ԿարևորՀասարակություն

Այսօր Հայաստանում նշում ենք Հետախույզի օրը

Այսօր շնորհավորանքներ են ստանում հետախույզները։ Նոյեմբերի  5-ը Հայաստանում նշում ենք Հետախույզի օրը։

Հայ հետախույզները գլուխ գովելու տեղ շատ ունեն, սակայն դրա մասին քիչ է խոսվում ՝ որոշ դեպքերում նաև հասկանալի պատճառներով։

Արցախյան պատերազմից մինչև ապրիլյան. հետախույզների սխրանքներն ու հետախուզության ոլորտում առկա խնդիրները:

Ինչպես դիվանագետի, այնպես էլ հետախույզի դեպքում, նախկին չի լինում։  Հետախուզական գործունեությունը դադարեցրած ապրիլյան պատերազմի հերոս Ռազմիկ Գասպարյանն  է այսպես մտածում։ Երիտասարդ  զինվորականը հպարտությամբ է հիշում ապրիլյան պատերազմի ընթացքում հետախույզների կատարած սխրանքների մասին։

«Ապրիլյան պատերազմին, երբ Ադրբեջանի կողմից պատրաստված, այսպես ասած, ադրբեջանական  էլիտան, Թուրքիայում, Գերմանիայում վերապատրաստված իրենց «Յաշմա» կոչվող  հետախույզները հանդիպեցին  հայոց բանակի  հետախույզներին։ Այդ պահին հասկացան, որ իրենց անցած բոլոր պատրաստվածությունները զրո են։

Մեր հետախույզները համարժեք հարված հասցրեցին, նույնիսկ  նա, ով այդ պահին  ֆիզիկապես  չէր կարող կռվել, հետախույզի ոգին այդ մարդուն վեր հանեց։  Պատերազմից հետո մեզ լուր հասավ, որ  իրենց  Ադրբեջանի հրամանատարը  նորից  հրաման էր տվել, այս անգամ  երկրորդ գումարտակին, որ  գնան  և այդ դիրքը հետ բերեն։ Իրենց կամբատն ասել էր, թե չէ ես չեմ գնա, Հայաստանի սպեցնազն այնտեղ է և չեմ գնա։ Սա է մեր ձեռքբերումը»։

Այդ ժամանակ ընդամենը մեկ հետախույզի կորուստ ենք ունեցել։  Հետախույզները մի կողմից ձեռքբերում, բայց մյուս կողմից էլ մեծ կորուստ են  համարում։ Հետախուզության պատմության վառ էջերից հայտնի է, որ  մեկ հետախույզը կարող է հսկայական գործ անել։ Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը է հիշում

«90 թվականի նոյեմբերի 21-ին ընդամենը մի հետախույզ Բերդաձորի անկումը կանգնեցրեց ։ Շրջափակման մեջ մեկուկես ժամ մարտնչելով զոհվեց, դիակի վրա 76 անցք էր բացված, նույնիսկ թուրքներն են հարգանքի տուրք մատուցել նրան։  Ցավալին այն է, որ մենք ունենք փայլուն էջեր, բայց  չենք  կարող խոսել։ Որը բացահայտվել է` դրա մասին ենք  խոսում, բայց էնքան գլուխ գովելու տեղեր ունենք։ Պետությունը չի օգտվում դրանից կամ էլ գերտերությունները թույլ չեն տալիս, չգիտեմ։ Համենայն դեպս` արածներ ունենք , բայց ցույց տալու շատ քիչ բան կա»։

Վարդանովը համեմատում է, խորհրդային տարիների և այժմյան հետախուզությունը։ Ժամանակները փոխվել են, պետք է կարողանալ ժամանակին համընթաց շարժվել․

«Հետախուզությունը ստեղծվելիս համապատասխան պատվեր ուներ հասարակության, ժողովրդի և հետագայում պետության կողմից։ Այդ պատվերներին և խնդիրներին համապատասխան` լավ իմաստով մի քիչ «լկտի» էր, մի քիչ վատ պատրաստված, բայց լուրջ խնդիրներ էր լուծում։ Հիմա պետությունը ավելի ցիվիլ է դարձել, և այն խնդիրները, որ հետախուզությունը լուծում է, մի քիչ անատամ է, քան այն ժամանակ։ Հիմա մեր հետախույզներն ավելի հմուտ պետք է լինեն, քան մենք էինք»:

Հայկական կողմը կարողանում է խնդիրներ ստեղծել հակառակորդ հետախույզների համար։ Այդպես եղել է  և կլինի։ Սակայն խնդիրներ ստեղծող հետախույզները նույնպես խնդիրներ ունեն։  Ռազմիկ Գասպարյանը բարձրաձայնեց  հատկապես  ֆինանսական հարցերը։

«Հետախույզը տարվա ուղիղ կեսը կարող է տանը չլինել, զբաղվածությունը ավելի շատ է, քան` սովորական զինվորականինը։ Պետությունն առաջինը պետք է լուծի հետախույզի  ֆինանսական խնդիրները։ Հետախույզը գնալու է գործողության, օրինակ, ամսի 10-ին, իսկ 15-ին վարկ ունի վճարելու։ Չգիտի ինչպես վճարի։ Ահա այստեղից  խաթարվում է ամեն ինչ»։

Իր հերթին էլ Վարդանովը նշեց, որ  առհասարակ հետախույզները չպետք է բանկերի հետ առնչություն ունենան, ավելի խոցելի են դառնում։ Պատկան մարմինները պետք է այս հարցերին ուշադրություն դարձնեն և պայմաններ ստեղծեն, որպեսզի հետախույզը դիմի  պետության այս կամ այն օղակին, բայց ոչ երբեք  բանկին։

Դա անվտանգ չէ։ Իսկ ընդհանուր առմամբ ՝ հետախույզները սրտնեղում են, որ  հասարակության շրջանում  հետախույզի կերպարը փառավորված չէ, թեև հսկայական աշխատանք են անում։ Հետախույզի  գործունեությունը պետք է մեծարել, որպեսզի այն վարակիչ լինի սերունդների համար` ասում է ազատամարտիկը։  Պատերազմական վիճակում գտնվող երկրի համար սա պահանջ է։

Կարդացեք նաև

Back to top button