
Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2020 թվականի գարնանը։
Ֆինանսավորումն ամբողջությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Ըստ նախնական տվյալների՝ Կապան-Երևան-Կապան չվերթը կարժենա 40 հազար դրամ։
Սյունիքի օդանավակայանի վերագործարկումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական խոշոր նախագծերից է։ Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։

«Ներկայումս ընթանում են օդանավակայանի կառուցվածքի շուրջ քննարկումներ։ Կառուցվածքը հաստատելուց հետո տեղի կունենա անձնակազմի հավաքագրում։ Դրանից հետո տվյալ անձանց կգործուղենք Երևան՝ անցնելու համապատասխան սերտիֆիկացում և դասընթացներ, որից հետո արդեն տեղի կունենա շահագործումն ու կանցնեն աշխատանքի»,- ասում է «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանը։
Ըստ նրա՝ նախատեսվում է ունենալ 20 և ավելի աշխատակից, որոնք մեկ ժամում կսպասարկեն մոտ 100 ուղևորի։ Արդյո՞ք «Սյունիք օդնավակայանը» կունենա միջազգային ուղղություններ։ Նարեկ Ամբարյանը նշում է, որ այլ երկրներ թռիչքներ չեն նախատեսվում․

«Որովհետև «Զվարթնոց» օդանավակայանն ունի մենաշնորհ, ինչպես նաև Գյումրու օդանավակայանը, այդ իսկ պատճառով Հայաստանում չեն կարող լինել միջազգային այլ օդանավակայաններ։ Բայց մենք այն նախագծել, կառուցել, սերտիֆիկացնում ենք միջազգային օդանավակայանի պահանջներին համապատասխան, հույսով, որ մի օր այդ արգելքը կվերանա և Կապանը նույնպես միջազգային օդանավակայան կունենա»։
Թերևս ամենաքննարկվող հարցը տոմսերն են. որքա՞ն դրանք կարժենան։ «Այս պահին դեռ հաշվում են, բայց կարծում եմ, որ 40 հազար դրամի շրջանակներում է, Երևան և հակառակը»։

Ե՞րբ շահագործման կհանձնվի օդանավակայանը, գլխավոր տնօրենի առաջին տեղակալն ասում է․
«2020 թվականի ընթացքում, հուսով ենք, որ դա կլինի առաջին կիսամյակում։ Ավարտական փուլում է գտնվում։ Ունի բարդություններ, որովհետև սա զուտ շինարարություն չէ, այլ հատուկ օբյեկտ է, անցնում է սերտիֆիկացումներ, փորձաքննություններ և այդ բոլոր փուլերը մեր օդանավակայանն անցնում է։ Նախագծման, մտահղացման և իրականացման բոլոր փուլերում ֆինանսավորումն ամբող ծավալով իրականացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանտը։ Ընդհանուր նախահաշվային արժեքը, եթե չեմ սխալվում, 2,3 միլիարդ դրամ է, որից մոտ 2 միլիարդն արդեն իրացված է։ Ինքնաթիռի գինը, եթե չեմ սխալվում, հինգ ու կես միլիոն դոլար է»։

«Սյունիք օդանավակայան» շահագործումն արդյո՞ք շահավետ նախագիծ է։ Եթե շահավետ լիներ, վաղուց արդեն Կապանում կառուցված կլիներ` ասում է Նարեկ Ամբարյանը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շատ ձեռնարկումներ է անում, որի արդյունքում շահույթ չի հետապնդում։ Սա մեզ համար սոցիալական ծրագիր է, ուղղված է մարզում կյանքի բարելավմանը, ակտիվացմանը, տուրիզմի զարգացմանը։ Այս սահմանային գոտում ունենալ նման օդանավակայան, այլ ստրատեգիական հարցեր կլուծի։ Սա բիզնես ձեռնարկում չէ, շահույթ չի հետապնդում»։
Հավելենք, որ «Սյունիք օդանավակայանի» համար նախատեսվում է շահագործման հանձնել 19 տեղանոց չեխական Լ 410 ինքնաթիռը։




