
Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է խորհրդից դուրս գալու մասին: Վազգեն Մանուկյանը նամակ է հղել Հանրային խորհրդի անդամներին, որում հայտնել է, որ Հանրային խորհրդում իր գործունեությունը համարում է անիմաստ և դուրս է գալիս խորհրդից, ինչի մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը:
«Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել»,- գրել է Մանուկյանը:
Վազգեն Մանուկյանը նամակում հիշեցրել է, որ քանիցս փորձել է հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ «թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը, սակայն այդ փորձերն ապարդյուն են անցել»:
«Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը»,- գրել է Մանուկյանը։




