Հայաստանի ներքին շուկա ասելով պաշտոնյաները սովորաբար արդեն նկատի ունեն ԵԱՏՄ անդամ 5 պետությունների տարածքը: Փաստ է, սակայն, որ այդ տարածքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում գործարարների համար:
Այդ առումով Հայաստանը կարող է վկայակոչել մեկ օր առաջ Վերին Լարսում տեղի ունեցածը, երբ ՌԴ-ն արգելեց հայկական պանրի մուտքը իր տարածք: Իրականում, գործընկեր երկրներն իրենց հերթին Հայաստանում նույնպես խնդիրներ ունեցել են: Կողմերի այս դժգոհությունը սովորաբար հավաքագրվում է միասնական ռեեստրում:
2019-ի մարտի դրությամբ ԵԱՏՄ տարածքում ներքին շուկայի խոչընդոտների եւ սահմանափակումների 71 արգելք է թվարկված: Ինչ անել, որ հայ գործարարները ԵԱՏՄ շուկայում խնդիրներ չունենան: Առաջին հայացքից այս խնդիրներն են քննարկվել այսօր խորհրդարանի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում:
Էկոնոմիկայի նախարարությունը ՌԴ-ից դեռ չի ստացել գրավոր հիմքերը, թե ինչու է արգելվել հայկական պանրի մուտքը ԵԱՏՄ տարածք հանդիսացող Ռուսաստան: «Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական՝ ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր Վերին Լարսի ռուսական մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո երեկ վերադարձվեց Հայաստան:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ենթադրում է՝ գործել է ՌԴ սահմանած պատժամիջոցը եվրոպական արտադրության հանդեպ՝ ոչ թե հայկական: Հայկական կողմը չի բացառում տարբերակը, որ եվրոպական ծագման է եկել պանրի հումքի ինչ- որ հատված:
« Մենք չէինք սպասում, նաեւ «Սպայկան» չէր սպասում: Այդ պատասխանը, այնուամենայնիվ, ասում է, որ միանշանակ չէ, որ այդ արտադրանքը հենց հայաստանյան ծագման է: Փաստաթղթերը դեռ չենք տեսել: Երբ փաստաթղթերին կծանոթանանք, կհասկանանք, թե ինչ ելակետային տվյալների հիման վրա է ստուգող մարմինը եկել այդ եզրակացության, կարող ենք արդեն մասնագիտական քննարկման ժամանակ մեր գործընկերների հետ քննարկել՝ ինչ անենք հետո»,- ասում է նախարարը:

Այս դեպքը ԵԱՏՄ միասնական շուկայում հանդիպող խոչընդոտներից ընդամենը մեկն է: ԵԱՏՄ անդամ 5 պետությունները վարում են միասնական ռեեստր, որտեղ հավաքագրվում են աշխատանքի ընթացքում առաջացող բոլոր խնդիրները: 2019-ի մարտի դրությամբ ԵԱՏՄ տարածքում ներքին շուկայի խոչընդոտների եւ սահմանափակումների 71 արգելք է թվարկված: Այդ ռեեստրում արձանագրվել է, որ գործընկերների իրավունքների խախտում տեղի է ունենում նաեւ Հայաստանում: Մինչեւ նոյեմբերի վերջ ժամկետ է տրված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն անել: Խնդիրն այն է, որ տեղական արտադրողին արտոնություն է տրվել կոնյակի գովազդի մասով ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրի համանման արտադրանքի համեմատ:
«Մենք բիզնեսի հետ աշխատելով եւս 5 նոր խնդիր ենք վեր հանել եւ ներկայացրել ենք հանձնաժողով: Մինչեւ տարվա վերջ հաստատվելու է նոր ճանապարհային քարտեզը, որում կներառվեն նախկինում չիրականացվածները, նոր առաջարկվածները եւ հանձնաժողովի կողմից ներկայացված նոր բացահայտված խոչընդոտները»,- նշում է Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Ուղեւորափոխադրումների ծավալը Վերին Լարսով 2012-ի համեմատ աճել է 6-ից 7 անգամ: Տեխնիկական խնդիրներից բացի` գործարարները դժգոհում են նաեւ սովորական «մարդկային գործոնից»:
« Վերին Լարսում շատ են ավելորդ կամակորությունները: Այստեղ մենակ սպասարկումը եւ ճանապարհային խնդիրը չէ: Բազմաթիվ ձեռնարկություններ կամ վարորդներ դժգոհում են, որ 40 տոննա ֆուռերի դեպքում 38 տոննայի դեպքում անգամ սկսվում է քաշքշուկը, իբր քաշը գերազանցում է՝ կաշառք են վերցնում, խանգարում են: Այստեղ շատ տարբեր խնդիրներ կան»,- նշում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Վերին Լարսի անցակետի դեպքում խնդրի լուծումը, կարծես, գտնվում է: Պետեկամուտների կոմիտեն ՌԴ գործընկերների հետ համաձայնության է եկել:

«Համաձայնության են եկել, որ մեր ներկայացուցիչը լինի Լարսի անցակետում: Դա էլ շուտով լուծվող հարց է: Շատ կարեւոր մարդկային հարց է, երբ մարդկային հարաբերություններում լինում են ամենօրյա շփումներ, դա թույլ է տալիս, որ այն հարցը, որը կարող էր լուծվել 3-4 ժամվա ընթացքում, կարող է լուծվել՝ 3-5 րոպեի ընթացքում»,- պատմում է էկոնոմիկայի նախարարը:
Այս ամենին զուգահեռ, Հայաստանը չի կորցնում նաեւ Վերին Լարսին այլընտրանքային տարբերակ գտնելու գաղափարը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նախարարին հիշեցրեց ժամանակին հավակնոտ համարվող «Պորտ Կովկաս»-ի ծրագիրը:
Գործնական քայլերի արդեն անցել է տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: 2020-ի բյուջեի նախագծի շրջանակներում առաջարկություն է արել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տրանսպորտային գծով տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ խորհրդակցելուց հետո:
« Մի փոքրիկ հաշվարկ կատարեցինք, թե Լարսում՝ Հայաստանից դեպի ՌԴ ինչ որ մի միջանկյալ կետ ինչ է նստում: Միշտ ընկալվել է, որ «պորտ Կովկասը»` լաստանավը, թանկ է: Մոտավորապես` թե ինչ լաստանավ է, մշտական գործո՞ւմ է, թե՞ չէ, բեռնվածությունը որքան է»,- ասում է Մելքոնյանը։
ԵԱՏՄ շրջանակներում առկա իրավական արգելքների հաղթահարման հնարավորությունները քննարկվում են կառույցի բոլոր անդամ երկրներում: Կան ժամկետային հանձնարարականներ՝ խնդիրներն ու խոչընդոտները լուծելու համար:




