
Բազմաթիվ վկայություններ կան, որ հայերը հնում ցորենից հաց են ստացել, գարեջուր պատրաստել։ Զարմանալի է, բայց մինչ այժմ էլ պահպանվում են ցորենի էնդեմիկ, վայրի տեսակները , օրինակ ուրարտական ցորենը։ Մանրամասներ իմանալու համար ուղևորվեցինք Էրեբունի պետական արգելոցի տարածք.
«Աշխարհի միակ վայրն է, որտեղ 3 տեսակի ցորեն է աճում միաժամանակ ՝ արարատյան, ուրարտական և բիոտոնիան»,- պատմում է Էրեբունի պետական արգելոցի տնօրեն Գեղամ Մխիթարյանը։
Արգելոցի տարածքը 119 հա է, որտեղ այս սեզոնին միայն ցորենի հասկերը կարող ենք տեսնել, բայցև վառ արտահայտված դեղնավուն գույնը բոլոր դեպքերում հեռվից աչք է ծակում։

«Բնօրրանը Հայաստանն է, ցորենի հայրենիքն է, այսինքն ծագել է, առաջացել է Հայաստանից, հետևաբար մարդկությունն ու ցիվիլիզացիան ևս Հայաստանից է սկսել»,-կես կատակ կես լուրջ պատմում է Մխիթարյանը։
Սակայն նրա խոսքում ճշմարտության բաժինը մեծ է, նաև գիտական ուսումնասիրություններն են փաստում։
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գիտության բաժնի պետ Արթուր Խալաթյանն է մանրամասնում.

«Արգելոցը մի հզոր վկայական է, որը փաստում է` Հայաստանը հացի ու հացահատիկի և քաղաքակրթության բնօրրաններից մեկն է։ Ուսումնասիրությունների մասով ասեմ, որ 1925-28 թթ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, ակադեմիկոս Վավիլովը այստեղ է գործուղում աշխարհահռչակ բուսաբան Տրոիցկինին։ Եվ գիտական աշխատությունների արդյունքում, անձամբ Վավիլովը 1934 թվականին գալիս է փաստում, որ սա միջազգային նշանակության տարածք է և առաջարկում է տարածք առանձնացնել և զբաղվել պահպանությամբ»:
Առհասարակ բնական պայմաններում հանդիպող ցորենների երկու տեսակ է լինում` խոշոր և մանրահատիկ: Խոշորը եթովպական լեռնաշխարհում է հանդիպում, իսկ ահա մանրահատիկը՝ հայկական:

Խոսքը վայրի կամ բնական պայմաններում աճող տեսակների մասին է, իսկ գյուղատնտեսությունում հանդիպողները մշակովի տեսակներն են, որոնք առաջացել են սելեկցիայի կամ խաչասերման արդյունքում: Էրեբունի արգելոցում հանդիպում է նաև գարի, կորնգան և այլն: Արգելոցի ողջ տարածքը հսկում է երեք հոգի: Տեսուչ Գագիկ Շահումյանը 13 տարի աշխատում է արգելոցում, հաճախ շուրջօրյա.
«Հսկում ենք, որ հրդեհներ չլինեն, անասուններ չմտնեն տարածքը, հիմնականը դա է: Դժվարությունները շատ են, հրդեհների ժամանակ շատ դժվարություններ են լինում, օձերն են շատ, վախեցնում են, թունավոր են, գյուրզա»:
Այն, որ սողուններն արգելոցի տարածքում շատ կլինեն, բնական է, քանի որ կրծողներ կան, նրանք սնվում են կրծողներով, իսկ ահա կրծողներն էլ ցորենով: Ինչ վերաբերում է հրդեհներին, ապա, տեսուչի խոսքով, հաճախ են լինում, և ամեն ինչ անում են, որպեսզի չմոտենա արգելոցի տարածքին: Հակահրդեհային միջոցառումների մասին և թե ինչպես են պաշտպանում էնդեմիկ ցորենի տեսակները, պատմում է արգելոցի տնօրենը՝ Գեղամ Մխիթարյանը.
«Հանքայնացման աշխատանքներ են կատարում, խոտը հենց սկսում է չորանալ, սահմանագծով փորում ենք, Աստված չանի, եթե լինի, ապա արգելոց չմտնի»:

Ամայի, խորդուբորդ ճանապարհներով այդ հատվածում, որտեղ վայրի ցորենի արգելոցն է, ջրի խնդիր կա: Ճիշտ է` վայրի ցորենի աճին ջուր չլինելը չի խանգարում, բայց հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտություն է: Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ միջազգային կազմակերպությունների հետ քննարկում է արգելոցի տարածքում ջրի բաքեր տեղադրելու մասին.
«Փորձում ենք համակարգ ձևավորել։ Այսինքն` շուրջբոլորն ունենալ բաքեր, կողանանք ներքևից ջուրը մղել բաքերի մեջ, երբ որ հրդեհ լինի շրջապատում` մի կնոպկա սեղմելով կարողանանք ամբողջ համակարգը գործարկել»:

Էրեբունի արգելոցը, թեև հայտնի է իր վայրի ցորենի տեսակներով, այդուհանդերձ այստեղ բուսերի մի ողջ համալիր է: Միայն Կարմիր գրքում գրանցված 21 տեսակ է հանդիպում։




