ԿարևորՀասարակություն

«Մարտի 1»-ի գործով մեղադրական կողմը չբացահայտած փաստեր ունի

Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է  Ռոբերտ Քոչարյանի եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստը: Դատաքննությունը  շուրջ  3 շաբաթով ընդմիջվել էր: Ամբաստանյալներից մեկը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դատարանին խնդրել էր թույլատրել իրեն մեկնել Գերմանիա առողջական խնդիրներով:

Նա վերադարձել է երեկ,  դատական նիստը նշանակվել էր այսօր: Այս ժամանակահատվածում վիրահատությունից հետո ապաքինվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը եւ այսօր արդեն մասնակցել դատական նիստին: Նրա որդիներից Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում չի հստակեցրել, թե ինչ վիրահատություն է եղել, պարզապես նշել է, որ ուռուցք են հեռացրել, որը չարորակ չի եղել:

Սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ մեղադրվող նախկին բոլոր պաշտոնյաներն այսօր դատարանում էին: Դատաքննությունը, սակայն, փաստացի դեռ չի սկսվել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը կրկին բազմաթիվ միջնորդություններ է պատրաստել: Դրանցից առաջինը  խափանման միջոցը գրավով փոխելու մասին է:  Գումարի  չափը որոշելը  պաշտպանները թողնում են դատարանի հայեցողությանը: Իսկ չխոչընդոտելու եւ չմիջամտելու պատրաստակամության մասին դատարանում այսօր խոսում էր Քոչարյանն անձամբ, թեեւ գործող արդարադատությանը չի վստահում.  

«Դուք գիտեք՝ ինձ համար մի քիչ տհաճ է կանգնել այստեղ եւ փորձել համոզել, որ ես փախչելու կամ  խոչընդոտելու մտադրություն չունեմ: Ուղղակի իմ կենսագրության հետ չի բռնում: Նաև խոչընդոտելու սուբյեկտը չկա: Ես չեմ կարող 10 տարի անց արտակարգ դրություն մտցնելու մասին իմ հրամանագիրը փոխել: Փաստ է պատմական, եւ չեմ ժխտում, այո, ստորագրել եմ: Եվ չեմ կարող, այո, փոխել այն հանդիպումը, որի վերաբերյալ  14-15 ցուցմունքներից գրեթե բոլորի հետ, բացի մեկ մարդու մի նախադասությունից, համաձայն եմ: Այսինքն՝ չկա փոխելու սուբյեկտը: Ես չեմ պատկերացնում, թե ոնց պետք է մի վկային ասեմ՝ գիտես, ցուցմունքդ լավը չի, արի մի քիչ փոխի, ռետուշ արա: Ամոթից կմեռնեմ, հասկանո՞ւմ եք»:

Թե ինչ կարող է անել Քոչարյանն ազատության մեջ, պատկերացնում են մարտիմեկյան դեպքերի ընթացքում զոհվածների հարազատները, տուժածները եւ մեղադրական կողմը: Պաշտպանական կողմի միջնորդությունները նրանք ընկալում են իբրեւ դատավարության արհեստական ձգձգում՝ փաստական հանգամանքների քննարկմանը չանցնելու համար:

Մեղադրական կողմն այսօր խոսում էր գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների և այն  մասին, թե ինչպես է քողարկվել բանակի մասնակցությունը իրադարձություններին, ինչպես են հետագայում ոչնչացվել իրեղեն ապացույցները: Այս ամենը դատարանում դեռ պետք է ներկայացվի, երբ գործը մտնի դատաքննության փուլ:

2008-ի մարտիմեկյան իրադարձություններին բանակի մասնակցության մասին այսօր չի ցանկանում խոսել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:  Նիստի ընթացք ում կողմ էր Քոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը: Պնդում է՝ հարցաքննվել է թե վկայի, թե մեղադրյալի կարգավիճակով եւ երբեք Քոչարյանի ընտանիքի անդամներից որեւէ զանգ չի ստացել ու ճնշում չի զգացել: Դատական նիստից հետո Օհանյանը չցանկացավ խոսել լրագրողների հետ.

«Ինչքան եք ինձ հետապնդելու: Ես չեմ պատասխանում ձեր հարցերին: Նախաքննական տեղեկություններ, գաղտնիքներ այսօր պետք չէ հրապարակել, եւ դա շատ սխալ է»:  

Այսօրվա դատական նիստնին գրանցվեցին նաեւ միջադեպեր: Մթնոլորտը պարբերաբար լարվում եւ թեժանում էր: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց կիրառել պատժամիջոցներ: Դատարանից հեռացվեց երկու անձ՝ մեկը Քոչարյանի ընդդիմախոսներից էր, մյուսը՝ կողմնակիցների թիմից:

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին դատարանի որոշումը կհրապարավի երկու օրից՝ նոյեմբերի 7-ին:  

Կարդացեք նաև

Back to top button