
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Սարտեքս» ընկերության կողմից Նորագավիթում հիմնված կարի ֆաբրիկայի պաշտոնական բացմանը: Ֆաբրիկան իտալական «Սարտիս» ընկերության գործընկերն է Հայաստանում: Այն հիմնադրվել է Իտալական «Սարտիքս» եւ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունների համագործակցության արդյունքում: Նախատեսվում է, որ ֆաբրիկայում 2 տարվա ընթացքում աշխատակիցների թիվը կհասնի 2500-ի։ Այս պահին ֆաբրիկայում աշխատում են 400 հոգի:
«Ես հիմա կտորը ձեւող ավտոմատ մեքենայի վրա եմ աշխատում: Համակարգչին տալիս ենք մեր ուզած ծրագիրը եւ մեր ուզած գծագրով նա ձեւում է կտորը»: «Սարտեքս» ընկերության վարպետը ներկայացրեց իր աշխատանքի բնույթը: Հաստոցի վրա աշխատելու նրբությունները հայ տեքստիլագործներին փոխանցել են իտալացի մասնագետները: Ֆաբրիկայում աշխատելու մթնոլորտը հաճելի է, ամեն ինչ լավ է՝ ասացին հայաստանցի տեքստիլագործները, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում ու ծանոթանում էր ֆաբրիկայում ստեղծված հնարավորություններին:
Իտալական «Սարտիս» ընկերության եւ «Ալեքս տեքստիլի համագործակցության արդյունքում է ծնվել «Սարտեքս»-ը` 2019-ի հունիսին: Ինչու է իտալական ընկերությունը նախընտրել Հայաստան գա՞լը . ընկերության սեփականատերն իտալահայ Գագիկ Սարուխանյանն է՝ ասաց «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրեն Մխիթար Աղաբեկյանը՝ ծանոթացնելով նորաստեղծ ընկերության հետ:

«Երկու տարի հետո կունենանք 2500 աշխատող: Միջին աշխատավարձի մասին՝ այս պահին ունենք երկու սանդղակ՝ 70 հազար եւ 100 հազար դրամ: Խոսքը զուտ աշխատավարձի մասին է՝ կարի փորձ չունեցող եւ ունեցողների համար: Այս պահին արդեն համագործակցում ենք «Գլորիա», «Սարտոն» եւ «Գրեյթ փարթներս» ընկերությունների հետ, որտեղ աշխատում են շուրջ 2000 աշխատակից: Այսինքն՝ կարելի է ասել, որ «Սարտիս» ընկերության պատվերների միջոցով Հայաստանում արդեն աշխատում է 2400 աշխատակից: Մի բան էլ կուզենամ ֆիքսել՝ այս 400 աշխատակիցները, որ մենք ունենք, մոտ 90 տոկոսը նոր բացված աշխատատեղեր են»:
«Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյան. «Մտահղացումը Սամվել Ալեքսանյանինն է, եւ մենք էլ հավաքվել ենք այս տանիքի տակ՝ չորս ընկերություններով: Քանի որ մեր պայմանագրերը բրենդների հետ են, բրենդները պահանջում են, որ արտադրանքը ուղիղ ուղարկենք իրենց»:
Գործադիր տնօրենները նաեւ պատմեցին ընկերությունների հետագա ծրագրերի ու նպատակների մասին: Արտադրական նորագույն տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում կբերի ավելի լավ եւ արժանապատիվ տեքստիլ արդյունաբերություն՝ համոզված է Մխիթար Աղաբեկյանը: Ասաց, որ իրենց նպատակն ու գործելաոճը լուծելու է մի խնդիր՝ այն, որ «Made in Armenia» տարբերանշանը որակի երաշխիք դառնա ողջ աշխարհում, իսկ արտասահմանյան ընկերությունները Հայաստան գան ոչ թե նրա համար, որ այստեղ կարող են գտնել էժան աշխատուժ, այլ որովհետեւ հայ մասնագետները կարող են ապահովել ու երաշխավորել որակ:




