
«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության մտահղացմամբ՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշ մոբ՝ նվիրված երիտասարդության և ուսանողության միջազգային օրերին:
Ֆլեշ մոբին մասնակցել են հայաստանյան բուհերի ուսանողներ. նրանք սկզբում շուրջպար են բռնել հրապարակում, որից հետո ծածանել են ՀՀ պետական դրոշը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն ասել է, որ ֆլեշ մոբի կազմակերպման գաղափարն առաջացել է մոտ 20 օր առաջ:

Նրա խոսքով՝ սկզբում ֆեյսբուքյան տիրույթում են կազմակերպել «Իմ սեր Արցախ» խորագրով ֆլեշ մոբ, որի ժամանակ մասնակիցները հրապարակում էին Արցախի տեսարժան վայրերի լուսանկարներ: «Ֆլեշ մոբի ամփոփումը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին Երևանում: Երիտասարդները Հյուսիսային պողոտայում ծածանել են 150մ երկարությամբ ԱՀ պետական դրոշը: Այդ պահին էլ Արցախի ուսանողների կողմից առաջարկ ստացանք, որպեսզի Ստեփնակերտում էլ կազմակերպենք «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշ մոբ: Առաջարկը միանգամից հավանությն արժանացավ մեր կողմից և այսօր իրագործեցինք: Ֆլեշ մոբի նպատակը երիտասարդների համախմբումն է, և միասնական հայրենիք ունենալու գաղափարը»,-ավելացրել է Հովհ. Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ երիտասարդության և ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում երևանյան բուհերի ուսանողներն այցելել են զորամաս: Այսօր նախատեսում են լինել Շուշիում և Տիգրանակերտում, ինչպես նաև հանդիպումներ ունենալ Արցախյան պատերզմի հերոսների և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
«Համերգային շրջագայություն կունենանք նաև Կապանում, Եղեգնաձորում, որին կմասնակցեն «Արցախի ձայներ» երաժշտական համույթը: Նոյեմբերի 14-15-ը Երևանում կկայանա «Խաղաղ պատերազմ» խորագրով աշխատաժողով: Նոյեմբերի 17-ին էլ տեղի կունենա «Հաղթանակած»-ի համաժողովը՝ նվիրված Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխհամագործակցությանը: Նույն օրը Երևանում կկազմակերպենք ամփոփիչ համերգ»,- մանրամասնել է Հովհ. Հարությունյանը:




