
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ երեկ հրդեհ էր բռնկվել, ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։
«Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզատարը ևս ՊՆ-ին չի պատկանում»,- գրել է նա։
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տանիքում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գործող պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27:
Ամբողջությամբ այրվել են պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը (1350 քմ), պահեստի ներսում գտնվող «ՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, տարբեր նշանակության 4 հատ հաստոց, տուրբինային 2 շարժիչ և անվադողեր:




