
Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ նոյեմբերի 13-ը հռչակվել է Կույրերի միջազգային օր։ 1745 թվականի այս օրը Ֆրանսիայում ծնվել է հանրահայտ ուսուցիչ Վալենտին Գայուին, որը Փարիզում ու Պետերբուրգում հիմնել է կույրերի համար նախատեսված մի քանի դպրոց ու կազմակերպություն։
Գայուին տպագրատուն է հիմնել ու հենց ինքն էլ սկսել է հրատարակել կույրերի համար նախատեսված առաջին գրքերը։ Նրա գրքերի հիման վրա կույրերը գրաճանաչ են դարձել, մինչև 1829 թվականին Լուի Բրայլը հայտնագործել է կույրերի համար բրալյան այբուբենը։
Հայաստանի կույրերի միավորումը ուռուցիկ, կետային համակարգով գրքերի, ամսագրերի տպագրություն հիմնել է 1956 թվականին, 1963 թվականի նոյեմբերից գործում է միավորման հրատարակչությունը, որտեղ էլ ինչ օրս ստեղծվում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված բրալյան գրականությունը։ 1964 թվականից հրատարակչությունը ղեկավարում է Թելման Բոյաջյանը:
1919 թվականին Ամերիկյան կոմիտեն /Ամերկոմ/Ալեքսանդրապոլում ստեղծեց որբանոց, որտեղ նաև տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ կային։ Այստեղ աշխատում էր Վիեննայում կրթություն ստացած կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը, որը ևս չէր տեսնում։ Հենց նա էր, որ բրալյան համակարգը հարմարեցրեց հայերեն այբուբենին՝ դառնալով Հայաստանում առաջին տիֆլոմանկավարժը։
1939 թվականին, ինչպես Հայաստանի կույրեի միավորման հրատարակչության տնօրեն Թելման Բոյաջյանն է բնորոշում, միավորման ջանքերով, խնդրանքով ու հորդորներով բացվեց չտեսնող երեխաների գիշերօթիկ դպրոցը, որտեղ էլ մինչ օրս գրաճանաչ են դառնում ու կրթություն ստանում տեսողական խնդիրներ ունեցող երեխաները։

«Ծավալվել է դպրոցի գործունեությունը։ Դպրոցի պարտադիր առարկաներից զատ երեխաները նաև տարբեր հմտություններ են ստանում՝ խոհարարություն, մերսում, երաժշտական տարբեր գործիքների վրա են նվագում, կան տարբեր խմբակներ»։
Կույրերի համար ստեղծվող գրականությունը Հայաստանում տպագրվում է 1963 թվականից։ Կույրերի միավորման հրատարակչությունը Թելման Բոյաջյանը ղեկավարում է 64 թվականից։ «Տպագրում ենք այն ամենը, ինչ ունի գեղարվեստական արժեք ու կարող է հետաքրքրել տեսողական խնդիրներ ունեցող մարդուն. Հոմերոս, Շեքսպիր, Գյոթե, Բայրոն, Հայնե, Հյուգո, իհարկե՝ նաև Սարոյան։ Տպագրել ենք հայ դասականների բոլոր ստեղծագործությունները»,- ասում է Բոյաջյանը։ 1965 թվականից հրատարկչությունը թողարկում է նաև, այսպես կոչված, խոսող գրքեր։ Կույրերի սիրելի ձայնն այսօր Հանրային ռադիոյի մեր նախկին գործընկեր Կարեն Վարդանյանն է։ Նրան հանդիպեցինք հենց ձայնագրության պահին։

Բրալյան գրով մեկ հաստափոր գիրքը որքան ժամանակում կարող է կարդալ ընթերցողը։ Թելման Բոյաջյանը պարզաբանում է. «Գուցե փոքր-ինչ ավելի ժամանակ կհատկացնի, քան սովորական ընթերցողը, առավել աշխատատար է տպագրությունը»։
«Բրալյան համակարգը շատ բարդություններ ունի։ Շուրջ 2000 նշան կա, օրինակ քիմիական նշանները։ Հումանիտար ոլորտով զբաղվող մարդը կարող է դրանք չիմանալ, բայց տպագրությամբ զբաղվող մեր աշխատակիցները պետք է իմանան բոլորը։ Մենք ամբողջ հանրապետության մակարդակով եզակի մասնագետներ ունենք»։
Հրատարակչության երկարամյա տնօրենի հետ զրուցում ենք ոչ միայն բրալյան գրերից ու գրականությունից, այլև խավարի մեջ ապրող մարդու հագեվիճակի մասին.

«Եթե բնությունը մարդուն ստեղծում է հինգ զգայարանով, ուրեմն դրանցից յուրաքանչյուրն ունի իր անելիքը։ Կուրության դեպքում կարող է զարգանալ լսողությունն ու շոշափելիքը։ Դա էլ ժամանակի ընթացքում է ձեռք բերվում, բայց տեսողությունն այն է, ինչ անփոխարինելի է»,-ասում է Բոյաջյանը։
Այն, ինչ անփոխարինելի է, նա կորցրեց 11 տարեկանում։ Աչքի ընդամենը բորբոքային փոքրիկ հիվանդությունը, օրերի ընթացքում տղային զրկեց լույսից։ Աչքով տեսած վերջին պատկերը հիվանդանոցի պատերն էին, որոնք վայրկյանների ընթացքում վերածվեցին տասնամյակների խավարի։ Մտքում ունեցած պատկերներն այժմ մինչև 11 տարեկանն ունեցած հիշողություններն են, հարազատների դեպքերը, նաև այն, ինչ տեսնում է երազում ։
«Երազում տեսնում եմ մարդուն այնպիսին, ինչպիսին կա։ Շատ եմ տեսնում, ձեզ էլ կարող է տեսնեմ վաղը, մյուս օրը»։
Թելման Բոյաջյանն ամուսնացած է, ունի զավակներ, թոռներ։ Պատմում է, որ կնոջ հետ ծանոթացել է ընկերոջ միջոցով։ Նման դեպքերում սովորաբար ասում են՝ տեսա, հավանեցի, սիրեցի։ Թելման Բոյաջյանն էլ տեսավ, բայց միայն հոգու աչքերով։
«Շփվել ենք, խոսել, մտերմացել։ Զգացի, որ կարելի է նաև սիրել այս ընկերուհուն՝ ոչ միայն աչքերով։ Դա կնշանակեր բացառել մեր սիրելու հնարավորությունը։ Ունեմ կին, տղա, աղջիկ, հարս, թոռներ։ Նրանց հետ շփվում եմ, նրանց հետ ապրում, բայց նրանց դեմքը չեմ տեսել։ Անշուշտ մեծ կորուստ է՝ մարդու հետ ապրել, դեմքը չտեսնել, կնոջ հետ ապրել, դեմքը չտեսնել, մարմինը չտեսնել»։
Ինչպիսի՞ն է հենց իր դեմքը. միայն այնպիսին, ինչպիսին տեսել է 11 տարեկանում։ Տասնամյակների փոփոխությունների մասին չկա որևէ պատկերացում։ Հնարավո՞ր է ապրել նման խավարի մեջ ու չկորցնել հոգու լույսը, վստահեցնում է՝ հնարավոր է։
«Լույս չի՞ տալիս արդյոք ընտանիքը, երեխային սիրելը, երեխայից սիրվելը։ Այդ պահերին թվում է, որ աշխարհը հենց լույս է»։
Ոչ ապրելն եմ պատկերացնում, ոչ էլ ապրելու իմաստը, եթե չլիներ ներքին լույսը։ Թելման Բոյաջյանի հետ մեր զրույցի եզրափակիչ ակորդը։




