
Ճամբարակի փոխքաղաքապետ Ռոբերտ Օհանյանը «Ռադիոլուրի» միջոցով պատկան մարմիններին խնդրել էր թույլատրել համայնքի բնակիչներին անտառներում թափված ոչ պիտանի թափուկները հավաքել որպես վառելափայտ։
Ինչ է լինում թափուկների հետ եւ ինչպես կարող են մարդիկ հավաքել այն` ձմռանը պատրաստվելու համար։
Ճամբարակում կան համայնքներ, որտեղ կապույտ վառելիքը երազանք է: Ձմռանն այդ համայնքներում ջեռուցումը խնդիր է դառնում։ Տավուշի անտառներում ծառի ճյուղերի մեծ թափոններ կան։ Ճամբարակը հեռու է անտառապատ տարածքներից, բացի այդ էլ անտառից օգտվել չի կարող։ Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը բարձրաձայնում է իրավիճակից դուրս գալու եղանակ:
«Ցավոտ խնդիր է այսօր: Չենք ասում նոր ծառեր կտրեն, բայց էդ թափոնները թույլատրեն, կամ ինչ- որ մի ձևով հանեն և բաշխվի սոցիալապես անապահով ընտանիքներին: Ճամբարակ- Բերդ այդ հատվածը լրիվ անտառապատ է, Թեղուտի տարածքի մասին է խոսքը», -ասում է Ճամբարակի փոխքաղաքապետ Ռոբերտ Օհանյանը:
Նրա խոսքով` այս քայլով անտառը կմաքրվի նաեւ, քանի որ մնացած ճյուղերը հրդեհավտանգ վիճակ են ստեղծում։ «Արծվաբերդի» անտառտնտեսության ավագ անտառապետ Կոլյա Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ կառավարության որոշմամբ ոչ արտադրական նպատակով թափուկներն անվճար տրամադրում են Արծվաբերդի շրջակա 16 գյուղերի ու Բերդ քաղաքի բնակիչներին:

Ճամբարակի փոխքաղաքապետի բարձրաձայնած խնդիրը նախորդ տարի քննարկել են և առաջարկել են դիմել Գեղարքունիքի մարզպետարան և կառավարություն: Նման մի օրինակ ունեցել են Բերդ քաղաքի դեպքում: Քաղաքապետի` շրջակա միջավայրի նախարարություն դիմելուց հետո Բերդը մտել է անվճար թափուկները ստացող բնակավայրերի ցանկում: Իսկ Գեղարքունիքի մարզն անվճար թափուկ է ստանում Ճամբարակի անտառտնտեսությունից: Սակայն այստեղ տարածքն է շատ փոքր:
Եթե Արծվաբերդի անտառները կազմում են 43000 հեկտար տարածություն, ապա Ճամբարակինը` մոտ 8000 է: Ճամբարակի անտառտնտեսությունից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Սակայն Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը տեղեկացրեց, որ մարզի միակ անտառտնտեսությունն ամեն տարի հարակից սահմանամերձ համայնքներին որոշակի քանակությամբ թափուկներ տրամադրում է:
«Մեզ առ այս րոպեն չեն դիմել, որ խնդրում ենք Տավուշի անտառներից օգտվելու ձեր միջնորդությունը: Եթե նման հարց բարձրանա, Ճամբարակի համայնքապետարանը կամ որևէ մեկը դիմի մեզ, ապա մենք կկապվենք հարևան մարզի հետ և կաշխատենք հարցը կարգավորել»,- ասում է Համբարձում Համբարձումյանը:
Այժմ էլ «Սևան ազգային պարկում» են լճի մակարդակի բարձրացման հետ կապված մաքրման աշխատանքներ կատարում։ Այստեղ արժեքավոր անտառանյութերից բացի, որոնք վաճառվելու են, մնացածը շուտով շրջակա միջավայրի նախարարության որոշումով որպես վառելափայտ անվճար կտրամադրվի հարակից համայնքների բնակիչներին:




