
Ինչպես հասկանալ, թե որ բալ ուժգնությամբ երկրաշարժն է տվյալ տարածքի համար ուժեղ համարվում: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանն է բացատրում:
«Իրանում տեղի ունեցած երկրաշարժը բնական է մեր տարածաշրջանի համար, քանի որ մենք ապրում են սեյսմիկ ակտիվ գոտում: Որպեսզի աղետալի երևույթները չկրկնվեն, պետք է ճիշտ գնահատվի սեյսմիկ վտանգը, այսինքն թե տվյալ գոտում առավելագույնը ինչ երկրաշարժ է սպասվում ինչ-որ ժամանակահատվածում, ինչը հետաքրքրություն է առաջացնում քաղաքաշինության տեսակետից: Սրանից հետո կազմվում են սեյսմակայունության նորմերը: Անցյալ տարի կազմվել է սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզը` Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնակցությամբ։ Քաղաքաշինության կոմիտեն պետք է սահմանի ու վերջացնի սեյսմիկ կայունության նորմերը:
Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվել են սեյսմիկ նորմերը: Այսօրվա գործող նորմերը շատ տարբերվում են խորհրդային ժամանակաշրջանի սահմանածից, որտեղ ընդամենը երկու գոտի կար՝ 7 և 8 բալանոց գոտիներ: Սպիտակից հետո, երբ այդ բոլոր թերությունները երևացին, փոխեցին նաև նորմերը, արդեն կան նաև 9 բալանոց գոտիներ: Սովորաբար նորմերը վերանայվում են 10 տարին մեկ: Շուտով կլինեն նոր նորմեր, ինչը կտա շատ հարցերի պատասխանները»:
Նորմերը կարևոր են, բայց շենքի շահագործումն էլ շատ կարևոր է: Կարևոր է, թե քանի տարվա շենք է։ 70 տարվա շենքերը մաշվածություն ունեն, պետք է թարմացվեն, նորը կառուցվեն: Կարևոր է, թե ինչպես են շահագործում:
Տեսնում ենք, որ քանդում են պատերը, վերաձևում տները, դրան նույնպես ուշադրություն դարձնել: Թերագնահատված սեյսմիկ նորմեր կան: Նոր կառուցված և կառուցվող շենքերում անպայման պահպանվում են սեյսմիկ նորմերը:
Երկրաշարժի դեպքում պետք է նախ խուճապի չմատնվել: Կրող պատեր, շենքերի մուտքերի մոտ կանգնել: Եթե առաջին հարկում եք` արագ դուրս եկեք, հակառակ դեպքում պետք չէ նման բան անել, խուսափեք վերելակներից՝ սրանք երկրաշարժերից պաշտպանվելու հիմնական հիշեցումներն են:




