
Դավադրության հեղինակը թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանն է: Բայց ամեն ինչի մասին հերթով: Այս տարի թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նշում էր իր 60-ամյակը։ Անձնակազմը տնօրենի նախաձեռնությամբ որոշեց թատերային ձևով նշել հոբելյանը: Բանից անտեղյակ հոբելյարին գործնական հանդիպման պատրվակով «բերման պիտի ենթարկեին» Պետական Կամերային Երաժշտական թատրոն։ Նա ամբողջ ճանապարհին դժգոհում էր՝ ինչո՞ւ հանգստյան օրով պետք է գործնական հանդիպում ունենա:
Սակայն Ստեփանյանի մտքով անգամ չէր կարող անցնել, որ հարազատ թատրոնի դահլիճում պետք է տեղի ունենա պայմանական ասված գործնական հանդիպումը: Մութ դահլիճ մուտք գործելուց հետո Ստեփանյանը, ոչինչ չհասկանալով, նայում էր աջ ու ձախ. այդ նույն պահին միացավ ձայնագրությունը:

Հենց այս խոսքերից հետո բացվեց վարագույրը, բեմում վառվեցին լույսերը. միայն այդ պահից սկսած ռեժիսորի համար հասկանալի դարձավ, թե ինչ անակնկալներ են սպասվում իրեն: Բեմում, սեղանների շուրջ Ստեփանյանի ընկերներն էին, թատրոնի անձնակազմը, մարդիկ, ովքեր որևէ կերպ առնչվել էին Սամսոն Ստեփանյանի հետ: Նրանք մեկը մյուսի հետևից պատմում էին միասին անցկացրած օրերի մասին:

30 տարվա ընկեր, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն անկեղծ խոստովանեց՝ նվերների մի քանի տարբերակ են քննարկել. սկզբում որոշել են գումար նվիրել, հետո հասկացել են, որ գումար բոլորը կնվիրեին, հետո որոշել են գառ նվիրել, բայց մտածել են՝ ինչպե՞ս բեմ բարձրացնել:

Վերջում, որոշել են ինչ-որ մնայուն բան նվիրել վաստակավոր արտիստին: Սամսոն Ստեփանյանը դեռ ուշքի չէր եկել ոսկե մեդալի շնորհումից, երբ վրա հասավ երկրորդ ոսկե մեդալը. այս անգամ թատերական գործիչների միության կողմից՝ թատերարվեստին մատուցած ծառայությունների համար, որը հանձնեց թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Անակնկալներն այսքանով չէին սահմանափակվում ու, ամեն անակնկալից հետո, դերասան Արթուր Պետրոսյանը, որը ստանձնել էր հանդիսավարի «կերպարը», հարց էր ուղղում՝ ինչպե՞ս եք պարո՛ն Ստեփանյան։ Երեկոն կարծես ամբողջական ներկայացում լիներ: Դերասանները հատվածներ էին ներկայացնում իրենց խաղացած ներկայացումներից՝ այն վերածելով յուրօրինակ շնորհավորանքի: Իսկ ֆիլմը, որ պատրաստել էր հարազատ թատրոնի անձնակազմը՝ ամբողջացրեց անակնկալների փաթեթը:

Մոտ մեկ ամիս դերասանները փորձ էին արել թատրոնում, բայց գլխավոր ռեժիսորը մեկ վայրկյան անգամ չէր կասկածել՝ ինչ է կատարվում: Սովորաբար ծննդյան տոնին բարեմաղթանքեր հղում են հրավիրվածները՝ օրվա հոբելյարին, սակայն մի պահ դերերը փոխվեցին, ու բեմից Սամսոն Ստեփանյանը ոչ թե բարեմաղթանքեր հղեց հանդիսատեսին, այլ պատգամներ, որոնցով առաջնորդվել է իր 60 տարիների ընթացքում: Դավադրությունը երբեք արդարացված չի լինում, բայց այս մեկն այդ շարքից չէր: Հանդիսատեսը դեռ երկար ժամանակ չի մոռանա Սամսոն Ստեփանյանի խառնված, հուզված հայացքը. նա սկզբից մինչև վերջ ցանկանում էր հասկանալ՝ ի՞նչ է կատարվում շուրջը: Իսկ շուրջ միայն սեր էր ու դրական էմոցիաներ:




