միայն խոսակցություններ:

«Ավազի կուտակումները, որ կան այնտեղ, ավազան պետք է կառուցվեր և մեր հանած հումուսը լցվեր ավազանի մեջ, ջրազրկվեր, մենք այդ հումուսը չորացնեինք, իրենք պետք է գովազդեին մեր հումուսը, մեզ տրամադրեին 1-10 կգ-անոց թղթե պարկեր վաճառքի համար: Սակայն պայմանավորվածությունները մնացին կիսատ: Մեր էկոլոգիապես մաքուր հումուսը , որը մեր հանրապետությունը մեր ջերմոցների համար ներկրում է արտասահմանից, չիմանալով թե մեջն ինչքան թունավոր նյութեր կան, մենք կարող ենք ապահովել»:
Այս կայանները օրական երկու անգամ մեկ դույլ գոմաղբով լիցքավորելու դեպքում գազ կմատակարարեն 15 տնտեսությունների: Սակայն գազակայանները, միայն կապույտ վառելիքի արտադրամաս լինելուց, կարող են նաև մատակարարել էլեկտրաէներգիա՝ հատուկ գեներատորների տեղադրման միջոցով: Այսպիսով, ստեղծելով էլեկտրաէներգիայի ու գազի սեփական գործարանը, զերծ ենք մնում կոմունալի վարձավճարների վայրիվերումներից` ասում են իրենց գլխի ճարը տեսած վարդենիսցիները:




