ԿարևորՏնտեսական

Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով

«Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով».  այս մակագրությամբ աշխարհին կներկայանա «Իթալիան Սթոունվերս» ընկերության եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի համատեղ ներդրումային ծրագրի արդյունքը:

Հայաստանում այսօր բացվել է համատեղ հիմնադրված «Սերամիզյա» կերամիկական գործարանը: Գործարանի հանդիսավոր բացմանը մասնակցել է նաեւ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Իթալիան Սթոունվերս» ընկերությունն աշխարհում հայտնի հոլդինգ է, որի տարեկան շրջանառությունը 1 մլրդ եվրոյից ավելի է:  Ընկերության կազմում գործում են կերամիկական սպասք արտադրող մի շարք գործարաններ, որոնք համարվում են հոլդինգի զարդերը:   

Վարչապետի ուղերձը՝ սատարելու Հայաստանի տնտեսական գործունեությանը մեծ ազդեցություն է ունեցել նաեւ Իտալիայում: Այս մասին ասաց Հայաստանում Իտալիայի դեսպան  Վինչենցո Դելմոնակոն՝ հիշեցնելով, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Սերամիզյա» գործարանի բացումն արդեն երրորդ հստակ արդյունքն է, որ արձանագրվում է հայ-իտալական տնտեսական երկկողմ  հարաբերություններում:

«Այս հաստատությունը վերաբերում է Հայաստանի տնտեսական կյանքին, սակայն միաժամանակ այն նայում է ողջ աշխարհին, քանի որ համապատասխանում է եվրոպական ամենավերջին ստանդարտներին: Այստեղ աշխատողների թիվը 50-ն է այս պահին, բայց այդ թիվը գնալով կավելանա հետագայում: Սա ֆինանսական մի խոշոր ու կարեւոր ներդրում է եւ միավորում է հայկական եւ իտալական երկու ընկերությունների՝ կրելով «Պատրաստված է Հայաստանում, նախագծված՝ Իտալիայում» գրությունը»:

Իտալիան ամբողջությամբ աջակցում է այս գաղափարին՝ այս շեշտադրմամբ իր խոսքը եզրափակեց Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դելմոնակոն:   

Մեկ տարի առաջ երբեք չէի մտածի, որ ես կերամիկայի գործարան կբացեմ Հայաստանում՝ անկեղծացավ իտալական կողմից գործարանի  սեփականատեր Ֆեդերիկո Պոլիդորին: Նա պատրաստվում էր դա անել Վրաստանում, բայց՝ «Մուլտի կոնցեռն» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հորդորը, որ Հայաստանում ավելի լավ եղանակ է, ավելի լավ բնություն՝ գեղեցիկ լեռներ ու ավելի լավ մթնոլորտ, փոխեց նրա մտադրությունը:  

«4 ամսվա ընթացքում մենք համաձայնության եկանք, պայմանավորվեցինք ու ահա մեր ընդհանուր արդյունքը՝ գործարան, որտեղ ներկայանում է Չերամիզյա անունը, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 5 հազար խանութներում: Մենք ներդրել ենք 30 մլն եվրո եւ պատրաստ ենք էլ ավելին ներդնելու»:

Վստահ եմ, որ մեկ տարի անց իրավունք կունենամ հայտարարելու, որ ունենք 1000-ից ավելի աշխատատեղեր՝ ասաց «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը:

Գործարանի ղեկավար կազմն իտալիայից է, աշխատակիցները վերապատրաստվել են Իտալիայում: 30 աշխատակցով տրվել է գործարանի աշխատանքի մեկնարկը:  

Ֆեդերիկո Պոլիդորին խոստացավ՝ մնչեւ 2020 թվականի փետրվար գործարանում աշխատակիցների թիվը հասցնելու են 300-ի: Մեկ տարի անց՝ կցանկանամ, որ մենք կրկին հանդիպենք այստեղ՝ փաստելու, որ Նոր Հայաստանը ճիշտ ուղու վրա է եւ այն ամենը, ինչ տեղի է ունենում ճիշտ ճանապարհ է բացել օտարերկրյա ներդրումների համար՝ իր խոսքը եզրափակեց «Սերամիզյա» ընկերության սեփականատեր Ֆեդերիկո Պոլիդորին:

Կարդացեք նաև

Back to top button