ԿարևորՏնտեսական

Չինական շուկա մուտք գործելու նոր հեռանկարներ

Չինաստանի Շանհայ քաղաքում բացվել է Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը: Նաեւ այդ նպատակով Չինաստանում է գտնվում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ի՞նչ արտադրատեսակներով է ներկայացել Հայաստանը Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ համաշխարհային ցուցահանդեսի ազգային տաղավարում եւ ի՞նչ հեռանկարներ կարող են բացվել այս ցուցահանդեսի արդյունքում:

Հայ-չինական հարաբերությունները աչքի են ընկնում փոխվստահության բարձր մակարդակով: Այս մասին տարբեր առիթներով եւ տարբեր մակարդակներով երկուստեք պարբերաբար հայտարարվել է: Դրա վկայությունը նաեւ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերն են, որոնք տեղի են ունեցել 1992 թվականից ի վեր, երբ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ:

Չինաստանում բացված հեղինակավոր ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է գործարար տաղավարով, որտեղ ցուցադրված են հայկական արտադրության խմիչքներ: Այս մասին իր ֆԲ էջում տեղեկացրել է աշխատանքային այցով Չինաստանում գտնվող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը մասնակցել է Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսի բացմանը։ Ավինյանը նաեւ գրել է, մեջբերում ենք.

«Արարատի կոնյակի գործարանին և Գինեգործության և խաղողագործության հիմնադրամին հատկացված է  առանձին տաղավար, որում Գինեգործության և խաղողագործության հիմնադրամը ներկայացնում է հայկական 15 գինեգործական ընկերությունների արտադրանքը: Ցուցահանդեսի հիմնական 5 և հավելյալ 10 օրերի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարում կներկայացվեն հայկական մշակույթը, զբոսաշրջությունը, Հայաստանի տնտեսության առավելություններըարդյունաբերության զարգացման ուղին, արտահանման և ներդրումային հնարավորությունները»:

Դեպի Չինաստան հայկական գինիների արտահանման հեռանկարների մասին մեզ հետ հեռախոսազրույցում խոսելով՝ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասաց, որ կապերը Չինաստանի հետ շատ լավ ու հաստատուն զարգանում են, բայց մի քիչ դանդաղ: Ըստ նրա՝ դրա պատճառը Վրաստանի գինիների հետ մրցակցությունն է, բայց ոչ թե որակն է խնդիրը, այլ այն, որ վրացական գինիներն ազատված են մաքսատուրքից: 

Միաժամանակ Ավագ Հարությունյանը շեշտեց, որ հայ գինեգործները 10 տարի առաջվա 0.1 տոկոսից չինական շուկա արտահանումը հասցրել են մինչեւ 1.5 տոկոսի, այսինքն՝ այս ուղղությամբ զարգացումն ակնհայտ է եւ դրական դինամիկան այդ առումով շարունակվում է:

Նախատեսված է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հանդիպումներ կանցկացնի գործարար համայնքի հետ: Նա  որպես բանախոս հանդես կգա նաեւ Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը:

Մինչ այդ, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն սեպտեմբերի 27-ին Չինաստանի  Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին հրավիրած ասուլիսում անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին` շեշտելով, որ երկու երկրների թե բարեկամական, թե փոխգործակցային հարաբերությունները առողջ և կայուն զարգացում են ապրում: Մեկ մեջբերում՝ դեսպանի խոսքից.

«Չինաստանը մնում է որպես երկրորդ առևտրային գործընկերը Հայաստանի համար: Երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունն առանձնանում  է վստահ ու կայուն զարգացմամբ` սկսած 2009 թվականից:  Նկատի ունեմ առանձին երկրների դեպքում, եթե վերցնենք Եվրամիությունը որպես մեկ ամբողջություն, ապա Չինաստանը երրորդն է:  Փոխադարձ առևտրաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև կազմում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 10-11 տոկոսը: Հայաստանի վիճակագրության տվյալներով՝ 2019թ-ին, մինչև այս տարվա հուլիսը, առևտրաշրջանառությունը կազմել է մոտավորապես 500 մլն ԱՄՆ դոլար»:

Հայաստանից Չինաստան է արտահանվում հիմնականում հանքանյութ, սակայն ներմուծումն առավել դիվերսիֆիկացված է: Ներմուծվում է գրեթե ամեն ինչ՝ սկսած հագուստեղեն ու կոշկեղենից մինչև մեքենաշինական արտադրանք և սարքավորումներ։ Անդրադառնալով ներդրումների միտումներին դեսպան Թիան Էրլունը շեշտեց, որ այն համագործակցության ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է.

«Վերջին տարիներին մենք ակտիվ որոնման մեջ ենք այս հարցում: Դա մեր առաջնահերթություններից է:  Ես վստահ եմ՝ հստակ քայլերն ու արդյունքները առաջիկայում  ավելի շատ կլինեն, քան հիմա են: Չինաստանը Հայաստանը դիտարկում է որպես  տարածաշրջանում հուսալի գործընկեր, որի հետ շարունակելու է համակողմանի զարգացնել համագործակցությունը  քաղաքականության,  տնտեսության եւ այլ բնագավառներում»:

Հայաստանի և Չինաստանի միջև ակտիվ զարգանում է նաև  հումանիտար համագործակցությունը՝ մշակույթի, կրթության բնագավառներում: Երկու երկրների միջեւ համագործակցության կարեւորությունը ընդգծվեց նաեւ 2019 թվականի մայիսին վիզաների ազատականացման միջպետական համաձայնագրի ստորագրմամբ, որից հետո փոխադարձ այցերը տարեցտարի աճում են:  

Կարդացեք նաև

Back to top button