ԿարևորՀասարակություն

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկվել են Արագածոտնի մարզի բոլոր 117 դպրոցները

Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում կայացել է Արագածոտնի մարզում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը ՀՀ կառավարությանը հանձնելու պաշտոնական արարողությունը, որին մասնակցել եբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՌԴ ֆինանսների նախարարության, «Ճյուղային սննդի ինստիտուտի», «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Միջոցառման պաշտոնական մասում մարզպետը ողջունել է մարզ այցելած հյուրերին, շնորհակալություն է հայտնել ծրագրի աջակիցներին, խոսել է Արագածոտնի մարզում ծրագրի արդյունքների մասին:
Նախարար Արայիկ Հարությունյանը և նախաձեռնության հեղինակները ներկայացրել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի անցած ուղին և զարգացման հեռանկարները՝ տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկվել են Արագածոտնի մարզի բոլոր 117 դպրոցները, որտեղ հաճախում են 1-4-րդ դասարանների, ինչպես նաև դպրոցներին կից նախակրթարանների ավելի քան 7514 սաներ: 101 դպրոցի շուրջ 7000 աշակետ կստանա ամենօրյա տաք սնունդ, իսկ 16 դպրոցի 576 աշակերտ՝ չոր սնունդ: Թե ինչ ճաշացուցակ կունենան աշակերտները՝ թողնված է դպրոցի տնօրինությանն ու խոհարարների հայեցողությանը, սակայն սննդի օրաբաժնի, էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի որակի նկատմամբ սահմանված է խիստ վերահսկողություն:

Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը այցելել են դպրոցի այգում ՄԱԿ-ի ՊՀԾ շրջանակներում կառուցվող ջերմոց, որտեղ ինչպես ավանդական, այնպես էլ հիդրոպոնիկ պայմաններում աճեցվելու են գյուղատնտեսական մթերքներ: Արտադրանքն իրացվելու է տեղում՝ օգտագործվելով դպրոցի աշակերտների համար պատրաստվող ճաշատեսակներում: Ջերմոցի կառուցումն ունի նաև կրթական բաղադրիչ: Երեխաները մասնակից կդառնան գյուղատնտեսական աշխատանքներին, կսովորեն բույսերի ճիշտ մշակումը: Ծրագիրը պիլոտային է, ջերմոցը դեռևս միակն է Հայաստանի դպրոցներում: Հաջողված փորձի դեպքում նախատեսվում է այլ կրթօջախներին կից ևս հիմնել նմանատիպ ջերմոցներ:

Ներկաները շրջել են դպրոցի վերանորոգված և սարքավորումներով հագեցված խոհանոցում, ծանոթացան պայմաններին և ճաշել են դպրոցականների հետ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, գրում է. «Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության:

Արագածոտնը դարձել է 6-րդ մարզը, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերից հետո, որտեղ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Օրվա մեջ առնվազն մեկ անգամ երեխաներին ապահովում ենք տաք սննդով, ինչը դրական է անդրադառնում կրթության որակի վրա: Նախարարությունը, որպես հիմնական պատասխանատու, իրականացնելու է վերապատրաստումներ, արդյունքների գնահատում: Հաջողության երկրորդ կարևոր գրավականը ուսուցիչների և ծնողների ներգրավումն է դպրոցական սննդի կազմակերպման և առկա խնդիրների լուծման գործում: Երրորդ կարևոր գրավականը միջավայրի ապահովումն է. մենք ցանկանում ենք այս ծրագրով խթանել տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև բարելավել ենթակառուցվածքները` խոհանոցային տարածքների վերակառուցման և սարքավորումներով համալրման միջոցով»:

Կարդացեք նաև

Back to top button