ԿարևորՔաղաքական

Բանակցային «խրամատի» եւ այն քանդելու անհրաժեշտության մասին

Ղարաբաղյան գործընթացի շուրջ  անհարկի շահարկումներին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես նա շեշտել է, որ սահմանային լարվածության նվազում կա և որ խնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար:

Սրանից հետո անգամ փոխադարձ մեղադրանքները չեն դադարում: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է պատասխանել Փաշինյանին: Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն էլ, ի պատասխան Աշոտյանի հիշեցրել է, թե 2016 թվականի ապրիլին  ինչ արդյունք է տվել նախկին իշխանությունների բանակցային «խրամատը»:

Սահմանային իրավիճակը 1.5 տարվա ընթացքում բավականին հանդարտ է, եթե մոնիտորինգ  իրականացվի, ապա կտեսնենք, որ  լարվածության կտրուկ և էական անկում կա, ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով տարածվող խոսակցություններին՝ թե պատերազմի հավանականությունը մեծ է, կամ, որ բանակցությունները փակուղում են և որևէ դինամիկա չկա:

«Ընդհանուր առմամբ` այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, միշտ էլ իրենց մեջ վտանգ պարունակում են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ վտանգն այսօր ավելին չեն, քան, 3 տարի, 4 տարի և 5 տարի առաջ եղածները: Եթե մոնիտորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը` կտեսնենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում ընդհանրապես լարվածության շատ կտրուկ և էական անկում ունենք։ Այդ անկումը տեղի է ունեցել Դուշանբեի հայտնի քննարկումների համատեքստում»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը շտապեց արձագանքել վարչապետին, մասնավորապես փորձում էր ցույց տալ, թե բանակցային գործընթացը փակուղում է.

«Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի խոստացավ, որ Արցախը վերադառնալու է բանակցային սեղանին։ Այսօր ամեն կերպ խուսափում է այդ մասին հաշվետվություն տա: Դու քանդել ես Սերժ Սարգսյանի բանակցային խրամատը, փորձել ես կառուցել քոնը` չի ստացվում»:   

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մինչ վարչապետի մոտեցումներին գնահատական տալը` հարկ համարեց նախ հակադարձել  Արմեն Աշոտյանին.

«Սա նախկին իշխանությունների գնահատական համարեք, քանի որ նա միայն իր անունից չի խոսում: Ես կհակադարձեմ հետևյալ ձևակերպմամբ, եթե  խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի կառուցած այն «բանակցային խրամատին», որը պետք է արդյունավորվեր 2011 թվականին կազանյան փաստաթղթով, կամ, առավել ևս «դիվանագիտական այն խրամատին», որը  բերեց 2016 թվականի ապրիլյան քառօրյային, ապա այդ խրամատը պետք է քանդվեր»:

Հանդիպումներում  այս պահին կոնկրետ ձևակերպումներ չեն քննարկվում` նրա կարծիքով: Կողմերը դեռևս  քննարկում են հումանիտար բնույթի հարցեր, ինչը հետագա հանդիպումների համար կարող է բարենպաստ միջավայր ձևավորել` ասում է Վահրամ Աթանեսյանը:

Նա  անհիմն է համարում սուտ լուրերի տարածումը, քանի որ ակնհայտ է, որ սահմանային իրավիճակի լարվածության էական նվազում կա: Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը համամիտ է վարչապետ Փաշինյանի մոտեցմանը, որ լարվածության թուլացում կա սահմանին: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը, գնահատելով գործընթացն ու սահմանային իրավիճակը, մեզ հետ զրույցում արձանագրեց, որ ակնհայտ է սահմանային լարվածության նվազումը:

Դինամիկայի առումով  նա կարևոր համարեց ոչ թե  լուծումը, այլ այդ լուծման ընկալումը հանրության կողմից.

«Սահմանին կրակոցների, զոհերի մասով նվազում է գնացել: Այստեղ կարևոր է ոչ թե լուծումը, որին կգնան կողմերը, այլ այն, թե ինչպես կընդունվի այդ լուծումը հանրությունների  կողմից»:

Այս առումով վարչապետ Փաշինյանը, իր խոսքով, հստակեցրել էր, որ բանակցությունները վարվում են այն տրամաբանությամբ, որ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Կարդացեք նաև

Back to top button