ԿարևորՀասարակություն

Հայագիտական առարկաների պարտադիր կամ կամավոր դասավանդումը կորոշի ֆակուլտետը. ԿԳՄՍ

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել բուհական ծրագրերում  հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի դեմ: Նրանց են միացել նաև  դասախոսները:  Ըստ « բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ մասնագիտական բուհերում չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։ Ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ այս դրույթի: Դասադուլին արձագանքել է ԿԳՄՍ նախարարությունը:

Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները հենց բուհում դասադուլ են հայտարարել: Նրանց են միացել նաև դասախոսները:  Բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագծում  հայագիտական առարկաների ոչ պարտադիր լինելուց: Հայ գրականության  ամբիոնի դոցենտ Արշալույս  Գալստյանի խոսքով` եթե պարտադիրը փոխվում է կամավորի , այսինքն` բուհերն ու ֆակուլտետներն իրենք պետք է ընտրեն  իրենց առարկաները, ապա այս դեպքում ֆակուլտետները կանգնում են լուրջ խնդիրների առաջ:

«Ֆակուլտետներն իրենց մասնագիտական առարկաներն առաջ տանելու համար օբյեկտիվ  պատճառներով, բնականաբար,   հայոց լեզուն և հայոց պատմությունը փոխարինելու են իրենց մասնագիտական առարկաներով: Նրանց չենք կարող մեղադրել, որովհետև նրանց մասնագիտական ամեն առարկան կարևոր է լինելու իրենց համար»:

Նախագծի այս դրույթով  առաջանում է աշխատատեղեր կորցնելու խնդիր:  Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ  Անաիդա Մովսիսյանին հետաքրքրում է, արդյոք կա՞ն հաշվարկներ, թե այս նախագծի ընդունման դեպքում հայոց լեզվի և  հայոց պատմության քանի մասնագետ է գործազուրկ դառնալու:

«Այստեղ շատ ուրիշ հարցեր կան: Կարելի է բարձրացնել առարկաների  մասնագիտական որակը, կարելի է հայոց լեզուն ամեն ֆակուլտետում դասավանդել ավելի  մասնագիտորեն` համապատասխանեցնելով  տվյալ մասնագիտության բառապաշարին, մասնագիտական տեքստերին: Իրենք գիտեն ինչպես բարձրացնել որակը: Կարելի է մեկ մլն դրամ աշխատավարձ տրամադրել և  տեսեք թե ինչպես որակը կփոխվի»:

Հայագիտական առարկաները պետք է մնան պարտադիր առարկաների ցանկում` ասում է ԵՊՀ պատմության ամբիոնի դեկան Էդիկ Մինասյանը: Ըստ նրա` նախագծում կան  կետեր, որոնք  հակասում են  ժողովրդավարության սկզբունքներին: Օրինակ է բերում  այս դրույթով  առարկաների ընտրությունը  բուհերին թողնելը, սակայն դրան հակառակ` դեկանների ու ռեկտորների  ընտրություն անցկացնելու կետը: 

«Իրար հակասող շատ դրույթներ կան, որոնք ընդունելի չեն: Իմ կարծիքով` նախագիծը մերժելի է: Այն պետք է անպայման լրամշակել սկզբունքային քննարկումներից հետո միայն» :

Ինչպես հայոց լեզվի դեպքում դպրոցական գիտելիքները բավարար չեն, այնպես էլ հայոց պատմության դեպքում է: 12-ամյա կրթությունը հայոց պատմություն  առարկայի  ամբողջությամբ յուրացումը  չի ապահովում, իսկ  բուհում  կրկնում են ոչ թե դպրոցական ծրագիրը, այլ պատմության հիմնահարցերը` ասում է նա։

Ուսանողները պատրաստել էին դիմում- նամակ` ուղղված երկրի ղեկավարությանը` պնդելով, որ հայագիտական առարկաների պարտադիր լինելու օրենսդրական դրույթը   հանելը խախտում  է  լեզվի մասին օրենքը:

«Այս մոտեցումը հակասում է լեզվի մասին օրենքի,  սահմանափակում է ազգային արդյունավետ կրթություն ստանալու  ՀՀ ուսանողների սահմանադրական իրավունքը: Հասարակական և մասնագիտական շրջանակների  կողմից քննադատության արժանացած այս առաջարկը մեզ համար անհասկանալի պատճառներով  շարունակում է պաշտպանել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Դիմում ենք Ձեզ`կանխելու հանրային մեծ բողոք առաջացնող այս փոփոխությունը: Հայաստանի բոլոր բուհերում հայոց  լեղզուն և հայոց պատմությունը պետք է շարունակեն լինել պարտադիր առարկաներ: Մենք` ուսանողներս, համոզված ենք, որ միայն նման ճանապարհով հնարավոր կլինի ապահովել  մրցունակ կրթություն ստանալու մեր ակադեմիական  ազատությունները: Հայոց լեզուն, որպես մեր պետական լեզու պետք է  դասավանդվի ու ամրակայվի գիտական և գործնական աշխատանքի բոլոր ոլորտներում»:

Դասադուլին արձագանքել է ԿԳՄՍ նախարարությունը: Տարածած հաղորդագրության մեջ նախարարությունը շեշտում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր: Օրենքի նախագծով` լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։

Ավելին՝ ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։ Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։

Կարդացեք նաև

Back to top button