
Ընտանեկան ու գործազրկության նպաստների՝ բարոյապես մաշված համակարգն աստիճանաբար իր տեղը պետք է զիջի մեր քաղաքացիների զբաղվածությունն ապահովող ակտիվ ծրագրերին․ սա ոլորտը համակարգող պատկան մարմինների մոտեցումն է, որը փորձում են վերածել՝ նախ իրավական հիմքի, ապա նաև՝ իրականության։
Ժամանակին գոյություն ունեցող գործազրկության նպաստ հասկացողությունը 2014 թվականից պետությունը դադարեց վճարել՝ փոխարենն առաջարկելով զբաղվածության ապահովման ավելի ակտիվ ծրագրեր։
Այս ոլորտում ամենակարևոր նախաձեռնություններից էր համարվում փոքր ու միջին բիզնեսին աջակցության ծրագիրը։ Ինչպիսի՞ն են արդյունքները հինգ տարի անց, որքանո՞վ հաջողվեց լուծել մեր քաղաքացիների զբաղվածության խնդիրը․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ արդյունքներ իհարկե կան, բայց ոչ այն ծավալի, որ կարող են բավարարել։

Նոր կառավարության մոտեցումն այս ոլորտում հետևյալն է․ «Աշխատանքն ու զբաղվածությունը աղքատության հաղթահարման միակ երկարաժամկետ տարբերական է։ Ներկա քաղաքականությունն ուղղված է հենց աշխատանքի ու զբաղվածության խթանմանը»,- ասում է Մարտիրոսյանը։
Կա տարածված տեսակետ, որ զբաղվածության խնդիրը չլուծած նպաստառու ընտանիքների աշխատունակ անձիք նպաստի իրավունքից չզրկվելու համար խուսափում են հարմար աշխատանքի առաջարկից կամ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակում իրականացվող ակտիվ նախագծերում ընդգրկվելուց։ Ինչ-որ առումով արատավոր ավանդույթի վերածված այս իրողության դեմ ինչպե՞ս է պայքարում պետական մարմինը։
«Իրականցվել են փոփոխություններ, որոնց արդյունքում Ֆորմալ աշխատանք ունենալն այժմ այնքան վտանգավոր չէ, որքան առաջ»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:
Շրջանառության մեջ դրված նախագծով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վեց ամիս ընտանեկան կամ սոցիալական նպաստ տրամադրել այն ընտանիքներին, որոնց աշխատունակ անդամը աշխատանքի կանցնի։

Այն քաղաքացին, որը հարմար աշխատանքից երկու անգամ կհրաժարվի, միավորը զգալիորեն կիջնի, ինչը վճռորոշ նշանակություն կունենա ընտանեկան նպաստի իրավունքից օգտվելու հարցում։
Նախարարությունն առաջարկում է նաև ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ հաշվի առնել 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանքը։ Առաջարկությունը նախարարությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Աստղիկ Մինասյանն ընդգծում է` սա պարտադիր կիրառվող նորմ չի համարվում։
«Այստեղ կարևոր է այն հանգամանքը, թե ինչ նպատակով է վերցվել վարկը։ Դա կարող է լինել, օրինակ, վիրահատման, դժբախտ դեպքի առիթով, կարող է լինել նաև գործարարությամբ զբաղվելու նպատակով։ Վերջինը նշանակում է, որ եղած եկամուտները ավելացնելու հնարավորությունն են պարզապես ավելացնում»։
Նախագիծն ընդունվելու դեպքում կբարձրանա համակարգի հասցեականությունը, ինչպես նաև ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքները աստիճանաբար կգերադասեն զբաղվածությունը, այլ կերպ՝ ինքնազբաղվածությունը նպաստ ստանալուց։ Նախարարությունն ակնկալում է նպաստառու ընտանիքների համար ստեղծել ինքնուրույն կայուն եկամուտ ունենալու հնարավորություններ։




