
Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգով ամփոփվել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ փառատոն‚ որ եզակի էր իր ձևաչափով և 9 օրերի ընթացքում Հայաստանում էր համախմբել աշխարհի ճանաչված կոմպոզիտորներին ու մենակատարներին։ Փառատոնի ավարտը նշանավորվել է փառահեղ համերգով. ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել են աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը‚ դաշնակահար Դարիա Չայկովսկայան։ Դաշնակահարի իր կատարողական վարպետությունը ներկայացրել է նաև ինքը՝ հեղինակը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, երեկոյին ներկա է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ։ Երաժիշտները կատարել են Չայկովսկու Մեծ սերենադը‚ Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար‚ ինչպես նաև՝ «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։

Կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկին‚ խոսելով «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասին‚ նշել է‚ որ ինքը նման ձևաչափով այլ փառատոնի մասին չի լսել։ Նա առանձնացրել է հատկապես այն հանգամանքը‚ որ յուրաքանչյուր երեկո նվիրվում էր առանձին մի կոմպոզիտորի և նրա ստեղծագործական ժառանգությանը՝ ներկայացնելով ստեղծագործողի ամբողջական պատկերը‚ նրա փիլիսոփայությունը։ «Անկեղծ ասած‚ ես հիմա մտածում եմ‚ թե ինչպես նման մի փառատոն կազմակերպեմ Մոսկվայում»‚- ասաց Ալեքսանդր Չայկովսկին։ Նա նաև ընդգծեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալիզմը. «Նվագախմբի երաժիշտները արագ են արձագանքում‚ ինչը նվագախմբի շատ կարևոր է տարրերից է‚ նրանք լսում են ինչպես իրենց‚ այնպես էլ մենակատարին‚ բնականաբար՝ հետևելով նաև դիրիժորին»‚- ասել է Ալեքսանդր Չայկովսկին։

Ալտահար Յուրի Բաշմետը նշել է‚ որ ինքը լավ իմաստով ցնցված է այս փառատոնի գաղափարից. «Փառատոնի թեման առանձնահատուկ է։ Այսքան տարի բեմում եմ‚ սակայն նման բովանդակության չեմ հանդիպել»։ Յուրի Բաշմետը կարևորեց այն փաստը‚ որ փառատոնն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Նա նշեց նաև‚ որ Ռուսաստանում ևս ՌԴ կառավարությունը մեծապես աջակցում է դասական երաժշտությանը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին խոսելիս Յուրի Բաշմետը նշեց‚ որ Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ աշխատելը շատ հեշտ է։ «Միայն լավ խոսքեր կարող եմ ասել և՜ Սերգեյ Սմբատյանի‚ և՜ նվագախմբի մասին»‚- ասել է Յուրի Բաշմետը։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։




