Քաղաքական

Հայ-ֆրանսիական կապերն ամրապնդվում են

Նոյեմբերի 11-12-ը Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը խաղաղության համաժողովում, ինչպես նաև  միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։

«Իմ  քայլը» խմբակցության  պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ  Սոս Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորել է Հայաստան-Ֆրանսիա գործընկերային հարաբերությունները:

Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին Փարիզում էր, այն ժամանակ մասնակցում էր խաղաղության առաջին համաժողովին։

«Հայաստանը Ֆրանսիայի կարևոր գործընկերներից է»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է «Իմ  քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ  Սոս Ավետիսյանը։  Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի ընթացքում կմասնակցի նաև  ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Ֆրանսիան կարևոր դեր ունի նաև մշակութային ժառանգության պահպանության հարցում` ընդգծում  է Ավետիսյանը.

«Երրորդ ամենակարևոր ուղղությունը Հայաստան-ԵՄ հարաբերություններն են, քանի որ Ֆրանսիան ԵՄ երկու կարևոր երկրներից մեկն է: Այստեղ շատ աշխատանքներ են  պետք տանել Սեպայի համաձայնագրի  վավերացման գործընթացն ավարտելու եւ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու համար:  Չեմ կարծում հենց այս երկօրյա այցի ընթացքում բոլոր հարցերը կքննարկվեն, սակայն Ֆրանսիան՝ որպես գործընկեր,  հենց այդ ուղղություններում է կարևոր»:

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի մասով  բոլոր երկրները համարյա  վավերացրել են, քարտեզը կիրարկվում է», — ընդգծում է պատգամավորը.  

«Ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ Սեպայի համաձայնագրի իրականացումը և վիզաների ազատականացումը տարբեր են: Դրանք մեկը մյուսով փոխկապակցված չեն՝ գոնե թղթի վրա: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Սեպայի   միջոցով ավելի կանխատեսելի գործընկերներ կդառնանք եվրոպացիների համար, և սա կբերի վիզաների ազատականացման շուրջ երկխոսության խթանմանը»:

Վերջնաժամկետ չկա, թե վիզաների ազատականացումը երբ կյանքի կկոչվի, արձանագրում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ու հիշեցնում իրենց նախընտրական  ծրագրի  մասին.

«Իմ քայլ»- ի նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ  պետք է անցնենք վիզաների ազատականացման: Այն ժամկետում, որ մենք կանք, այդ գործողությունները պետք է լինեն:

Էկոնոմիկայի նախարարության «Ռադիոլուրին» տրամադրած տվյալների համաձայն,  այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում ֆրանսիական ընդհանուր ներդրումները նվազել են (զուտ ներդրումները` -13․7 մլն ԱՄՆ դոլար, ուղղակի ներդրումները -14․4 մլն ԱՄՆ դոլար):

2019 թվականի հունիսի վերջի դրությամբ, ՀՀ տնտեսության իրական հատվածում ֆրանսիական ներդրումներն անցած երեք տասնամյակներում կազմել է 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, (որից ուղղակի ներդրումներ են եղել 963 մլն ԱՄՆ դոլար):

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների համաձայն` այս տարվա ապրիլի 1-ի Հայաստանում գործում է    ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 336 ձեռնարկություն:

Տնտեսությունից բացի սերտ է կապը գիտության ոլորտում: Սերտորեն համագործակցում են նաև  հայ և ֆրանսիացի երկրաբանները: Այս ոլորտում ինտենսիվ  համագործակցությունը սկսվեց  Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո` «Ռադիոլուրին» ասաց ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը.

«Այստեղ մեր աշխատակիցների հետ սկսեցին ուսումնասիրել Հայաստանի ակտիվ խզվածքները, երկրաշարժ առաջացնող օջախները: Հենց այդ ժամանակ Հարավային Կովկասում առաջին անգամ կիրառվեցին պալիոսեյսմոլոգիական խրամատներով  հին երկրաշարժերի ուսումնասիրման մեթոդները»:

Ֆրանսիացի գործընկեների հետ  ուսումնասիրվել են օֆիոլիտները՝  օվիկանոսային կեղևի մնացորդները Հայաստանում: Դրանցից մեկը Սևանից՝ Սոթքի լեռնանցքից դեպի Ամասիա է ձգվում:  Երկրաբանական   հնագիտության ոլորտում նույնպես հայ և ֆրանսիացի մասնագետները համատեղ են աշխատել: Հայ երիտասարդները պարբերաբար իրենց ատենախոսությունները պաշտպանում են Ֆրանսիայում:

1993 թվականից Հայաստանի առաջին դեմքերն աշխատանքային, պաշտոնական ու պետական ավելի քան 20 այց են կատարել Ֆրանսիա: Մեր երկիրը պարբերաբար հյուրընկալել է Ֆրանսիայի բարձրաստիճան պետական այրերին:

Կարդացեք նաև

Back to top button