
«Անհայտ բաժանորդը» մեծ էկրան բարձրացավ նաև Սյունիքում։ Ֆիլմի ստեղծագործական կամզը ոչ միայն ներկա եղավ ցուցադրությանը, այլև հանդիպում ունեցավ Գորիսի երիտասարդության հետ։
Ֆիլմ, որը շոշափում է արդիական խնդիրներ, որի մեջ կան սոցիալական մի շարք ենթաշերտեր։ 2019-ի թերևս ամենսպասված ֆիլմը՝ «Անհայտ բաժանորդը», մեծ էկրան բարձրացավ նաև Սյունիքում։ Առաջին կանգառը Kajaran Cinema-ն էր։
Ռեժիսոր Արշալույս Հարությունյանի խոսքով` ֆիլմը մարդկային հարաբերություններ մասին է։ Ասում է՝ ունենք փոխհարաբերությունների ճգնաժամ։ Մեզանում կարևորություն է տրվում հեռախոսներին, համացանցին, իսկ պարզ, մարդկային շփումները հետին պլան են մղվում։
Կինոնկարը իտալական արտադրության «Կատարյալ անծանոթները» ֆիլմի ռեմեյքն է։ Իսկ հայկական տարբերակն ինչո՞վ է առանձնանում, հարցրինք ռեժիսորին․
«Մեր հայկական տարբերակն ունի ֆանտաստիկ էներգետիկա՝ պայմանավորված շատ լավ դերասանական կազմով։ Իսկական դերասանական անսամբլ է։ Կա քիմիա, հայկական տեմպերամենտ, էներգիա, մտածելակերպ, որը, կարծում եմ, կարևոր է իսկական հայկական ֆիլմ ստանալու համար»։
«Անհայտ բաժանորդ»-ում հայտնի ու սիրված դեմքեր են։ Նազենի Հովհաննսիյանի խոսքով` ֆիլմը դրվագ է յուրաքանչյուրիս կյանքի մասին, ամեն վայրկյանը՝ մի ամբողջական կյանք։ Կինոնկարը, ըստ դերասանուհու, ունի կարևոր ուղերձ․ ինչպե՞ս ենք ապրում և ինչո՞ւ ենք երբեմն ցույց տալիս, թե ապրում ենք։ Այս տարբերությունը պետք է հասկանալ։
«Մենք սովորել ենք ցույց տալ, թե ապրում ենք այսպես, թե այնպես, դերեր խաղալ, բայց ֆիլմում հաղորդագրությունը սա է․ եկեք բացենք մեր դեմքերը և հասկանանք, որ մենք անկեղծ չենք նախ ինքներս մեր հանդեպ։ Այս ֆիլմում բոլորը կգտնեն իրենց կյանքից մի փոքր պատմություն։ Իրենց ընկերներից մի պատմություն։ Ֆիլմը բերում է մի լավ եզրահանգման․ ի վերջո ի՞նչ է այս կյանքում մեզ մնում․ մեկս մյուսի հետ շփումը, ընկերությունն ու մեր ընտանիքները, մնացած ամեն ինչ անցողիկ է։ Եթե այդ անցողիկության մեջ մենք սկսենք խաբել իրար, էլ ինչո՞ւմն է կյանքի իմաստը»։

Կերպարներից մեկին՝ Աննային մարմնավորում է Մարջան Ավետիսյանը։ Դերասանուհին ասում է` ինչպես իր մյուս դերերի, այնպես էլ Աննայի համար առաջադրված խնդիրները մարտահրավեր էին, որը պետք էր մինչև վերջ հաղթահարել։
«Ֆիլմը մեր մասին է, հասարակության և, ընդհանրապես, յուրաքանչյուր հանրույթի համար է։ Կարևոր չէ ազգությունը։ Եթե ինը երկրի հետաքրքրել է, ապա կարծում եմ, որ համամարդկային է։ Այն վերաբերում է այն ամենին, ինչը մեզ այսօր և՛ սպանում է, և՛ օգնում․ հեռախոսների մասին է»։
Քաջարանի ջերմ ընդունելությունից հետո կինոխումբը շարժվեց մարզկենտրոն` ներկա լինելու ֆիլմի ցուցադրությանը Սյունիք կինոթատրոնում։ Հայ իրականության մեջ ամենահետաքրքիր ձայն ունեցող դերասաններից մեկը՝ Բաբկեն Չոբանյանը, այս ֆիլմում նույնպես գլխավոր կերպարներից մեկին է մարմնավորում։
«Հետևություն անելու կարիք կլինի գուցե, մեր կյանքը կազմակերպելու առումով վերանայելու կարիք կլինի գուցե։ Եթե ֆիլմից հետո մարդիկ մտածեն, ինչ-որ բան փոխվի իրենց մեջ, ուրեմն իզուր չենք աշխատել»։
«Անհայտ բաժանորդի» հաջորդ կանգառը Գորիսն էր։ Սակայն մինչև կինոնկարի ցուցադրությունը, ստեղծագործական կազմը հանդիպում ունեցավ երիտասարդների ու Գորիսի պետթատրոնի դերասանների հետո։ Թեյախմությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով։
Գորիսի պետթատրոնի կոլեկտիվն ուրախ էր հանդիպման համար։ Գլխավոր ռեժիսոր Ասյա Սիրեկանյանը նշում է. «Հանդիպման ընթացքում մենք հասկացանք, որ հնարավորություն ունենք կիսվելու փորձերով, համագործակցելու, որի համար մեզ պետք է աշխատասիրություն ու ցանկություն»։
Կրկին ստեղծագործական առիթներ կլինեն՝ մտքեր փոխանակելու և Սյունիքում մշակութային կյանքը ակտիվ պահելու համար։ Նման ակնկալիքով ստեղծագործական թիմը մեկնեց Սյունիքից։




