

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանի ու Չեխիայի միջև տասից ավելի համագործակցության համաձայնագիր է կնքված, որոնցով կարգավորվում է նաև ներդրումների պաշտպանության հարցը, այսօր նշեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Չեխիայի ԱԳ նախարար Կարլ Շվարցենբերգն էլ ավելացրեց, որ 5 տարի առաջ էր Հայաստան այցելել և այդ ընթացքում բավականաչափ առաջընթաց կա: Պրահայում Հայաստանի դեսպանատուն է բացվել, Երևանում՝ Չեխիայի ներկայացուցչություն: Առկա հարցերի շուրջ երկու երկրների արտգործնախարարների կարծիքները 95 տոկոսով համընկնում են, գրեթե տարաձայնություններ չկան, ասաց Շվարցենբերգը:
Չեխիան, ինչպես և ԵՄ անդամ մյուս բոլոր երկրներն իրենց աջակցությունն է բերում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով ընթացող բանակցություններին և, Էդուարդ Նալբանդյանի խոսքով, շնորհակալ ենք հավասարակշռված դիրքորոշման համար:
Իսկ ինչպես է գնահատում Չեխիայի փոխվարչապետ, արտգործնախարար «Խոջալուի դեպքերի» վերաբերյալ չեխ պատգամավորների հայտարարությանը, լրագրողների հարցին ի պատասխան Կառլ Շվարցենբերգը ճշտեց, որ այն ընդունվել է ոչ թե խորհրդարանի կողմից, այլ միայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի:
«Չեխիայի Հանրապետությունը դեմ է մարդու իրավունքների ցանկացած ոտնահարմանը, բայց պատերազմական իրավիճակներում նման բաներ տեղի ունենում են: Եվ կատարվածը չի կարելի համեմատել հայերի հանդեպ տեղի ունեցածի հետ»,- ասաց:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ նշվում էր, որ ծրագրվում է առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել։ Ի՞նչ ակնկալիքներ կան առաջիկա հանդիպումից, լրագրողներին հետաքրքրող հարցին պատասխանելով՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ղարաբաղյան խնդրում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է ոչ թե հայկական կողմից խոչընդոտներ ստեղծելով, այլ՝ հակառակը։
«Այն, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում չկա առաջընթաց, պատճառը ոչ Լեռնային Ղարաբաղն է, ոչ Հայաստանը, ոչ էլ եռանախագահները»։
Այս անգամ նույնպես Հայաստանը դրական է արձագանքել համանախագահների Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկին, սակայն հանդիպման վայրն ու օրը դեռ հստակեցված չէ։