
«Ռադիոլուրը» եղել է Գեղարքունիքի մարզի Փամբակ համայնքում և այնտեղ նկատել, որ Եվրամիության աջակցությամբ կառուցված կենսագազի կայանն ու ջերմոցը չեն աշխատում: Սակայն դա գյուղացիներին աջակցման ծրագիր է, և նորաստեղծ կառույցները չեն արդարացնում գյուղացիների սպասելիքները:
Եվրամիության ֆինանսավորմամբ Վարդենիսի տարածաշրջանում իրականացվել է գյուղատնտեսական աջակցման ծրագիր: Ծրագրի շրջանակներում Արեգունի, Փամբակ և Գեղամասար համայնքներում կառուցվել են նաև կենսագազի կայաններ: Սակայն ինչպես փամբակցի կենսագազի շահագործման մասնագետ Նվեր Խլոյանն է ասում, այն երբևէ չի աշխատել: Նրա խոսքով` կայանն անսարք էլ կառուցվել է.

««Շեն» կազմակերպությունը գյուղին որպես նվիրատվություն բերեց կառուցեց բիոգազի կայան և ջերմոց: Կառուցեցին անսարք, ես ներկա եմ եղել, գնացել եմ մի քանի անգամ զգուշացրել եմ, որ սա չի աշխատելու։ Կառուցեցին, մարդիկ թողեցին գնացին և ինչպես որ կառուցել են, այդպես անսարք մնացել է, չկարողացան աշխատեցնել, և թողեցին գնացին»:
Փամբակ համայնքում կայանի կառուցման աշխատանքները, ըստ «Շեն» կազմակերպության Գեղարքունիքի մարզի պատասխանատու Լյուբա Մանուկյանի, ավարտվել են 2019 թվականի օգոստոսին և կայանը չի աշխատել ընդհանրապես:

«Կայանն արդեն նպատակահարմար չէ աշխատեցնել, քանի որ ցրտերը միանգամից ընկնում են և գոմաղբի ինքնախմորման գործընթաց պետք է կատարվի: Նախատեսվեց, որ ձմռան ամիսներին, այսինքն` նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվարին չաշխատի, իսկ դրանից հետո համապատասխան գոմաղբ ավելացնելով կոոպերատիվի անդամները աշխատեցնեն»:

Փորձնական ծրագրի իրականացման համար ծախսված գումարների չափին զրուցակիցս չէր տիրապետում: Միայն փոխանցեց, որ մրցույթով շահած ծրագիր է: Փամբակում կառուցված կենսագազի փոքր կայանները ջերմամատակարարում են ապահովելու միայն հարևանությամբ գործող ջերմոցին: Փամբակ մեր այցի ժամանակ եղանք նաև ջերմոցի և կայանների տարածքում: Անմխիթար վիճակում էին գտնվում և՛ կայանները, և՛ ջերմոցը, որը ևս չէր աշխատում:
«Ջերմոցը չէր աշխատում, քանի որ ցրտահարություններից հետո ցրտահարվել էր նաև ջերմոցը: Մինչ այդ իրենք արտադրել են պոմիդոր և վարունգ»:
Նման մի փորձ ունեցել են նաև նախորդ տարիներին, երբ ցրտահարվել են ամբողջ մշակաբույսերը: Եվ ջերմոցը, ինչպես եւ կայանները, գործելու են վաղ գարնանից մինչև խորը աշուն:




