
Եթե շրջեք Հայաստանի տարածքում, ապա անկախ բնակավայրի տեսակից՝ քաղաք, թե գյուղ, համայնքի կենտրոնում, սկզբում կամ վերջում կտեսնենք խոտածածկ կանաչ տարածք, որի երկու կողմերում տեղադրված են երկաթե դարպասաձողեր՝ ցանցապատ կամ առանց ցանցի: Արդեն պարզ է, չէ՞, թե ինչի մասին է խոսքը: Խորհրդային տարիներին ֆուտբոլի դաշտերը կամ մարզադաշտերը համայնքային կյանքի անբաժանելի մաս էին կազմում: Աշխատանքից հետո, ազատ ժամերին և հանգստյան օրերին երիտասարդները զբաղվում էին սպորտով։ Գալիս էին ֆուտբոլի դաշտ, թիմերի էին բաժանվում, մրցում իրար հետ, հետո ուժերը չափում հարևան բնակավայրերի թիմերի հետ: Մարզադաշտեր ունեցող գյուղերում պատկերը մի փոքր այլ է: Այստեղ լրջորեն են վերաբերվում ֆուտբոլին, հրավիրում են մարզիչներ, մարզվում են, կազմակերպում պրոֆեսիոնալ խաղեր: Աչաջուրի մարզադաշտը հենց այդպիսիններից էր: Այն գրեթե 70 տարվա պատմություն ունի։ Հիմնադիրը՝ Վաչիկ Ղալթախչյանն է:
«Երկարությունը նորմերին համապատասխանում է՝ 120-ը 70-ի վրա, 1.2 հա իր ամբողջ տարածքն է՝ ենթակառուցվածքներով»:
Մարզադաշտը տարիներ շարունակ հյուընկալել է բազմաթիվ թիմերի, մարզիկների, իր հարկի տակ անցկացրել բազում ֆուտբոլային մրցաշարեր: Մի խոսքով՝ այն համայնքի ամենասիրելի վայրն էր, որտեղ կարելի էր տեսնել ճանաչված մարդկանց: Արարատ Գասպարյանը ևս մարզվել է այստեղ, մասնակցել սիրողական խաղերին:

Հիմա ստադիոնը կիսավեր վիճակում է: Տրիբունան նախատեսված է 1500 հանդիսականի համար: Նախկին գեղեցիկ, գունավոր պլաստմասսայե նստարաններից ոչինչ չի մնացել: Մնացել է միայն անձրևներից ու ձնհալից քայքայված բետոնը.

«Պլաստմասսի նստարաններ են եղել, լրիվ ջարդվելա, լրի՜վ էսենց սարքածա ելել, էս կողմում տրիբունան ամբողջությամբ սարքածա եղել: Թբիլիսիի Դիմանոն՝ հավաքականն էլ ա եկել ստեղ խաղացել: Ժամանակին, որ մենք փոքր էինք, Երևանի Արարատի թիմն էլ ա եկել խաղացել: Ընկերական են խաղացել, իսկ մենք առաջին խումբ ենք խաղացել»:

Դաշտի երբեմնի կանաչ թավիշն էլ չկա, սիզախոտը տեղ-տեղ է աճել, մնացածում միայն հող է, որի վրա դեռ շարունակում են ամուր վազել, ուժգին հարվածներ հասցնել դարպասին ու տոնել հաղթանակ: Արարատ Գասպարյանի հետ շրջում ենք մարզադաշտի ողջ տարածքով: Մտնում ենք շենք, որի դռների մի մասը փակ է, մի մասը՝ քանդված, մի մասում որոշակի աշխատանքներ են կատարվել.

«Հանդերձարանները տաք ջրով ապահովված են եղել, հիմա ոչ: Էն ժամանակ, որ գազ չկար, մինչև բաքսիները՝ տեներով էին աշխատեցնում, վերևն ա դրված, աշխատեց, բայց ֆինանսական միջոցների սղության պատճառով փակվեց ու քանդվեց: Եթե մի բան չես օգտագործում՝ շուտա փչանում: Հիմա միայն լվացվելու ջուր կա»:

Չնայած այս ամենին մարզադաշտը լքված չէ, այն հիմա երեխաների սիրելի վայրն է, նրանք՝ տարիքային 3 խմբով շարունակում են մարզվել, ֆուտբոլ խաղալ, իրենց հասակակիցների հետ մրցել, բայց այլ դաշտերում: «Մարզի առաջնություն էր, ֆինալն էր Այրումի հետ՝ Լճկաձորում, գյուղը հաղթեց և կուբոկը վերցրեց»

Դպրոցական արձակուրդներին երեխաները շարունակում են գալ և օրվա մեծ մասն անցկացնել այստեղ: Մարզադաշտում 2 փոքրեր էին խաղում՝ Հայկն ու Մհերը: Նրանք երկուսն էլ ֆուտբոլի սիրահարներ են: Առանց վարանելու ինձ համար ֆուտբոլային մի քանի հնարքներ ցուցադրեցին,պատմեցին իրենց առօրյա մարզումների մասին: Երկուսն էլ ուզում են ֆուտբոլիստ դառնալ: Մհերի սիրած թիմը Բարսելոնան է, երազում է այդ թիմում հայտնվելու մասին: Երազանքի ճանապարհը դեռ երկար է, պետք է շատ մարզվի, որ այն իրականացնի:

Ապագայում դեռ կլսենք այս փոքրիկ ֆուտբոլիստների մասին, որոնք անտեսելով մարզադաշտի բոլոր անհարմարությունները, ինքնամոռաց տրվել են սիրելի զբաղմունքին՝ ժամանակ առ ժամանակ մարզադաշտը լցնելով իրենց աղմուկով, գոռում-գոչյունով, որն ավարտվում է հաղթական հնչյունով՝ գոոոոոոլ:
Մարզադաշտի համար հորիզոնում կարծես կանաչ լույս է նշմարվում, «Բանանց» կամ վերջերս անվանափոխված «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մտադրվել է Աչաջուր համայնքի մարզադաշտին վերադարձնել նախկին տեսքն ու աշխույժ կյանքը, հավաքել լավ թիմ, անվանակնքել՝ «Մակարավանք»: Իսկ մարզադաշտի վերածննդին Աչաջրի ֆուտբոլասերները սրտատրոփ են սպասում:




