
Այս տարվանից Սևան քաղաք գալու առիթներն ավելացել են ևս մեկով. քաղաքի կենտրոնում կառուցված բիզնես կենտրոն գալիս են դեռևս նոր առաջին քայլերն անող սկսնակ ձեռներեցները, արդեն ճանապարհ անցած փորձառու գործարարները, բիզնես ոլորտի փորձագետները, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ստարտափերի հեղինակները, ուսանողները, աշակերտները, կամավորները:
Ինչպես Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, այստեղ գործում է մի կառույց, որ կյանքի է կոչվել «ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի շրջանակներում` ԵՄ համաֆինանսավորմամբ:
Սևանն անդամակցում է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրին և դրա շրջանակներում էլ ներկայացրել է հաջողված և մրցունակ առաջարկ` «ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագիրը:
Սևան համայնքը ծրագիրն իրականացնում է Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի հետ: Ծրագրի նպատակն է զբաղվածության, որակի, կայունության, անվտանգության և աշխատաշուկայի որակական աճի վրա բազմակողմանի ազդեցության միջոցով նպաստել համայնքում և ողջ տարածաշրջանում կայուն տնտեսական աճի արձանագրմանը:

Գեղարքունիքի մարզի համար այս կենտրոնը ինկուբատոր է, որտեղ ամեն օր մշակվում են գաղափարներ ու տարածվում: «ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի առանցք հանդիսացող բիզնես կենտրոնը ներառում է աշխատանքային համընդհանուր տարածքներ գործարարների համար, աշխատանքային հանդիպումների նորարական, կոնֆերանս սենյակներ, տեղեկատվական և խորհրդատվական կենտրոններ, որտեղ իրականացվում են բիզնեսի զարգացման խորհրդատվություն և կազմակերպում են դասընթացներ:
Նորաբաց բիզնես կենտրոնն իր այցելուներին առաջարկում է բազմաթիվ ծառայություններ և տրամադրում հարմարավետ, ժամանակակից տեխնիկայով զինված ենթակառուցվածքներ:
Բիզնես կենտրոնը միաժամանակ ուսուցման, իրազեկման կառույց է, սովորելու և սովորեցնելու լավագույն միջավայր, որտեղ միմյանց են հանդիպում փորձագետն ու գործարարը, փորձառուն և սկսնակը, ոլորտի մասնագետներն ու առաջին քայլերն անողները:
Չնայած մի քանի ամսիների գործունեությանը` արդեն իսկ տեսանելի է կատարված աշխատանքը:
Նորաբաց բիզնես կենտրոնում արդեն անցկացվել են մի շարք խորհրդատվություններ, թեմատիկ վարժանքներ, փորձագիտական հանդիպումներ, դասընթացներ, գործարար գաղափարների քննարկումներ, բիզնես պլանավորման և իրազեկման աշխատանքներ, հեղինակային վարպետաց դասեր, մշակվել է 80 ստարտափ:

Արդեն իսկ նկատելի են բիզնես կենտրոնի ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման վրա` սկսած բիզնես պլանավորման առաջին քայլերից մինչև կայացած բիզնես ծրագրերի իրականացում, որը համայնք-պետություն-մասնավոր հատված-միջազգային կառույց քառակողմ համագործակցության հաջողված պատմություններից մեկն է:
Այս հաջողված պատմությունն էլ դարձել է «Տարվա գործարար կառույց» անվանակարգի հաղթողը, որն անցկացվում է «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխության շրջանակներում Հայաստանի Համայնքների միության և ՀՀ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:




